Օրերս Ազգային ժողովը լսեց «Հանրային հեռուստատեսության 2011 թվականի գործունեության վերաբերյալ» Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը
Երկու կարծիք լինել չի կարող, որ սա ներկայիս կարեւորագույն հարցերից է։ Մեր երկիրը արդեն շուրջ 20 տարի ներքաշված է տեղեկատվական պատերազմի մեջ եւ գնալով ավելի ու ավելի պարզ է դառնում, որ այդ պատերազմը վարում է ոչ միայն թուրք-ադրբեջանական քարոզչական մեքենան, այլեւ մեր տան մեջ ծվարած, օտարի պատվերները կատարող գրանտակեր լոբբիստական համքյարները` բարձր տեխնոլոգիական հագեցվածությամբ իրականացվող իրենց հակահայկական տեղեկատվական ու ապատեղեկատվական հարձակումներով:
Երբ փորձում ես խորամուխ լինել այս երեւույթի մեջ, իսկույն բացահայտում ես, որ դա խիստ համակարգված է: Ուստի կարծում եմ, որ բնավ էլ չանտեսելով մեր զանգվածային տեղեկատվության միջոցների եւ, մասնավորապես, Հանրային հեռուստատեսության գործունեության մյուս բոլոր, ոչ պակաս էական եւ հաճախ շտկման կարոտ կողմերը, հարկավոր է ուշադրությունը բեւեռել մի շարք անհետաձգելի հարցերի վրա, որոնց մասին, ի դեպ, մենք առիթ ենք ունեցել ասելու խորհրդարանի ամբիոնից:
Երբ մի ընդհանուր հայացք ես նետում Հանրային հեռուստատեսության եթերին, անմիջապես հարցեր են ծագում, թե ի՞նչ կերպ, ի՞նչ որակով ու հետեւողականությամբ ենք իրականացնում մեր հակաքարոզչությունը, մասնավորապես, արդյոք համոզիչ հակահարված է տրվում Թուրքիայի վարչապետի կամ Ադրբեջանի նախագահի այն թունոտ հայտարարություններին, թե հանձին Հայաստանի գործ ունենք աղքատ ու պառակտված երկրի հետ, որից մարդիկ փախչում են, եւ որ եթե հայերը չեն ուզում կործանվել, պիտի փոխեն իրենց քաղաքականությունը, շնչահեղձ չլինելու համար պետք է Լեռնային Ղարաբաղը կամովին հանձնեն Ադրբեջանին եւ այլն, եւ այլն:
Սրան եւ նման վայրահաչություններին Հանրային հեռուստատեսությունը եթե անդրադառնում էլ է, ապա դեպքից դեպք եւ առանց անհրաժեշտ խորության:
Մեկ այլ հարց. կարո՞ղ են բավարարել այն հեռուստահաղորդումները, որոնք նվիրվում են մեր զոհված ազատամարտիկներին, արդյոք նրանց ընտանիքների շուրջ ստեղծվո՞ւմ է խորը հարգանքի ու երախտապարտության մթնոլորտ, էլ չենք ասում նրանց կարիքները մշտապես հոգալու մասին։
Կարո՞ղ ենք վստահորեն պնդել, թե հեռուստաեթերը նպաստում է, որպեսզի Արցախյան պատերազմի մարտիկներն ընկալվեն եւ ընդօրինակվեն իբրեւ այսօրվա հերոսներ, անձնվեր հայրենասերներ: Եվ առհասարակ. մեր հեռուստատեսությանը հաջողվո՞ւմ է կերտել ժամանակակից հայ մարդու տպավորիչ, ոգեւորող կերպար, որին յուրաքանչյուրս կուզենար նմանվել, այդ օրինակով սերունդներ դաստիարակել:
Մինչդեռ այդպիսի կերպարներ մեզանում որքան ուզեք եւ ցանկացած բնագավառում` գիտություն, սպորտ, գրականություն եւ արվեստ, դպրոց, վերջապես բանակ…
Կամ` բազմաթիվ հեռուստասերիալներից, այդ թվում՝ նաեւ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող, քանի՞սը կարող ենք թվել, որոնք ծառայում են ավանդական հայկական ընտանիքների, նրանց մշակած բարքերի պրոպագանդմանը: Չէ՞ որ Հայաստանը իր բազմադարյան պատմության ընթացքում դիմագրավել է ճակատագրի բոլոր մարտահրավերներին, նաեւ ամուր ընտանիքներ ստեղծելու, պահպանելու եւ պաշտպանելու շնորհիվ:
Եվս մեկ հռետորական հարց. մեր եթերը կարողանո՞ւմ է հայկական ավանդական կուսակցությունների անցյալ ու ներկա գործունեությունը ներկայացնել ոչ միայն շեշտերը բացասականի վրա դնելով, այլեւ ընդգծելով նրանց համախմբված աշխատանքի շնորհիվ ձեռք բերվածը` հանրությանը, մասնավորապես քաղաքական դաշտի մերօրյա գործիչներին հուշելով, թե այ՛, տեսե՛ք, երբ գործը միասնաբար է արվել, ծնվել ու ծնվում են դրական արդյունքներ: Նույնիսկ հաղթանակներ: Հիշենք, թեկուզ, 1978-ի Լիբանանը, Հայապահպանության ջանքերը, այսօրվա Սիրիան… էլ չենք ասում Արցախյան ազատամարտը…
Այս ամենի հետ մեկտեղ, ի վերջո, մենք կարո՞ղ ենք ասել, թե այն, ինչ տեսնում ենք հեռուստաեթերում, նպատակամետ, ամբողջապես համակարգված բնույթ ունի, եւ որ բոլոր ճիգերը` ուղղակի թե անուղղակի, ուղղված են մեկ գլխավոր խնդրի` հայոց պետականության ամրապնդմանը:
Կարո՞ղ ենք ասել, թե բոլոր այն քայլերը, որոնք սասանում են մեր պետականությունը, քննում ու քննարկում ենք առանց չարության, առանց որեւէ մեկին վիրավորելու, այլ, ընդհակառակը, համոզելով, որ շատ ճիշտ եւ լավ կլիներ թե՛ ինձ, թե՛ քեզ, թե՛ ամենքի համար, եթե դրսեւորվեր հայ մարդուն հարիր անկեղծ, շահագրգիռ վարվելակերպ, պահվածք, որ սերունդների մեջ սերտ կապ ստեղծվեր, որ մերժվեին նրանք, ովքեր սեփական խիզախության դրսեւորում են համարում, ասենք, մեր կյանքի վերջին 70 տարվա հախուռն, համատարած պախարակումը:
Հայկական հեռուստաեթերը լուրջ անելիքներ ունի համաշխարհային մշակութային կոթողներին երիտասարդությանը հաղորդակից դարձնելու, ազգային ճշմարիտ արժեքները պրոպագանդելու խնդրում. չէ՞ որ դրանցով է դարեր շարունակ կերտվել հայոց քաղաքակրթությունը:
Վերջապես մեզ հարկավոր է դաստիարակել նոր ժամանակների հայ մարդու, որն իրեն հավասարապես ազատ ու հպարտ զգա ցանկացած միջավայրում, ցանկացած լսարանում, լինի դա Արեւմուտքում թե Արեւելքում:
Շատ կարեւոր է հաղորդակցվել Հայաստանի հարեւան ժողովուրդների մտավոր ժառանգությանը, խրախուսել հենց նույն Թուրքիայի այն գործիչներին, որոնք այսօր այդ երկրում թեեւ փոքրամասնություն են, սակայն ընդունում են, որ եղել է Հայոց ցեղասպանություն եւ դատապարտում են եղեռնը, պաստառներով դուրս են գալիս Ստամբուլի փողոցներ` վանկարկելով` «Բոլորս Հրանտ Դինք ենք»: Այդ արդարամիտների շուրջ հարկավոր է հեռուստատեսությամբ համապատասխան կարծիք ձեւավորել, որպեսզի միջազգային կառույցների ամբիոններից զանազան լոբբիստներ չասեն, թե հայերը նույնպես ատելություն են սերմանում հանդեպ թուրքերը:
Այս եւ նման հարցերը, եթե ամփոփենք, ապա կհամոզվենք, որ դրանք որոշակի վերաբերում են պետական անվտանգությանը եւ պահանջում են տարբեր ոլորտների գիտակ, իրազեկ մասնագետների համագործակցություն` խնդիրները վերլուծելու, դրանց համակարգված լուծումներ տալու նպատակով:
Ընդ որում` նախեւառաջ պետք է ճշգրիտ որոշվեն այն մարտահրավերները, որոնք ծառացած են երկրի առջեւ: Եվ ապա` անհրաժեշտ է հնարավորինս կանխատեսել քաղաքակիրթ աշխարհի այսօրվա եւ վաղվա զարգացումները, դրանց հնարավոր հետեւանքները տարածաշրջանի եւ մեր երկրի համար եւ ըստ այդմ մշակել նաեւ Հանրային հեռուստատեսության անելիքները, ուր հստակ տեղ պիտի գրավեն Հայաստանի եւ իր ռազմաքաղաքական դաշնակիցների, բարեկամ երկրների հետ հարաբերությունների պարզաբանումն ու պրոպագանդումը:
Ի դեպ, թող տպավորություն չստեղծվի, թե մենք միտումնավոր անտեսում ենք այն դրականը, որը վերջին տարիներս առկա է Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի աշխատանքում: Մասնավորապես պիտի նշեմ, որ լինելով ընդդիմադիր Ազգային միաբանություն կուսակցության ղեկավար, տարիներ շարունակ ընդհանրապես մուտք չունեի Հանրային հեռուստաեթեր, մեր միջոցառումների մասին եթերում, հատկապես «Հայլուրում», տեսնում էինք լրատվություն, որը միայն զարմանք ու տարակուսանք էր հարուցում, թե ինչպես կարելի էր աղավաղել ամեն նպատակ ու բովանդակություն:
Միակ միջոցը, որով կարողանում էինք մեր մտքերը, տեսակետները հեռուստաեթերում ժողովրդին հասցնել, այն էլ առանց մշուշման ու ռետուշի, դա «Խորհրդարանական ժամն» էր եւ ԱԺ-ում հնչեցվող հայտարարությունները:
Հիմա, 2007 թվականից ի վեր, ակնհայտ են զգալի դրական տեղաշարժեր հատկապես ընդդիմության աշխատանքները լուսաբանելու առումով: Հուսանք, որ նման հանդուրժողությունը կլինի տեւական ու մշտական: Եվ ոչ միայն պաշտոնական եթեր-ընդդիմություն փոխհարաբերություններում: Դա խիստ անհրաժեշտ է հենց իրեն` Հանրային հեռուստատեսությանը, իր իսկ շահերի տեսակետից: Հասարակությունը նրանից շատ սպասելիքներ ունի, ունի նաեւ պահանջներ թե՛ բովանդակության եւ թե՛, ոչ պակաս, ասելիքի մատուցման, մարմնավորման տեսակետից:
Թող մեր այս անդրադարձը Հանրային հեռուստատեսության խորհրդի հաղորդման կապակցությամբ լինի ոչ վերջինը եւ օգտակար երկուստեք…
ԱԺ պատգամավոր