Հատված ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հարցազրույցից:
–Ճի՞շտ է, որ քաղաքական մեծամասնությունը մտադիր է երկրորդ փոխվարչապետի «հաստիք» ստեղծել, եւ պատրաստվում է դա անել սահմանադրական փոփոխությունների ճանապարհով։
-Ընդհանրապես քաղաքականության մեջ շատ բան է հնարավոր, քաղաքականությունն ինքը հնարավորի արվեստ է, բայց գործադիրի նիստում սահմանադրական փոփոխությունների հարց չի քննարկվել։
–Վարչապետը երեկ չբացառեց «նոր համաձայնագրերի» ստորագրման հավանականությունը՝ նկատի ունենալով գործող նախագահին սատարելու շուրջ ՀՀԿ–ԲՀԿ հնարավոր համաձայնությունը։ Այս մասին ի՞նչ կասեք։
-Մի բան կարող եմ ասել՝ այդ խնդրի շուրջ ՀՀԿ-ում նույնպես քննարկումներ չեն եղել։
–Կարելի՞ է արձանագրել, որ Եվրոպական դատարանը փակեց 2008թ. նախագահական ընտրությունների «կեղծված լինելու» թեման՝ մերժելով Տեր–Պետրոսյանի դիմում–բողոքում ամրագրված 8 կետանոց «մեղադրական եզրակացության» 6 առանցքային կետերը։
-Իրավական առումով՝ թերեւս, այո, իսկ քաղաքական եւ այլ առումներով չեմ բացառում, որ ձեր նշած գործչի շրջապատում էլի կգտնվեն մարդիկ, որոնք կշարունակեն առաջնորդվել «արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին» սկզբունքով։
Շատ կարեւոր է, իհարկե, որ Եվրոպական դատարանը նման որոշում կայացրեց, բայց անկախ Եվրոպական դատարանի որոշումից, որեւէ մեկը չի կարող պնդել, թե 2008-ի ընտրությունները արդար չեն եղել կամ հակասել են Հայաստանի օրենքներին եւ սահմանադրությանը։
Իհարկե, եղել են որոշակի խնդիրներ, որոնք, սակայն, չէին կարող ազդել եւ չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Ավելին՝ որեւէ միջազգային դիտորդական կազմակերպություն իր եզրակացության մեջ հարցականի տակ չի դրել ընտրությունների արդյունքները։ Սա՝ առաջին։
Երկրորդ՝ 4-5 տարվա վաղեմության դեպքերին վերադառնալը, առավել եւս, այդ հարցը Եվրոպական դատարանի քննարկման առարկա դարձնելը որեւէ մեկին դիվիդենտներ չի բերում, հատկապես առաջին նախագահին։ Ի վերջո, ժամանակը ցույց տվեց՝ ով ինչի է ընդունակ, եւ ում է վստահում հասարակության գերակշիռ մեծամասնությունը. այս տարիների ընթացքում տեսանք, որ չնայած բազմաթիվ խնդիրներին, Հանրապետական կուսակցությունը համոզիչ հաջողության հասավ թե՛ ավագանու, թե՛ խորհրդարանական, թե՛ ՏԻՄ ընտրություններում։ Այն դեպքում, երբ նույն ՀԱԿ-ի ներկայացուցիչների մի ստվար հատված լքեց այդ կառույցը, եւ այսօր ունենք այն, ինչ ունենք։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
«Հայոց աշխարհ»