Ինչո՞ւ են Հայաստանում դեղերն այսքան թանկ։ Եթե համեմատելու լինենք Այեւելյան Եվրոպայի երկրների հետ, ապա այնտեղ նույն դեղերը կարող են մի քանի անգամ ավելի էժան լինել, քան Հայաստանում։
Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ դեղերի ներկրմամբ զբաղվող համեմատաբար խոշոր ընկերություններից մեկի՝ «Վագա ֆարմի» սեփականատեր Վահե Վարսանյանից։ Դեղերի՝ հայկական շուկայի մասին նրա ներկայացրած պատկերից պարզ է դառնում, որ հիմնական խնդիրը մրցակցության բացակայությունն է։ Եւ սա հասկանալու համար պետք է պատկերացում կազմել, թե ինչ սխեմաներով է դեղն արտադրողից հասնում հայաստանցի սպառողին։ Մինչեւ վերջերս գործում էր հետեւյալ պրակտիկան։ Ներկրողը կամ արտադրողը Հայաստանում գրանցում էր X դեղը, որից հետո սկսում էր ներկրել։ Ուրիշ ընկերություն այդ դեղն այլեւս չէր կարողանում ներկրել, քանի որ գրանցվում էր ոչ միայն բուն դեղը, այլ նաեւ դրա տուփի վրայի գրառումները։ Օգտվելով այն հանգամանքից, որ այլ տուփով
նույն դեղը չի ներմուծվի Հայաստան, ներկրողը ՀՀ ներկրվելիք ամբողշ քանակության տուփի վրա օրիգինալ գրառումներ էր պատվիրում: Այդպիսով, որեւէ այլ տնտեսվարող այդ նույն X դեղն այլ երկրից չէր կարողանում ներկրել։ Այդպիսով հաստատվում էր մենաշնորհ, որն էլ, բնականաբար, հանգեցնում էր դեղերի աննորմալ թանկացման՝ ներկրողը սրտի ուզած գինը դնում էր այդ դեղի վրա։ Այս սխեման գործում էր տարիներ շարունակ։
2010 թվականի մարտին ՀՀ կառավարությունը փոփոխություն կատարեց դեռ 2000 թվականին ընդունված մի որոշման մեջ, որով կանոնակարգվում էր վերը նշված սխեման։ Փոփոխության արդյունքում դաշտը պետք է էականորեն ազատականացվեր։ Այսինքն, եթե վերը նշված X դեղը մինչ այդ ներկրում էր մեկ ընկերություն, ապա մեկ այլ ընկերություն նույն այդ դեղը՝ այլ փաթեթավորմամբ կարող էր ձեռք բերել նույն արտադրողից եւ ներկրել։ Սակայն, ինչպես նշում է Վահե Վարսանյանը, չնայած մի քանի հաջող օրինակների, երբ նույն դեղից սկսեցին ներկրել մի քանի տնտեսվարողներ, ու որոշ դեղերի գներ կտրուկ նվազեցին, շուկան ազատականացնող այդ որոշումը շատ դեպքերում գործնականում չի կիրառվում։
Վարսանյանը ներկայացրեց մի օրինակ, որը կապված է հենց իրենց ընկերության հետ։ Ամիսներ առաջ «Վագա ֆարմը» Հայաստան է ներկրել հայտնի «Coldrex» դեղամիջոցը, որը մոտ 40 տոկոսով ավելի էժան կլիներ մեր շուկայում արդեն վաճառվող նույն դեղամիջոցից։ Սակայն, այդ խմբաքանակի տուփերի վրա եղել է մեկ ավելացված բառ՝ «hotrem», որը ոչ մի կապ չունի դեղամիջոցի բաղադրություն հետ։ Բաղադրությունը ճիշտ նույնն է, ինչ մեր շուկայում արդեն վաճառվող «Coldrex»-ինը։ Բայց այս պատճառաբանությամբ ՀՀ առողջապահության նախարարությունն արգելել է այդ դեղամիջոցի մուտքը շուկա, եւ ներկրման օրվանից ամբողշ խմբաքանակը մաքսային պահեստում է։ «Վագա ֆարմը» դատի է տվել նախարարությանը եւ առաջին ատյանում շահել դատը:
Վերջերս ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը մամուլում հայտարարել է, թե իրենք դիմելու են վերաքննիչ դատարան։ «Թույլ չենք տալու, որ նախադեպ ստեղծվի»,- ասել է Քրմոյանը։ «Ի՞նչ է նշանակում «թույլ չենք տալու»,- բարկանում է Վահե Վարսանյանը։ «Դատարանում մենք հաղթել ենք, որովհետեւ առողջապահության նախարարությունը ակնհայտ ապօրինություն է թույլ տվել։ Մեր ներկրած դեղի պիտանելիության ժամկետն ավարտվում է հաջորդ տարի։ Ու երբ հաղթենք նաեւ վերաքննիչում, Քրմոյանը կխմի՞ մեր ներմուծած «Coldrex»-ի ամբողջ խմբաքանակը՝ 10 հազար հատ»,- հռետորական հարց է հնչեցնում «Վագա ֆարմի» ղեկավարը։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Հայկական ժամանակ»