11 հոգանոց բրիգադը շինհրապարսպում չպետք է լիներ, քանի որ շինարարության թույլտվությունը քաղաքապետարանի կողմից դադարեցվել էր։ Քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանից տեղեկացանք, որ «Մանկական զվարճալիքների կենտրոն» եւ «Լենա Թովմասյան» ՍՊԸ-ներին շինարարության թույլտվությունը տրվել է 2009- ի դեկտեմբերի 23-ին, այսինքն՝ շինարարությունն ապօրինի չէ, սակայն խախտվել են շինարարական աշխատանքների իրականացման ժամկետները։ 2011-ին կազմակերպությունը դիմել է քաղաքապետարան՝ շինարարական աշխատանքների իրականացման ժամկետները երկարացնելու համար, եւ ստացել թույլտվությունը, սակայն վերջերս քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունը, շրջայցի արդյունքում ստուգելով փաստաթղթերը, պարզել է, որ շինարարական աշխատանքների ժամկետը լրացած է, այսինքն՝ այդ երկարացված ժամկետն էլ է սպառվել, իսկ շինարարությունը դեռ անավարտ է։ Գեւորգյանի խոսքով, անմիջապես դադարեցվել է շինարարությունը, արձանագրություն է կազմվել, եւ այդ կազմակերպությունը 2 միլիոն 200 հազար դրամով տուգանվել է։ Ընկերությունը տուգանքը վճարել է, սակայն կրկին չի երկարացրել շինարարական թույլտվության ժամկետը՝ շարունակելով շինարարությունը։ Թե ինչու չեն երկարացրել ժամկետները, «Մանկական զվարճալիքների կենտրոն» եւ «Լենա Թովմասյան» ՍՊԸ-ներից մեզ չհաջողվեց պարզել։ Շինարարությունն իրականացնող ընկերությունից՝ «Չիլինգարյան դիզայն եւ շինարարություն» ՍՊԸ-ից եւս որեւէ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հրապարակ»