Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսայինը աչք է փակել համաշխարհային շուկայում գների աճի վրա

Հոկտեմբեր 26,2012 10:47

Հայաստանի ցորենի և ալյուրի շուկայի գերիշխողները համաշխարհային շուկայում գների աճի պայմաններում «էժան» ցորենի տեղ են արել, ինչի հետևանքով պետբյուջեն $2,5 մլն-ի վնաս է կրել։ Երրորդ եռամսյակում համաշխարհային շուկայում ցորենը թանկացել է 26%-ով, Հայաստան ներկրված ցորենի մաքսային միջին արժեքն այս ընթացքում բարձրացել է ընդամենը 5%-ով։

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տվյալների համաձայն՝ այս տարի Հայաստան է ներկրվել 390 հազ. տոննա ցորեն՝ 1 տոննան $257 միջին մաքսային արժեքով։ Եվ սա այն դեպքում, երբ անցած տարվա ինն ամիսներին ներկրված ցորենի ծավալը կազմել է 276,5 հազ. տոննա, իսկ 1 տոննայի միջին մասքային արժեքը՝ $254։ Ուշագրավ է, որ այս հունվար-սեպտեմբերին ավելի շատ ցորեն է ներկրվել, քան ամբողջ 2011թ. (ընդհանուր առմամբ՝ 356 հազ. տոննա)։

Հիմք ընդունելով ՊԵԿ-ի տվյալները՝ համաշխարհային շուկայում 1 տոննա ցորենն այս տարվա ինն ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թանկացել է $3-ով կամ 1,2%-ով։ Սակայն եթե անցած տարվա հունվար-սեպտեմբերին ցորենի համաշխարհային միջին գինը կազմել է $220/1 տոննա, այս տարվա ինն ամիսներին՝ $240/1 տոննա։ Ստացվում է, որ համաշխարհային շուկայում և մասնավորապես Ռուսաստանում ցորենի գնի 9% բարձրացման պայմաններում Հայաստանի մաքսավորներն արձանագրել են գների ընդամենը 1,2% աճ։

Մյուս ուշագրավ փաստն այն է, որ այս տարվա երրորդ եռամսյակում Հայաստան է ներկրվել 181 հազ. տոննա ցորեն՝ $264/1 տոննա միջին մաքսային արժեքով։ Սա այն դեպքում, երբ Ռուսաստանի Հարավային դաշնային շրջանում, որտեղից և հիմնականում ներկրվում է ցորենը, հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածում երրորդ տեսակի ցորենի նվազագույն միջին գինը եղել է $230/1 տոննա (հունիսի 3-ին), առավելագույնը՝ $290/1 տոննա (սեպտեմբերի վերջին)։ Եթե երրորդ եռամսյակում ցորենը Ռուսաստանում թանկացել է 26%-ով, ապա նույն ժամանակահատվածում Հայաստան ներկրված ցորենի մաքսային արժեքն ավելացել է ընդամենը 5%-ով։

Եթե հաշվի առնենք, որ 1 տոննա ցորենի ներկրման տրանսպորտային ծախսերը տատանվում են $70-100-ի սահմաններում (տրանսպորտային ծախսերը ներառվում են մաքսային արժեքում), ապա ստացվում է, որ հայ գործարարները Ռուսաստանում 1 տոննա ցորենը գնել են առնվազն $194/1 տոննա գնով։ Ցորենի նման գին Ռուսաստանում չի եղել։

Ընդ որում՝ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստան ներկրված ցորենի մաքսային արժեքը զգալիորեն ավելի ցածր է համաշխարհային շուկայում միջին գներից։ Տնտեսավարողներն ամենայն հավանականության ներկայացնում են կեղծ հաշիվ-ապրանքագրեր՝ ցորենի ձեռքբերման ցածր գնով, իսկ մաքսային ծառայությունները պարզապես աչք են փակում դրա վրա։

Հայաստանում ցորենի ալյուրի շուկայի մոտ 82%-ը կենտրոնացված է երկու՝ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» (շուկայում մասնաբաժինը՝ 47,3%) և «Մանանա Գրեյն» (մասնաբաժինը՝ 34,4%) ընկերությունների ձեռքում։

Հայաստանում ցորենն ազատված է մաքսատուրքից, սակայն ներկրողը սահմանին վճարում է ԱԱՀ (դրույքաչափը՝ 20%), որի հաշվարկման համար հիմք է ընդունվում մաքսային արժեքը։ Հիմք ընդունելով Ռուսաստանում ցորենի միջին գինը երրորդ եռամսյակում, ինչպես նաև Հայաստան ներկրված ցորենի մաքսային արժեքն ու ծավալները՝ միայն ԱԱՀ-ի մասով մոտավոր հաշվարկներով պետբյուջե չի մուտքագրվել $2,5 մլն։

Ուշագրավ է, որ թեև Հայաստան ներկրվել է էժան ցորեն, ալյուրը վերջին եռամսյակում թանկացել է մոտ 10%-ով, հացամթերքը՝ միայն սեպտեմբերին անցած տարվա նույն ամսվա համեմատ՝ 7,1%-ով։ Բոլոր այս թանկացումները տնտեսավարողները հիմնավորել են համաշխարհային շուկայում գների աճով։

CIVILNET

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031