Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մասոն լինելով, պատկերացում չունի մասոնության մասին

Հոկտեմբեր 26,2012 10:25

Մասոնների վերաբերյալ ԶԼՄ-ներում օրերս հայտնված տեղեկատվությունն ուշագրավ է առնվազն երկու առումով: Նախ, ըստ այդ տեղեկատվության, Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում շուտով կայանալիք աշխարհի հայ մասոնների հավաքում քննարկվելու է ՀՀ առաջիկա նախագահական ընտրությունների հարցը, այսինքն` մասոնները որոշելու են, թե ով է լինելու իրենց թեկնածուն, ում են սատարելու: Եվ երկրորդ` Մասոնների գերագույն հայոց օթյակի («Ազատ քարտաշների գերագույն օթյակ») հավաքի «ազդեցիկ դեմքերն են համարվում հայտնի իրավաբան Արմին Ջանյանը` ԱՄՆ-ից, ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը, տարբեր այլ քաղաքական դեմքեր»:

Պակաս ուշագրավ չեն նաև վերոնշյալի կապակցությամբ «Իրավունք- Հետաքննություն» թերթի հոկտեմբերի 24-25-ի համարում հրապարակված ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի պարզաբանումները: Ցավոք, դրանք ինձ տխրեցրին, ինչ-որ առումով հիասթափեցրին ու տեղիք տվեցին լուրջ մտորումների: Ինչո՞ւ…

Ռուբեն Գևորգյանցին անձամբ ծանոթ չեմ, ճանաչում եմ հեռակա կարգով` ԶԼՄ-ներում հրապարակված նրա խոսքով` ելույթներով, պարզաբանումներով, նրա հետ հարցազրույցներով: Դրանցից բոլորին չէ, որ ծանոթ եմ, բայց այնքանով, որքանով կարդացել ու լսել եմ, Ռուբեն Գևորգյանցը խելացի մարդու, երբեմն էլ նույնիսկ ազգային մտածողության տեր անձնավորության, կարգին հայի տպավորություն է թողել ինձ վրա:

Տարբեր տեղերից շատ եմ լսել, որ նա մասոն է, բայց չեմ հավատացել կամ չեմ ուզեցել հավատալ այդ լուրերին, համարել եմ բամբասանք: Սակայն հիմա, իր վերոնշյալ պարզաբանումներում Ռ. Գևորգյանցը չի հերքում դա, հակառակը` հաստատում է, հընթացս էլ անուղղակիորեն գովազդում մասոններին` նրանց ներկայացնելով բարեգործներ. «Մենք զբաղված ենք բարեգործությամբ, օգնում ենք, տարբեր իրեր ենք գնում, օրինակ, համակարգիչներ` դպրոցների համար: Եվ նմանատիպ գործունեություն ենք ծավալում»:

Այն, որ մասոնական համակարգի կառույցներ համարվող «Ռոտարի» ակումբները (դրանք մասոնական օթյակներ չեն) հասարակությանը ներկայանում են որպես բարեգործությամբ զբաղվողներ, նորություն չէ, բայց վերջին շրջանում իբրև բարեգործներ են հանդես գալիս նաև մասոնական աստիճանակարգության ստորին օղակներում գտնվող կառույցները: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ խորը գաղտնիության պայմաններում գործող համաշխարհային մասոնությունը փորձեց երևութականություն ստեղծել, թե այնքան էլ գաղտնի ու սարսափելի չեն, և մասոնական աստիճանակարգության ստորին օղակներում գտնվող կառույցներին թույլատրվեց կամ հրահանգվեց փոքր-ինչ թափանցիկ գործելակերպ, որոշներն էլ, ամենայն հավանականությամբ, ստեղծվեցին հատուկ այդ նպատակով:

Ոչ ոք չի ժխտում, որ մասոնական այն օթյակը, որում ընդգրկված է Ռուբեն Գևորգյանցը, դպրոցներին նվիրել կամ պատրաստվում է նվիրել համակարգիչներ (թեև հետաքրքիր է պարզել, թե որ դպրոցներին…), բայց չափազանց դժվար է հավատալ, թե օթյակի գործունեությունը սահմանափակվում է սոսկ դրանով: Եթե նույնիսկ պատկերացնենք, որ բարեգործությունը սոսկ շղարշ չէ տվյալ օթյակի բուն գործունեությունը թաքցնելու, ապա կասկած չունենք, որ այդ օթյակի ստեղծման նպատակն ու առաքելությունը հասարակության մեջ մասոնության վերաբերյալ եղած պատկերացումները ցրելն է:

Ըստ Ռ. Գևորգյանցի, վերոնշյալ «հավաքը 20 օր առաջ արդեն եղել է», «Ներքին հարցեր են քննարկվել, որոնք ոչ մի կապ չունեն տարածված լուրերի հետ»: Պատասխանելով լրագրողի հարցին, Ռ. Գևորգյանցն ասել է նաև, թե «Մասոնները ոչ մի կապ չունեն նախագահական ընտրությունների հետ, որովհետև, ըստ մասոնական օրենքի, իրենք իրավունք չունեն խառնվելու պետության քաղաքական, տնտեսական գործերին»:

Հնարավոր է, որ ավելի քան 20 օր առաջ տեղի ունեցած հայ մասոնների հավաքում նախագահական ընտրությունների հարցն իսկապես չի քննարկվել, թերթի զրուցակցին չհավատալու հիմք չունենք (այդ հավաքին ներկա չենք եղել, ձայնագրությունը չունենք), սակայն պարոն Գևորգյանցի ասածը, թե մասոններն իրավունք չունեն խառնվելու պետության քաղաքական ու տնտեսական գործերին, կարող է գիտակ մարդկանց ծիծաղը հարուցել, քանի որ համաշխարհային քաղաքականությունն ու տնտեսությունը գրեթե ամբողջապես մասոնների ձեռքում է: Հետևաբար կարող ենք եզրակացնել, որ Ռ. Գևորգյանցը կամ տվյալ հարցում անկեղծ չէ, կամ էլ մասոն լինելով, պատկերացում չունի, թե ինչ է իսկական մասոնությունը: Բացառված չէ, որ նա իսկական մասոն չէ կամ առայժմ դեռ այդպիսին չէ, պարզապես մասոն է անվամբ, այդպիսին է համարվում, այսինքն` ոմանք նրան մասոնական օթյակի շարքերն ընդգրկելով, նրա անունը, կապերը կամ հնարավորություններն օգտագործելու կամ այլ նպատակ են ունեցել:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Հայացք» օրաթերթ   

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031