Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուսումնասիրվել են հացադուլ հայտարարած «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող 2 դատապարտյալի եւ նախնական կալանքի տակ գտնվող 2 մեղադրյալի անձնական գործերը

Հոկտեմբեր 25,2012 23:04

ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով ուսումնասիրվել են հացադուլ հայտարարած «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող 2 դատապարտյալի եւ նախնական կալանքի տակ գտնվող 2 մեղադրյալի անձնական գործերն ու առաջադրված մեղադրանքները: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ  հացադուլ են հայտարարել մասնավորապես դատապարտյալներ  Կարեն Թառոյանը,  Սերոբ Մխիթարյանը եւ մեղադրյալներ  Վարդան Դեմիրճյանն ու Արթուր Խաչատրյանը:

Պարզվել է, որ ձախ ձեռքի ճկույթի միջին հատվածը կտրել է դատապարտյալ  Կարեն Թառոյանը, ով դատապարտվել է կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ: Այսպես՝

Երեւան քաղաքի  Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 10.01.2006թ. դատավճռի համաձայն՝ Արմավիրի մարզի բնակիչ Կ.Թառոյանը 2005 թվականի մայիսի  սկզբներին տեղափոխվել է Երեւան եւ աշխատել  «Խ.Համբարյան եւ ընկերներ» ՍՊԸ-ում, որտեղ նույն հերթափոխում աշխատել է նաեւ Իրինա Անանյանը: 2005 թվականի  մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը՝ նրանց հերթափոխի ժամանակ,  տնօրենի աշխատասենյակի չհրկիզվող պահարանից կատարվել է գողություն, որի մեջ ընկերության աշխատակիցները մեղադրել են Ի.Անանյանին եւ Կ.Թառոյանին՝ պահանջելով գումարը մինչեւ 29.05.2005թ.՝ ժամը 10-ը, վերադարձնել:  Մայիսի 29-ին՝ ժամը 03-ի սահմաններում,  Կ.Թառոյանը Ի.Անանյանին դուրս է բերել տանից, տարել թիվ 109 դպրոցի բակ, որտեղ  մետաղական խողովակով բազմաթիվ մարմնական վնասվածքներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պահանջելով խոստովանել գողություն կատարելու հանգամանքը: Ի վերջո, Ի.Անանյանը ընդունել է, որ ինքն է կատարել եւ խոստացել գումարը վերադարձնել, որից հետո միայն Կ.Թառոյանը նրան տարել է տուն: Ստացած մարմնական վնասվածքներից  Ի.Անանյանը նույն օրը՝ ժամը 07-ի սահմաններում, տանը մահացել է: Ժամը 09-ի սահմաններում Կ.Թառոյանը Աննա Ենոքյանի հետ գնացել է աշխատավայր եւ տնօրենին ու մյուս աշխատակիցներին ասել, որ գումարի տեղը իմանալու նպատակով ծեծել է Ի.Անանյանին, որի հետեւանքով վերջինս մահացել է: ԱպաԿ.Թառոյանը դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին եւ խոստովանել կատարածը: Կ.Թառոյանը խոստովանական ցուցմունքներ է տվել նաեւ դատարանում եւ դատապարտվել ազատազրկման՝ 9 տարի 1 ամիս ժամկետով: Երեւան քաղաքի  Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 10.01.2006թ. դատավճիռը չի բողոքարկվել: 5 տարի հետո՝ 2011 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Կ.Թառոյանը դիմում-մեղայական է ներկայացրել, ապա բացատրություն տվել, թե Ի.Անանյանին ինքը չի ծեծել, այլ նա ծեծի է ենթարկվել այլ անձանց կողմից՝ նշելով երեք մարդու անուն եւ թե հենց նրանց խնդրանքով է իր վրա վերցրել Անանյանին ծեծելու պատասխանատվությունը:

Դիմումի-մեղայականի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության կողմից 2011 թվականի դեկտեմբերի 21-ին որոշվել է նոր երեւան եկած հանգամանքներով վարույթ հարուցել, որի քննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարության առընթեր ոստիկանության  քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը: Քննության ընթացքում հայտնաբերվել են Կ.Թառոյանի կողմից մատնանշված անձինք, ովքեր հերքել են Անանյանին ծեծի ենթարկելու հանգամանքը: Ավելին՝ Կ.Թառոյանը հրաժարվել է առերես հարցաքննություններից եւ 15.02.2012թ. ցուցմունք տվել, որ դիմում-մեղայականում նշած հանգամանքները սուտ են եւ իրականում ինքն է ծեծել Իրինա Անանյանին:

Պատիժը կրելու ընթացքում Կ.Թառոյանը հաշվառվել է որպես  ինքնավնասման հակում ունեցող դատապարտյալ, 20 անգամ ենթարկվել է կարգապահական տույժի: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի՝ 23.10.2012թ. նիստի որոշմամբ  հետագա պատիժը կրելու համար նրա նկատմամբ նշանակվել է «Գորիս» քրեակատարողական հիմնարկի փակ տիպը եւ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկից նա «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ էր տեղափոխվել՝ «Գորիս» ՔԿՀ ուղարկվելու համար, ինչի դեմ դատապարտյալը հայտնել էր իր անհամաձայնությունն ու դժգոհությունը՝ պահանջելով իրեն ուղարկել «Սեւան» քրեակատարողական հիմնարկ:

Սերոբ Մխիթարյանը Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության  ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած  31.05.2012թ. դատավճռով մեղավոր է ճանաչվել՝ անչափահասի ներգրավմամբ  Քաշաթաղի շրջանի  Բերձոր  քաղաքի բնակիչ Նորիկ Մանուչարյանի առանձնատնից գողություն կատարելու համար՝ դատապարտվելով ազատազրկման 6 տարի ժամկետով: 02.04.2012թ. ԼՂՀ Շուշի քաղաքի քննչական մեկուսարանից ստացվել է կալանավոր Սերոբ Մխիթարյանի խոստովանական բացատրությունը՝ Երեւան քաղաքի Տիգրան Մեծի փողոցի վրա գտնվող տարբեր տներից գողություն կատարելու վերաբերյալ: Ս.Մխիթարյանը մասնավորապես խոստովանել էր, թե 2009թ. հոկտեմբերի 6-ին ինքն է կատարել Երևանի Տ. Մեծի 3-րդ նրբանցքի 2-րդ տանից գրանցված գողությունը (նախաքննության տվյալներով գողության հետեւանքով տանտիրուհուն պատճառվել է շուրջ  11 084 560 դրամի գույքային վնաս՝ հափշտակելով 8 469 560 դրամին համարժեք 22 000 ԱՄՆ դոլար և 2 616 000 դրամ գումար), եւ եւս մի քանի այլ գողություն՝ Տիգրան Մեծ փողոցից: Նույն օրը  վերսկսվել է նշված գողության դեպքի առթիվ հարուցված և 06.08.2010թ կասեցված քրեական գործի վարույթը:

Շուշի մեկնածԵրեւան քաղաք քննչական վարչության քննիչը 10.04.2012թ. և 11.04.2012թ Շուշի քաղաքի քննչական մեկուսարանում Սերոբ Մխիթարյանին հարցաքննել է որպես վկա, որի ժամանակ նա խոստովանական ցուցմունքներ է տվել ընդհանուր հաշվով 7  տարբեր հասցեներից գողություն կատարելու վերաբերյալ՝ մատնանշելով փաստական հանգամանքները:

Երևան քաղաքի դատախազությունում 14.04.2012թ. ստացվել է Երեւան քաղաքի քննչական վարչության գրությունը` խնդրանքով  միջնորդել ԼՂՀ Շուշի քաղաքի քննչական մեկուսարանի կալանավոր Սերոբ Մխիթարյանին տեղափոխել Երևանի «Նուբարաշեն» ՔԿՀ` վերջինիս հետ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու համար: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բավարարել է Հայաստանի դատախազության միջնորդագիրը, եւ Ս.Մխիթարյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Նախաքննական մարմնին՝ ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչությանը՝ հանձնարարվել է ապահովել քրեական գործով օբյեկտիվ, բազմակողմանի եւ լրիվ քննությունը: Գողությունների դրվագով նախաքննությունը շարունակվում է:

Հացադուլ հայտարարած երրորդ  կալանավորը՝ Վարդան Դեմիրճյանը, մեղադրվում է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու,  գույքը դիտավորությամբ ոչնչացնելու եւ ապօրինի կերպով զենք ու ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և  235-րդ հոդվածի 1-ին մասով:

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 1999 թվականից սկսած Վարդան Դեմիրճյանը պարբերաբար այցելել է Երևան քաղաքի Աբովյան 3 հասցում գտնվող «Ալեն Էլեն» համալիրի դիսկոտեկ, որտեղ իր հերթական այցելությունների ընթացքում ծանոթացել է Գոհար Պետրոսյանի հետ: Վերջիններիս ծանոթությունը վերաճել է ընկերական փոխհարաբերությունների: 2011 թ   մարտ ամսին  «Ալեն Էլեն» համալիրի դիսկոտեկում վիճաբանություն է տեղի ունեցել Վարդան Դեմիրճյանի և Գոհար Պետրոսյանի միջև, որի պատճառով  համալիրի տնօրինությունն արգելել է վերջիններիս մուտքը դիսկոտեկ` նրանց մասնակցությամբ հնարավոր նոր անախորժություններից զերծ մնալու նպատակով: 2012 թ-ի մարտի 19-ին Գոհար Պետրոսյանը, զանգահարելով Վարդան Դեմիրճյանին, հայտնել է, որ 2011 թ-ի մարտ ամսին տեղի ունեցած միջադեպի պատճաով իր մուտքը ևս արգելված է «Ալեն Էլեն» համալիրի դիսկոտեկ: Վարդան Դեմիրճյանը խոստացել է լուծել այդ հարցը: Այդ նպատակով նա 2012 թ-ի մարտի 19-ին` ժամը 23-ի սահմաններում, «Ալեն Էլեն» համալիրի դիմաց հանդիպել է համալիրի սեփականատեր Վլադիմիր Բեջանյանին և համալիրի անվտանգության աշխատակից Կարեն Դավթյանին, որտեղ Գոհար Պետրոսյանի մուտքը նույն համալիրում գործող դիսկոտեկ արգելելու հարցի վերաբերյալ վիճաբանել է վերջիններիս հետ: Վ. Դեմիրճյանը սպառնացել է ու հեռացել: Երևան քաղաքի Ավան Առինջ թաղամասում գտնվող իր բնակարանից վերցնելով դեռևս 2007թ-ին ապօրինի կերպով ձեռք բերած և հիշյալ բնակարանում պահվող ռազմամթերք հանդիսացող «Ֆ-1» տեսակի նռնակը, 2012թ-ի մարտի 20-ին` ժամը 01-ի սահմաններում, վերադարձել է «Ալեն Էլեն» համալիր և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով նռնակը նետել հյուրանոցային համալիրի ուղղությամբ, ինչի արդյունքում այն պայթել է համալիրի 2-րդ հարկի նախասրահում և առաջացրել հրդեհ: Պայթյունի և հրդեհի հետևանքով ոչնչացվել և վնասվել է առանձնապես խոշոր չափերով` 11.283.174 ՀՀ դրամի գույք, իսկ հյուրանոցային համալիրում ժամանակավորապես բնակվող Իրանի Իսլամական Հանրապետության 8 քաղաքացիներ և «Ալեն Էլեն» հյուրանոցային համալիրի աշխատակից Վահե Միրաքյանը ստացել են առողջությանը վնաս չպատճառող գազի թունավորումներ, իսկ Նարիման Սալեյփուր Աբդուլհասանը` միջին ծանրության մարմնական վնասվածք:

27.08.12թ. քրեական գործը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործը գտնվում է դատաքննության փուլում: Վ.Դեմիրճյանի  գործողություններին վերջնական գնահատական կտրվի դատաքննության եւ նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համալիր վերլուծության եւ գնահատման արդյունքում:

Ինչ վերաբերում է չորրորդ կալանավորին՝  Արթուր Խաչատրյանին, ապա նրա վերաբերյալ քրեական գործը քննվում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում: Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ա.Խաչատրյանը,  2002թ. սեպտեմբեր ամսին Երևան քաղաքում ծանոթացել է Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակչուհի Գայանեի հետ և, տեղեկանալով նրա թափառական ապրելակերպից, անձնական դրդապատճառներով հուսալքված, անգամ ինքնասպանության մտադրության հասունացած հոգեվիճակի մասին,  նրա  ընկճված ու անօգնական վիճակի խոցելիությունն օգտագործելով, խաբեությամբ շահագրգռելով նրան, ներգրավել է  մարմնավաճառության մեջ:  Նախաքննության տվյալներով Հայաստանում  Գայանեն մարմնավաճառությամբ է զբաղվել   մինչև 2006թ., իսկ վաստակած գումարը Ա.Խաչատրյանը  վերցրել է  Գայանեի  հետագա  անձնական կարիքների համար իր մոտ կուտակելու պատրվակով,  սակայն ծախսել իր անձնական կարիքների համար:  Իսկ 2006թ. հունվարի հունվարի 14-ին իր անձնական միջոցներով  Ա.Խաչատրյանը Գայանեին ուղարկել է Թուրքիա  եւ  հանձնել կավատությամբ զբաղվող  ոմն Տանյային, որը  Թուրքիայի տարբեր քաղաքներում շուրջ չորս ամիս նրան ենթարկվել է սեռական շահագործման: Գայանեն կարողացել է գտնել անձնագիրը եւ հանձնվել Թուրքիայի ոստիկանությանը, որն էլ նրան հեռացրել է երկրից:

Բացի դրանից, մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արթուր Խաչատրյանը Գայանեի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաև վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով 2012թ. ապրիլի 24-ին  հեռախոսակապ է հաստատել վերջինիս հետ և  պահանջել 200 ԱՄՆ դոլար, որից հետո ապրիլի 28-ին, Երևանի Աջափնյակ համայնքում գործող սրճարանում հադիպել է նրան  և շորթմամբ հափշտակել իր կողմից պահանջված գումարին համարժեք  80.000 ՀՀ դրամը:

Նախաքննության մարմնի գնահատմամբ Ա.Խաչատրյանի գործողություններում առկա է  ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ եւ 182-րդ հոդվածներով  նախատեսված արարք: Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հանձնարարել է ապահովել քրեական գործով բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությունը:  Հոկտեմբերի 23-ին, 24-ին, 25-ին  նախաքննական մարմինը  նախատեսել էր Ա.Խաչատրյանի հետ կատարել անհրաժեշտ քննչական գործողություններ, որոնց նրա փաստաբանների ներկայությունը ապահովելու նպատակով նախապես ոստիկանության  քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետի տեղակալը 19.10.12 պաշտոնական գրություն է ուղարկել  ՀՀ փաստաբանների պալատի նախագահին:
ՀՀ Դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031