Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանը գիրք է գրում, ծախսերը Բալասանյանն է հոգում

Հոկտեմբեր 25,2012 21:11

Այսօր թերևս Գյումրու պատմության մեջ առաջին անգամ  ավագանու հին կազմը  լրագրողների մասնակցությամբ  արտահերթ նիստ էր հրավիրել`  քննարկելու  մի քանի հրատապ հարցեր: Սկզբում ելույթ ունեցավ Գյումրու նորընտիր  քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով բառի իսկական իմաստով խայտառակեց Գյումրին պարտքերի մեջ թաղած նախկին քաղաքապետ Վարդան  Ղուկասյանին  ու քաղաքապետարանում աշխատող նրա մի քանի ընկերներին:

Սամվել Բալասանյանը սկսեց թվարկել քաղաքապետարանի պարտքերը `մերթ ընդ մերթ շշպտռելով ավագանու անդամներին, թե ինչպե ՞ս կարող էին իրենց լուռ համաձայնությամբ  հարազատ քաղաքի հետ նման կերպ վարվել: «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ավագանուն, որ հավաքվեց,  հույժ կարևոր հարցեր ունենք, որը  հետաձգելը հնարավոր չէր, որովհետև   կաթվածար կլիներ մեր տնտեսությունը, ծառայությունները և որպեսզի մենք կարողանայինք  ռիթմը պահել ` քաղաքի ծառայությունների  մասով , դրա  համար մենք արտահերթ նիստ հրավիրեցինք », -այսպես սկսեց խոսքը նորընտիր քաղաքապետը:

Նա ներկայացրեց իր երկու շաբաթվա ընթացքում կատարած  ֆինանսական վելուծությունները, որոնք ապշահար արեցին նիստին մասնակցող լրագրողներին: «Պատկերը, որը կա, ինձ ապշեցնող է, էսպիսի պարտքեր ունեն կուտակած. կոմունալի պարտքերը` 82 միլիոն 637 հազար , պահպանման ծախսերի պարտքերը` 49 միլիոն 153 հազար, աշխատավարձի, ապարատի, ենթակառուցվածքների համար  պարտքերը` 290 միլիոն, աղբահանություն` 23 միլիոն, այլ ծախսեր` 5 միլիոն: Հիմա բացել ենք այս ծախսերը  հստակ, ես կուզենայի ասել, որ որպեսզի կարողանա ապարատը աշխատանք ծավալել, էսօր էնպիսի պարտքեր կան կուտակված, որ հնարավոր չէ. մենք գազին զանգում ենք, ասում են` բերեք ձեր 5 միլիոնը մուծեք, նոր կմիացնենք, կարողացանք միացնել հեռախոսները, «Արմենթելի» պարտքը մոտ 2 միլիոն 61 հազար էր, սաղ մուծեցինք, Ջրմուղի հետ կապված խնդրել ենք, որ հետո կմուծենք, բենզինի պարտքեր ունենք տարբեր ՍՊԸ-ների, ունենք տարբեր պարտքեր , այդ թվում և   «ՑԱՅԳ» հեռուստաընկերությանը: Էստեղ կան  շատ հետաքրքիր, շատ հին պարտքեր` «Գյումրու Խուլեր» ՓԲԸ-ի հետ կապված, կահույք են վերցրել, գումարները չեն տվել, այնուհետ «Տիգրան Մեծ» հրատարակչությանը ունեցած պարտքը, որը մինչև հիմա չի տրվել:Զարմանալի է, որովհետև էդ գիրքը վերջին օրերին` Գյումրու  օրվա հետ կապված բաժանվում էր, ասում էին`  այ տեսեք մեր գիրքը, բայց էս գումարը մենք ենք տալու», -նեղսրտեց Բալասանյանը:

Նոր քաղաքապետը ի  նկատի ուներ Վարդան Ղուկասյանի` Գյումրու մասին հեղինակած գիրքը` ակնարկելով` դու գրում ես, քո գրածով պարծենում , ծախսերդ ես եմ հոգում:  Եվ մինչ Սամվել Բալասանյանը թվարկում էր պարտքերի  երկար-բարակ ցուցակը` փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը ընդհատեց նրա ելույթը`մի ճշգրտում մտցնելով. «Պարոն Բալասանյան , կոմունալի պարտքը 82 միլիոն ասացիք, բայց 826 միլիոն է»:Բալասանյանը սկսեց ծիծաղել` ասելով, թե աչքերին չէր հավատում, որ այդքան պարտք կա, դրա համար էլ մի քիչ մեղմացրեց թիվը:

Նշենք, որ այս ընթացքում  ավագանին քարացած  լսում էր ` անգամ չարձագանքելով  Սամվել Բալասանյանի` հարցեր տալու առաջարկին: «Ուրեմն  ինձ համար շատ զարմանալի էր, ես օրենսդիր դաշտում աշխատող մարդ եմ եղել, եղել եմ Ազգային ժողովի փոխնախագահ ,երբեք  ես չեմ տեսել, որ ծախս կատարվի բյուջեում` առանց աշխատավարձ վճարելու: Շատ հետաքրքիր է , որ  209 միլիոն պարտք կուտակվել է կապված աշխատավարձի հետ, կուտակվել է օգոստոս ամսից , սեպտեմբեր ամսի  հետ կապված, ծախսերը, որ տեսնում ես` ինչ է կատարվել… Երբ դոտացիա է եկել, դոտացիան փոխանցվել է կոմունալ ծախսերի հետ կապված , ասֆալտապատման ծախսերի հետ կապված, դա շատ կոպիտ խախտում է, չէր կարելի էդպիսի բան անել, մարդը վերջը  աշխատում է , 3  ամիս փող չի ստանում, վերջը ընտանիք է  պահում, պետք է առաջին հերթին, համաձայն ՏԻՄ օրենքի, առաջին ֆինասական վճարումը  լիներ աշխատավարձի հետ կապված, սա ինձ համար զարմանալի է:Հիմա կոպեկներ է հավաքվում, ես ասել եմ,որ առաջին հերթին  տվեք  աշխատավարձ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031