Այսօր վաղ առավոտյան իր առանձնասենյակի դուռը բացելիս հանկարծամահ է եղել Շիրակի մարզպետարանի ֆինանսական ու սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հովհաննես Մամիկոնյանը:
62 –ամյա պաշտոնյան, ըստ մարզպետարանի աշխատակիցների, սրտի կաթված է ստացել: Նշենք, որ նա ծնունդով «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի գյուղից է` Փանիկից, երկար տարիներ զբաղեցրել էր պատասխանատու պաշտոններ ինչպես Արթիկում, այնպես էլ Գյումրիում: Լիդա Նանյանի մարզպետ նշանակվելուց ու մարզը դաշնակաթափ անելուց հետո ֆինանսական ու սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնը հանձնվեց Հովհաննես Մամիկոնյանին : Այդ պաշտոնը զբաղեցնող դաշնակցական Հովսեփ Սիմոնյանին նշանակեցին տեղակալ: Մարզպետարանի աշխատակիցների բնութագրելով, Հովհաննես Մամիկոնյանը կիրթ ու ամաչկոտ անձնավորություն էր: Ի դեպ, սա երևում էր նաև մարզխորհրդի նիստերից, որպես կանոն, առաջինը նա էր զեկուցում, թվերը մանրամասնորեն ներկայացնում էր , բայց երբ հասնում էր հարկահավաքության մեջ ծուլացած գյուղապետերին դիտողություն անելու պահը, ի տարբերության մյուս վարչության պետերի, նա, փոքր-ինչ կարմրելով, իր խոսքն անմիջապես ավարտում էր:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ