Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա ծռեր թիվ 2 շենքում վերելակ է ընկել. կան զոհեր ու վիրավորներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շենքը 20 հարկանի է, և, ըստ նախնական տեղեկությունների, վերելակը ընկել է նկուղ 17-րդ հարկից: Երկու հոգի` մոտ 40-45 տարեկան տղամարդիկ, մահացել են, իսկ երկու հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխեցին հիվանդանոց:
Գ. Շամշյանը հայտնում է, որ «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված վիրավորներն են Խաչիկ Եփրեմյանն ու Գևորգ Սաֆարյանը, ովքեր ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Գ. Շամշյանը հայտնում է, որ վերելակը գործել է անօրինական, ինքնաշեն է եղել և համապատասխան փորձաքննություն չի անցել, հետևաբար, պատասխանատվությունն ընկնում է շենքը կառուցող կազմակերպության վրա: