Լրահոս
Օրվա լրահոսը

Ռ.Հատտեճյան.«Հայ գրականությունը միայն հայերենով պետք է լինի»

Հոկտեմբեր 25,2012 18:33

«Իմ անունը Ռոպեր Հատտեճյան չէ, իմ անունը Ռ. Հատտեճյան է: Ռոպեր անունը չեմ սիրում»,-այսօր Գրողների միությունում նշեց  թուրքահայ «Մարմարա» օրաթերթի խմբագրապետ Ռոպեր Հատտեճյանը:

Խմբագրապետը 45 տարի է` թերթին հավատարիմ է, մամուլի պատմության մեջ չկա մի խմբագիր, ով այսքան երկար ժամանակ նույն թերթի ղեկավարը լինի: Նրա պնդմամբ արտասահմանում հայանպաստ հոդվածներ պետք է հրատարակվեն, ամեն մարդ պետք է լավ իմանա, թե այլազգիները ինչ են մտածում հայ ժողովրդի մասին: 1915թ-ի ողբերգությունը հայ գրականության վրա կացինի նման ընկավ եւ զրոյի հավասարեցրեց, սակայն այն կամաց-կամաց, բայց դեռ հարատեւում է: Ոչ մի ազգ նման ողբերգություն չի ապրել.«Հայրս միշտ ասում էր, որ հեռու մնամ ազգային գործերից, ես լսում էի նրա բոլոր խորհուրդները, բայց այդ մեկին հավատարիմ չեղա եւ ամբողջովին մխրճվեցի ազգային գործի մեջ: Թուրքիայի մեջ շատ հայեր կան, ովքեր բարձր են պահում հայ գրականության պատիվը: Այնտեղ պետք է լինի հայ գրականություն, մեր հայկական ինքնության թիվ 1 պայմանը հայոց լեզուն է, հայ գրականությունը միայն հայերենով պետք է լինի: Սփյուռքում մեր հայերեն հրատարակությունները խեղճ են, պարզապես հարգանք պետք է ցույց տալ հայատառ գրականության հանդեպ»:

Հատեճյանի խոսքով Սփյուռքում հայասեր մարդու համար ամենամեծ ողբերգությունն է տեսնել, որ հայը հայերեն չի խոսում: Փողոցով քայլելիս պետք է հայերեն խոսել, հայ ժողովուրդը հազար տարիներով այս ցավով է ապրել:

Գրող, արձակագիր Ռուզան Ասատրյանը aravot.am-ի հետ զրույցում համարեց, որ վարպետը հայ գրականության մեր ժամանակների կենդանի լեգենդներից է, հազվագյուտ երեւույթ հայ իրականության մեջ. «Թուրքիան նստած է հայկական պատմական տարածքների վրա եւ նման իրականության մեջ հանկարծ հայտնվում է մեկը, ով համառորեն կարողանում է կես դարից ավելի մնալ, ապրել Թուրքիայում եւ ոչ ուղղակիորեն լինել ողջ հայության դեսպանը: Հատտեճյանը տալիս է այնպիսի տեղեկատվություն, որը ընդունելի է թե’ Թուրքիայի հայության, թե’ ամբողջ աշխարհի հայության համար: Նա միաժամանակ շատ գրագետ ու դիվանագետ գեներալ է, նա կարող էր այլ գործունեւություն վարել, սակայն բնատուր ու հայրենատիրական հզոր էներգիայի շնորհիվ մնաց Թուրքիայում: Գրողները շատ զգայուն են, իսկ Հատտեճյանը կարողանում է իր մեջ զսպել այդ զգացմունքները: 1915թ.-ին մասին խոսելիս նա իր ապրումները պարզապես զմրսում է»:

Գրողը կարծում է, որ Հատտեճյանի նրբին տողերի տակ ասվում են հայության ազատության մասին շատ խոսքեր: Պոլսահայությունը Սփյուռք չէ` այսօր հայը ապրում է իր հողերի վրա: Նրա իմաստուն գործունեությունը գրողը համարում է խոր հայրենասիրություն:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031