«Մենք մտահոգված ենք քաղաքի վաղվա տեսքի համար, մտահոգված ենք քաղաքի դիրքավորմամբ` արտասահմանցու, պոտենցիալ տուրիստի ուղեղում եւ ուզում ենք հասկանալ, թե արդյոք մեր քաղաքացիներին քաղաքը դուր է գալիս: Առաջին հերթին շատ կարեւոր է հյուրը, մենք պետք է մտածենք մեր քաղաքացիների մասին, արդյոք հաճելի է նրանց ապրել Երեւանում:
Դժվար է համադրել արտասահմանցու կարծիքը քաղաքացու կարծիքի հետ, իսկ դրա համար պետք են կրեատիվ լուծումներ: Նորամուծություն էլ եղավ, այն, որ նախորդ 2 տարիների անվանակարգերին ավելացավ «Գիրք» անվանակարգը՝ Հայաստանը 2012-ին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու առիթով»,-այսօր այս մասին նշեց «Popok» Գովազդի միջազգային 3-րդ փառատոնի նախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 25-27-ը Երեւանում կանցկացվի «Popok» գովազդի միջազգային 3-րդ փառատոնը:
Կարդացեք նաև
Փառատոնի նախագահը ցանկանում է, որ «Popok»-ը իր բոլոր հնարավորություններով նպաստի ոչ միայն գովազդային դաշտի որակի զարգացմանը, այլեւ հնարավորություն ու խթան հանդիսանա մեր պետության մեջ բոլոր դրական նախաձեռնությունների համար:
Քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշեց, որ նոյեմբերի 15-ից հայտարարվում է մրցույթ, որի ընթացքում մինչեւ փետրվարի 1-ը բոլոր ցանկացողները, շահագրգիռ կազմակերպությունները եւ անձիք կարող են ուղարկել իրենց պատկերացումներն ու մտքերը գովազդային հայեցակարգի հետ կապված: Լինելու է մրցույթ, հաղթողներ, չնայած այդ ամենին, փետրվարի 1-ից մինչեւ մարտի կեսերը կամփոփվեն բոլորի մտքերը եւ կկազմվի առաջին անգամ ամենադեմոկրատական գովազդային հայեցակարգը: Գովազդային հայեցակարգից բացի կլրամշակվի նաեւ Երեւան քաղաքի արտաքին ձեւավորման հայեցակարգը.
«Արտաքին ձեւավորում ասելով մենք նկատի ունենք թե տոնական, թե քաղաքային կահույքը եւ ընդհանրապես՝ թե քաղաքի տարբեր հատվածներ ինչ տեսք են ունենալու: Կոչ եմ անում բոլորիս, որպեսզի ակտիվ մասնակցություն ունենանք եւ ձեր ու մեր արտասահմանյան 15 պետությունների գործընկերների միջոցով ներգրավված լինենք այս պրոցեսին: Կունենանք եւս մեկ հանդիպում, որի ընթացքում արդեն կմշակվեն եւ կներկայացվեն գովազդային եւ արտաքին ձեւավորման հայեցակարգերը: Բացի տեղական մասնագետներից արտասահմանյան գործընկերների գործը շատ ավելի օգտական կլինի: Մարկետինգային եւ գովազդային կառավարությունը, Երեւանի քաղաքապետարանի եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար շատ կարեւորվում է , մարկետինգային եւ ճիշտ ռազմավարության հարցում բաց ենք լինելու եւ ընդունելու ենք բոլոր լավ առաջարկները»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ