Հայաստանի մշակութային եւ հասարակական գործիչները հանդես են եկել նախաձեռնությամբ, որով պատրաստվում են դիմել «Օսկար» կինոակադեմիային՝ առաջարկելով երեւանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնում «Լավագույն հայկական ֆիլմ» մրցանակին եւ էկումենիկ ժյուրիի մրցանակին արժանացած «Եթե բոլորը» ֆիլմը, որը նաեւ ներկայացվել է «Օսկարի»՝ ընդգրկվելով ընտրված 70 ֆիլմերի ցանկում, դիտարկել բացառապես որպես արվեստի ստեղծագործություն:
Ցանկացողները կարող են միանալ ստորագրահավաքին:
Զանգահարել 091 40 23 52, կամ՝09442 51 52 հեռախոսահամարներով:
ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ
ՕՍԿԱՐ ԿԻՆՈԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ
Ակադեմիայի հարգարժան անդամներ ,մենք՝ Հայաստանի մշակութային եւ հասարակական գործիչներս, ուրախությամբ իմացանք, որ ռեժիսոր Նատալիա Բելաուսկենի եւ Միքայել Պողոսյանի նկարահանած
«Եթե բոլորը» ֆիլմը, որը երեւանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնում արժանացել է «Լավագույն հայկական ֆիլմ» մրցանակին եւ էկումենիկ ժյուրիի մրցանակին, ներկայացված է «Օսկարի» եւ անցնելով առաջին փուլը, ընդգրկվել է 70 ընտրված ֆիլմերի մեջ: Սակայն, ի զարմանս մեզ, մարդասիրական, տոլեռանդ, թշնամու կերպարից հրաժարվող, ազգերին երկխոսության հրավիրող այս ֆիլմը առաջացրել է մեր հարեւան պետության՝ Ադրբեջանի դժգոհությունը: Ցավալիորեն նրանք քաղաքականացնում են հարցը: Իրականում սա ֆիլմ է , արվեստի գործ, նախ եւ առաջ, որը սովորեցնում է հայերին, ռուսներին, ուկրաինացիներին, ադրբեջանցիներին եւ այլ ազգերին՝ ապրել առանց թշնամու կերպարի:
Մինչդեռ, Ադրբեջանից հնչող բողոքները շարունակությունն են դրոշի պես թափահարվող այն կացնի, որով ադրբեջանցու կողմից Հունգարիայում, քնած վիճակում սպանվեց հայ սպան, եւ որը հերոսացվում է մեր հարեւան երկրում:
Մենք ոչ ենք ասում այդ քաղաքական պրովոկացիային եւ վստահ ենք, որ հանձնախումբը այս ֆիլմում կտեսնի այն, ինչն իրոք կա: