Լրահոս
Օրվա լրահոսը

Բրիտանացի լրագրող, դասախոս. Ծաղկում է էժան ժուռնալիստիկան

Հոկտեմբեր 25,2012 17:44

Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ բրիտանացի լրագրող եւ դասախոս Ջերոմ Մոնահանի հետ ArtBridge սրճարանում լրագրողների համար կազմակերպված թեյըմպում-քննարկումը անցավ բուռն ու թեթեւ մթնոլորտում: «Ճշմարտություն եւ լրատվամիջոցներ» խորագրով քննարկման կենտրոնում բրիտանական մամուլի առանձնահատկություններն էին, ու այն զարգացումները, որոնք իրենց ազդեցությունն են թողնում տեղի լրագրության միտումների վրա:

Նա պատմեց, որ մի շրջան աշխատել է հանրային կապերի ոլորտում, ապա դասախոսել, ու քանի որ ստեղծագործելու ներքին մղում ուներ, նաեւ հոդվածներ է գրում: Առաջին լրագրողական աշխատանքը տեղ է գտել Guardian-ում: Պարոն Մոնահանի հայրը 50 տարի աշխատել է BBC-ում, զուգահեռ բալետի վերաբերյալ ծածկանունով հոդվածաշար գրել Guardian-ում:

Խոսելով բրիտանական ԶԼՄ-ներում իշխող միտումների վերաբերյալ, դասախոս-լրագրողը կարծիք հայտնեց. «Այս պահին ԶԼՄ-ները Մեծ Բրիտանիայում լսարանին վերաբերում են որպես հիմարների»:

Նա ափսոսանք հայտնեց, որ քիչ են արժեքներ քարոզվում, եւ ծաղկում է էժան ժուռնալիստիկան, քանի որ, դիցուք, հետաքննական լրագրությունը թանկ հաճույք է բոլոր, այդ թվում ֆինանսների, ժամանակի եւ մարդկային ռեսուրսների առումով:

Մոնահանը խոսեց Մեծ Բրիտանիայի էթիկայի հանձնաժողովի ու նրա նախագահ լորդ Լևենսոնի, մերդոքյան մեդիա-կայսրության, լրագրողների ու ոստիկանության սերտաճման եւ այն ամենի մասին, ինչը մտահոգում է ոչ միայն փորձագետներին: Պարոն Մոնահանի համոզմամբ, այսօր լրատվամիջոցները հեռացել են իրենց բուն առաքելությունը կատարելուց: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Նիք Դեւիսի «Տափակ երկրի նորություններ» («Flat Earth News») գրքին, որը վերաբերում է այն ոլորտին, որտեղ հեղինակն աշխատել է շուրջ 30 տարի:Նա առաջադրում է մի շարք կանոններ, որոնցով պետք է առաջնորդվեն լրատվամիջոցները:

Ջերոմ Մոնահանը փաստում է՝ այս պահին ով ասես կարող է հանդես գալ որպես լրագրող, եթե ունի տեսախցիկ կամ MP3 փլեյեր. «Մի կողմից դա ճիշտ է, մյուս կողմից էլ չի լրացնում այն բացը, որ կա լրագրության ոլորտում»: Նա կարեւորում է նաեւ բլոգերներին՝ իբրեւ տեղեկատվություն տարածողի, բայց գտնում է, որ շատերը բլոգերություն են անում փառասիրությունից դրդված:

Aravot.am-ը, չնայած նրան, որ ԶԼՄ-ները միատարր եւ միանման չեն, այնուամենայնիվ, պարոն Մոնահանին խնդրեց մի քանի հատկանիշ առանձնացնել, որոնք այսօր բնորոշ են բրիտանական մամուլին: Նա ասաց, որ Բրիտանիայում լրատվամիջոցներն իսկապես բազմազան են, որոնց մեջ լիբերալ են Guardian-ը եւ Independent-ը: «Լրատվամիջոցները հիմնականում մեծ տեղ են տալիս անվանի մարդկանց կյանքի մանրամասներին, ուղղակի դեղին մամուլը դա անում է յուրովի, պաշտոնական թերթերը՝ այլ մոտեցմամբ»,-ասաց նա:

Մեր դիտարկմանը՝ թե անընդհատ իր ուսանողների հետ հանդիպումներում շեշտադրում է մամուլի կողմից արժեքների քարոզելը, եւ ոչ թե ուղղորդում հայտնի բանաձեւով՝ «սեքս, սպորտ, սկանդալ», արդյոք դա գալիս է նրանից, որ հայրը մշակույթին մոտ կանգնած մարդ է եղել, եւ բալետային մեկնաբան, պարոն Մոնահանը պատասխանեց. «Հայրս BBC-ի երկրորդ դեմքն է եղել, ու քանի որ BBC-ում ուրիշ տեղ գրելուն խանդով էին վերաբերվում, մշակութային հոդվածների տակ ստորագրում էր Ջեյմս Քենեդի: Հետո, երբ թոշակի անցավ, սկսեց Ջեյմս Մոնահան անունով հանդես գալ: Ու բոլորը սկսեցին բողոքել, թե ո՞վ է այս Մոնահանը, որ բալետից բան չի հասկանում, հետ բերեք Ջեյմս Քենեդուն: Հայրս լինելով գերզբաղված մարդ եւ աշխատելով BBC-ում, հասցնում էր գնալ թենիսի, երեկոյան էլ՝ բալետ, որտեղ ներկայացումների ժամանակ քնում էր, որվհետեւ հոգնում էր աշխատանքի, շատ կանայք ու երեխաներ ունենալու պատճառով: Բայց կարողանում էր ամենակարեւոր պահին արթնանալ ու ճիշտ հոդված գրել բալետի մասին…Մի քիչ չափազանցրի հայրիկիս մասին պատմությունը, իրականում նա անցյալ դարի մարդ էր եւ նրանից էլ չեմ ազդվել: Ուղղակի ես լրագրողներին սովորեցնում եմ արժեքներ քարոզել, որովհետեւ շատ եմ ուզում, որ խելոք ու գրագետ լինեն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031