Այսօր Հայաստանում Ֆրանսիական համալսարանում կայացավ «Կազմակերպությունների 10-րդ ֆորումը»: Այն անցկացվում է ամեն տարի: Այս անգամ ֆորումին մասնակցում էր 20-25 կազմակերպություն:
Համալսարանի ծրագրերի պատասխանատու Ասյա Մովսեսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ՀՖՀ-ն ունի կրթական ծրագիր, որով ուսանողները անցնում են պրակտիկաներ. երկրորդ կուրսի մագիստրոսները` 5 ամսով, իսկ առաջին կուրսի մագիստրոսները` 3 ամսով:
Ֆորումի ընթացքում համալսարանի կողմից նախապես ներկայացված առաջարկների հիման վրա ուսանողները հարցազրույց էին անցնում կազմակերպությունների մոտ: Վերջիններս պետք է ընտրեն իրենց համապատասխանող ուսանողին, ով էլ 3 կամ 5 ամսվա պրակտիկան կանցկացնի տվյալ կազմակերպությունում:
Մովսեսյանը կարծում է, որ սրա միջոցով հեշտացվում է ուսանող-կազմակերպություն կապը: Ասում է, որ շատ դեպքեր են եղել, երբ նախորդ ֆորումներից հետո ուսանողները անցել են համապատասխան պրակտիկան, որից հետո էլ ընդունվել են աշխատանքի:
«Հայփոստ» ընկերությունը երկրորդ անգամ է մասնակցում «Կազմակերպությունների ֆորում»-ին: Ընկերության մարկետինգի բաժնի ղեկավար Իրինա Մինասյանը մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես պետք է ընտրի պրակտիկանտներին. «Ուսանողներին տալու եմ մասնագիտական հարցեր, տեսնելու համար, թե ինչ ոլորտում են ցանկանում շարունակել իրենց պրակտիկան. Մարկետինգ, թե վաճառք»: Իրենց նպատակն է` գտնել այնպիսի ուսանողների, ովքեր հետագայում կդառնան «Հայփոստ»-ի աշխատակիցը:
«Օրանժ Արմենիա» ընկերությունը երրորդ անգամ է մասնակցում ֆորումին: Ընկերության հավաքագրման եւ համալսարանների համագործակցության մասնագետ Նինա Մելքոնյանն ասաց, որ այս պահին «Օրանժ»-ում կա երկու պրակտիկանտի տեղ: Նրանց ընտրության չափանիշները տարբեր են: Դրանք կախված են, թե ինչ պրակտիկ աշխատանքներ են նախատեսված ուսանողների համար: Օրինակ, եթե իրավաբանական բաժինն է, ապա տրվում են մասնագիտական հարցեր, եւ փորձում են ճշտել, թե որքանով է նա տիրապետում շփման, թիմային աշխատանքի հմտություններին: Հաշվի է առնվում նաեւ լեզուների իմացությունը, քանի որ «Օրանժ»-ը միջազգային ընկերություն է:
Մելքոնյանի խոսքով, շատ են դեպքերը, երբ Ֆրանսիական համալսարանի ուսանողները անցնելով պրակտիկա, աշխատանքի են ընդունվել հենց իրենց մոտ:
Կատրինը սովորում է Ֆրանսիական համալսարանի մագիստրատուրայի երկրորդ կուրսում: Նա ցանկություն էր հայտնել, որպեսզի պրակտիկա անցնի «Օրանժ Արմենիա»-ում: Իրեն հարցրել են, թե ինչ ծրագրերի է տիրապետում, նախկինում ինչ փորձ է ունեցել. «Պատասխան ստացա, որ եթե անցնեմ երկրորդ փուլ, ապա ղեկավարների հետ կունենամ հարցազրույց, որից հետո էլ կկարողանամ անցնել պրակտիկայի»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ