Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը դժգոհում է, Հրանուշ Հակոբյանը խրախուսում Հայաստանից դուրս կրթություն ստանալը

Հոկտեմբեր 25,2012 16:45

«Պարտադիր զինծառայություն չանցած զինապարտների տարկետման ժամկետը երկարացնելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց դրա կարեւորությունը: Դրանով զինծառայություն չանցած քաղաքացիները, որոնք ՀՀ-ում չեն,  հնարավորություն կունենան ազատվել քրեական հետապնդումից, գան Հայաստան, մուծեն համապատասխան գումարներ եւ ազատվեն այդ հետապնդումից. «ՊՆ-ում հատուկ հաշիվ կա բացած, որի մեջ 6 մլրդ 30 մլն դրամ է մտել: 728 հոգի է անցյալ տարի օրենքից օգտվել, մոտ 1 մլրդ դրամ է մտել: Այս տարի մոտ 1000 հոգի կարող են այդ հնարավորությունից օգտվել եւ մոտ կես մլրդ դրամ փող մուծեն: Սա հնարավորություն է ստեղծում, որ կանխվեն քրեական հետապնդումները»:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դժգոհեց. «Չնայած կառավարությունն եք ներկայացնում, պետք է ասեմ՝ ի՞նչ կապ ունի սփյուռքի նախարարությունը այն հայրենակիցների հետ, ովքեր գնում են Հայաստանից, խուսափում են պարտադիր զինծառայությունից: Ինչքա՞ն է շարունակվելու նույնատիպ երկարաձգումները այս օրենքի: Ե՞րբ են լինելու այն բարեփոխումները, որ մարդիկ ստիպված չլինեն աշխատելու, սովորելու համար գնան երկրից եւ գան այստեղ՝ գումարներ մուծեն: Ե՞րբ ենք վերջ տալու այս ժամանակավոր միջոցառումներին, որոնք բացարձակ որեւէ լավ բանի չեն բերում: Ճիշտ է, քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան գան հայրենիք, բայց եթե այդքան ուզում եք սփյուռքի հարցերով զբաղվել, պետք է այդ հարցերը լուծեք»:

Հրանուշ Հակոբյանն էլ պատասխանեց, որ,  միեւնույն է, 27 տարեկանը լրանալուց հետո նրանք չեն ծառայելու եւ պետք է խիստ հումանիստական մոտեցում ցուցաբերել, քանի որ ոչ մեկս չենք ուզի, որ նրանք գան ու գնան բանտ. «Ինչ վերաբերում է նրան, որ լքում են Հայաստանը սովորելու համար, ես կարծում եմ՝ պետք է խրախուսենք: Հայաստանից դուրս կրթություն ստանալը կարող է միայն օգտակար լինել երկրի զարգացման համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031