Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չինացի գործարարը հրաժարվել է Հայաստանում ներդրում անել, ասելով` «Ձեր կառավարությունը չի ուզում, որ դուք զարգանաք» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 25,2012 16:25

Գազի գնի թանկացումը մեծ հարված կհասցնի ջերմատնային բիզնեսով զբաղվող տնտեսվարողներին: «Ջերմատնային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Պողոս Գեւորգյանը համոզված է, որ պետության ղեկավարները միտումնավոր են ներդրողների ճանապարհը փակում` դաշտում մենաշնորհ ստեղծելու համար. «Ոչ մի ներդրող չի ցանկանում ջերմոցային տնտեսություն հիմնել Հայաստանում, գալիս ծանոթանում են հարկ ու տուրքերին, հրաժարվում են: Մեկուկես ամիս առաջ Չինաստանից մեկը եկել էր եւ ցանկանում էր 100 միլիոն դոլարի ներդրում անել, բայց երբ հասկացավ, թե որքան պիտի վճարի ներկրվող սարքավորումների համար, զարմացավ: Առաջարկեցինք հանդիպել կառավարության ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկի, թե հնարավոր է արտոնություններ կիրառեն եւ այդքան մեծ հարկեր չվճարի, բայց երբ հարցրի նրան, թե ինչ են պատասխանել, ասաց` «Դիմեք ձեր վարչապետին, մենք գնում ենք Հայաստանից, ձեր կառավարությունը չի ուզում, որ դուք զարգանաք»:

Պարոն Գեւորգյանի դիտարկումները` տեսանյութում.


Այսօր «Արմատ» ակումբում պարոն Գեւորգյանը նաեւ հայտնեց, որ այս սեզոնին, գազի գրասենյակներից ջերմատների տերերից պահանջում են հարյուր հազարով կանխավճար մուծել. «Իբր սպառած գազի դիմաց շատ են կարողանում վճարել, որ մի հատ էլ կանխավճար մուծեն: Ամեն տարի գազի սեզոնին վարկ են վերցնում, որ տակից դուրս գան: Հետո աշխատում են, որ վարկը փակեն»:

Հոլանդիայի դեսպանատան քարտուղարն էլ հետաքրքրված լինելով Հայաստանում

ջերմատնային բիզնես սկսելու գաղափարով, դիմել է ասոցիացիային` տեղեկատվություն ստանալու. «Նրանք արդեն Քենիայում ջերմանտներ էին կառուցել եւ մեզ պատմեցին, թե պետությունը որքան է ընդառաջել ու շահավետ պայմաններ ստեղծել հոլանդացի գործարարների համար: Տասը տարի անց հոլանդացիները Քենիայում 1900 հեկտար ջերմոցներ ունեին: Բայց, երբ նրանք էլ իմացան հարկերի անհավանական չափերի մասին, միանգամից հրաժարվեցին այդ մտքից, ասելով` հա’մ ներդրումներ ենք անում, հա’մ աշխատատեղեր բացում, համ էլ այդքան հարկ պետք է մուծե՞նք»:

Պողոս Գեւորգյանի հավաստմամբ, դեռ խորհրդային տարիներին Հայաստանում ամենանպաստավոր պայմաններն են եղել ջերմատներ կառուցելու համար, քանի որ մեր երկրի հողը, ջուրը եւ օրվա տեւողությունը առավելություններ են ջերմոցի բիզնեսի համար: Ներկայումս մեր երկրում կա 130 հեկտար ջերմատներ: Ըստ ոլորտի մասնագետի, այսօր ջերմոցների պահանջարկը մեծ է եւ հատկապես Եվրոպան պատրաստակամ է պայմանագրեր կնքել եւ մեծ քանակությամբ պտուղբանջարեղեն գնել մեր երկրից, սակայն մենք այդքան ներուժ չունենք, քանի որ ո’չ ներդրողներն են ցանկանում Հայաստանում ներդրումներ անել, ո’չ էլ տեղական բիզնեսմենը կարողանում է իր ուժերով այդքան արտադրանք տալ:

Պ. Գեւորգյանի խոսքերով, մի ծաղիկի տնկի են ուզում բերել եւ Հայաստանում աճեցնել, որը մեծ պահանջարկ ունի արտերկրում, սակայն դրսում դրա տնկին գնում են 10 ցենտով եւ մինչեւ հասնում է Հայաստան՝ գործարարի վրա նստում է 50 եվրո:
Այս խնդիրները ասոցիացիան բարձրացրել է գյուղնախարարի առաջ, որը խոստացել է հարցը բարձրացնի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031