Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կապանի թիվ 3 կրթահամալիրում պետբյուջեով սկսված եւ կիսատ թողնված նորոգման աշխատանքները շարունակում է բարեգործական հիմնադրամը

Հոկտեմբեր 25,2012 16:18

Պետբյուջեով 5 տարի առաջ սկսվել էին Կապանի թիվ 3 կրթահամալիրի հիմնանորոգման աշխատանքները, բայց դրանք կիսատ մնացին, եւ կրթահամալիրի 1.5 հարկը մնաց չհիմնանորոգված: Այս տարի ամառվանից «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ մեկնարկեցին երկրորդ հարկի մյուս կեսի հիմնանորոգման աշխատանքները, որն այս ամիս արդեն ավարտին է հասցվել եւ պաշտոնական բացումն արվել: «Կապանում այսքան տարի չի եղել մի բարեգործ, որ ցանկանա հիմնովին օգտակար լինել եւ այդ բարեգործության մեջ, բացի այս երեխաներին օգուտ տալուց, ոչ մի շահ չունենա: Իսկ «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը բարելավեց մեր կրթահամալիրի պայմանները», -ասաց Կապանի թիվ 3 կրթահամալիրի տնօրեն Ռիտա Դավթյանը:

«Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Սեդրակյանի խոսքով` 26 մլն դրամ գումար է ծախսվել այդ աշխատանքների համար, ներկա դրությամբ ընթացքի մեջ են նաեւ առաջին հարկի վերանորոգման աշխատանքները, որոնք նախատեսվում են ավարտին հասցնել մինչեւ տարեվերջ: Առաջին հարկի նորոգման համար նախատեսված բյուջեն կազմում է 47 մլն դրամ:

«Ընդհանուր առմամբ` մոտ 95 մլն դրամի ներդրում ենք արել այս կրթահամալիրում, ոչ միայն նորոգման աշխատանքներ ենք իրականացրել, այլեւ` դասասենյակների հին գույքը փոխարինել ենք բոլորովին նոր գույքով: Մեր համագործակցությունը կրթահամալիրի հետ շարունակական է լինելու, այժմ քննարկում ենք նոր թեմաներ` հետագա համագործակցության համար: Կլինի օժանդակություն հագուստի եւ այլ հարցերում, եւ որ ամենակարեւորն է` մտածում ենք երեխաներին ինտեգրել հասարակական կյանքում` մասնագիտացում տալու, ուսման ծախսը վճարելու եւ այլ տարբերակներ ենք մշակում, որպեսզի իրենք հետագայում կարողանան կերտել իրենց ապագան», – նշեց «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Սեդրակյանը:

Կապանի թիվ 3 կրթահամալիրի տնօրեն Ռիտա Դավթյանի խոսքով` դպրոցում 250 երեխա է սովորում, որից 142-ը հատուկ կարիքավոր է, 50 երեխա էլ գիշերում է կրթահամալիրում: Կրթահամալիրի միակ խնդիրն այժմ համարում է հատուկ կարիքավոր երեխաներին հասարակության մեջ ներգրավման հարցը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031