Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մազմանյան. «Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերի» մասնակիցներից փող չենք վերցնելու

Հոկտեմբեր 25,2012 16:02

Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի եւ «Հայ արտ սինեմա»-ի հայտարարած «Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերի» ընդունելությունն ավարտված է, եւ հայտնի են այն յոթ ուսանողների անունները, ովքեր անվճար հիմունքներով կմասնակցեն բարձրագույն կուրսերին` անցնելով կինոաշխարհի այնպիսի ներկայացուցիչների վարպետության դասեր, ինչպիսիք են Էմիր Կուստուրիցան, Կիմ Կի Դուկը, Պեդրո Ալմադովարը, Լյուկ Բեսոնը, Վիմ Վենդերսը, Արտավազդ Փելեշյանը եւ այլք: Այս մասին այսօր` ԵԹԿՊԻ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց ԵԹԿՊԻ ռեկտոր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Մազմանյանը:

Նա նշեց, որ երկար սպասված բարձրագույն կուրսերը դասավանդելու են այն վարպետները, որոնց մասնակցությամբ ֆիլմերն արդեն իսկ հարազատ են դարձել. «Կուրսերի տեւողությունն է մեկ տարի, որից հետո մասնակիցները կես տարի կաշխատեն դիպլոմային աշխատանքի վրա: Կարեւոր է այն հանգամանքը, որ ուսանողներից փող չենք վերցնելու, իսկ վարպետության դասեր անցկացնող մասնագետները կստանան, այսպես ասած, ինտելիգենտ հոնորար»:

Պարոն Մազմանյանը հավելեց, որ մրցույթը երեկ է ավարտվել. «Ստացել ենք շուրջ 40 հայտ, ասել է թե` մեկ տեղի համար 7 դիմում, ընտրել ենք 4 տղայի եւ 3 աղջկա»:

Քննական հանձնաժողովի անդամները խոսեցին քննությունների ընթացքից:

Սցենարիստ եւ կինոռեժիսոր Իրակլի Կվիրիկաձեն ասաց, որ դիմորդները ներկայացրել են շուրջ հինգ րոպե տեւողությամբ ֆիլմ. «Մեր ժամանակներում դժվար, անգամ` անհնար էր ժապավենի վրա ֆիլմ նկարահանելը, իսկ հիմա յուրաքանչյուրը տեսախցիկ ունի: Երեւակայություն ունեցող եւ ստեղծագործ մարդը կարող է որոշակի սյուժե գրել եւ մեկ-երկու օրում դա նկարահանել: Ֆիլմերի հեղինակների հետ հեշտ էր շփվել եւ հասկանալ, թե ինչ նախասիրությունների տեր մարդիկ են: Նաեւ հետաքրքրվել ենք, թե որ ռեժիսորներին եւ ինչ երաժշտություն են նախընտրում: Ընդհանուր առմամբ` հիացած եմ դիմորդների մակարդակով, բայց ցավում եմ, որ մյուս տաղանդավոր մասնակիցները դուրս մնացին մրցույթից»:

Ուկրաինայի ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Ռոման Բալայանը հայտնեց, որ դասավանդելու համար արտերկրից հրավիրել է փորձառու ռեժիսորների. «Կարելի է ասել, որ նրանց ավելի շատ եմ վստահել, քան ինձ, քանի որ առավել գոհ կլինեն արդյունքներից: Մրցույթն աչքի էր ընկնում պրոֆեսիոնալիզմով. յոթ հաղթողից հատկապես երեքը բավական օրիգինալ գտնվեցին եւ հետաքրքիր գաղափարներ ներկայացրեցին»:

ՌԴ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Սերգեյ Սոլովյովը ափսոսանք հայտնեց, որ քննական հանձնաժողովի անդամների ընտրության հնարավորությունները սահմանափակ էին. «Ինչպես ասում են` ռեժիսոր կարող է լինել յուրաքանչյուրը, ով չի ապացուցում իրականությունը: Մրցույթի առանձնահատկությունն այն էր, որ պետք էր ներկայացնել համաշխարհային կինոյի ստանդարտներին համապատասխան աշխատանք եւ գեղագիտական գիտելիքներ: Ինձ հատկապես ուրախացրեց դիմորդների պատրաստվածության մակարդակը, կարծում եմ` նրանցից յուրաքանչյուրին կարելի է անհատական մոտեցում ցուցաբերել»:

ՌԴ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր եւ դրամատուրգ Անդրեյ Սմիրնովի խոսքով. «Աղջիկ-մասնակիցները տղաներից պինդ էին եւ նրանց աշխատանքներում առավել ակնհայտ էր բարձր որակի մշակույթը: Հավանաբար, աղջիկներից երկուսը լիդերներ կլինեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031