Ի՞նչ ենթատեքստ ուներ ՀԱԿ համակարգող Լ. Զուրաբյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում արած այն հայտարարությունը, թե երկրում Սերժ Սարգսյանին մարտահրավեր նետելու ունակություն ունեն երկու քաղաքական խոշոր ուժեր, որոնք են ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն: Արդյոք պարոն Զուրաբյանի հայտարարությունն ու ՀՀ քաղաքական ներկայիս իրավիճակը համընկնո՞ւմ են, Aravot.am-ը փորձեց պարզել «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանի հետ զրույցում:
Ի սկզբանե, պարոն Սաֆարյանն իր անհամաձայնությունը հայտնեց հնչեցված կարծիքի հետ և մանրամասնեց. «Համաձայն չեմ, քանի որ վերջին ամիսներին հատկապես տեսնում ենք, որ ԲՀԿ-ն չափազանց կաշկանդված է քաղաքական դաշտում իր կարգավիճակի պատճառով: Դրա արդյունքը այն է, որ ԲՀԿ-ն անգամ իրեն իշխանությանը ընդդիմություն չի հռչակել: Նա չի կարողանում ազատ տեղաշարժվել, քաղաքական շարժեր կատարել քաղաքական դաշտում: Դա արդեն խնդիր է: Այս իրավիճակում ունենալով ԲՀԿ-ն իր քաղաքական ակտիվության մեջ լավագույն շրջանն ապրող ՀԱԿ-ի հետ համագործակցություն, չեմ կարծում, որ լուրջ մարտահրավեր կարող են նետել իշխանությանը»:
Լ. Զուրաբյանի հայտարարությունը նաև մեկնաբանվում է այն կերպ, որ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն միասին կարող են զսպաշապիկ դառնալ իշխանությանը: Այս առիթով պարոն Սաֆարյանը նկատեց. «Խնդիրն այլ տեղում է: Եթե չլինեին իմ ասած հանգամանքները, հատկապես ԲՀԿ-ին զսպող… ԲՀԿ-ն ինքն ունի իր զսպաշապիկները, ինչպե՞ս կարող է զսպաշապիկ դառնալ ուրիշին»:
Կարդացեք նաև
Մեր այն հարցին՝ ի վերջո ՀՀ նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն կսատարի Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ կունենա իր թեկնածուն, Ս. Սաֆարյանը պատասխանեց. «Ես այս պահին հակված եմ կարծել, որ ԲՀԿ-ն միգուցե ունենա իր թեկնածուն, որը կլինի Գագիկ Ծառուկյանը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ