Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Ժողովուրդ, Սերժ Սարգսյանի ձեռքը ետ տարեք ձեր գրպաններից, այլապես կարող եք ոչ միայն գրպան, նաեւ շալվար չունենաք»

Հոկտեմբեր 25,2012 15:48

ԱԺ-ում կուտակային կենսաթոշակային համակարգի նոր օրինագծի քննարկման ընթացքում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե այդ օրինագծը մի լավ բան լիներ, հիմա իշխանությունները նախագահական ընտրություններին ընդառաջ մի լավ կգովազդեին այն, բայց ոչ մի լավ բան էլ չկա: Կառավարությունը փորձում է հնարավորինս քիչ տեղեկություն տալ դրա մասին. «Սերժ Սարգսյանի գլխավորած այս իշխանությունը կշտապեր աչքալուսանք տալ, բայց աչքալուսանք տալու բան չկա: Իշխանությունը հերթական անգամ մտնում է ՀՀ քաղաքացիների գրպանը:

Չմտածեք, թե այդ գումարներն ուղղվելու են սոցիալական կարիքներին: 2013-ի բյուջեի նախագծով սոցիալական ծախսերը 2012-ի համեմատ կրճատվելու են:

51 մլն դոլարը տանելու են անհայտ, ավելի ճիշտ կլինի ասել՝ ատկատ ուղղությամբ: 51 մլն դոլարը վերաբերում է միայն 2013-ին, իսկ 2014-ի հունվարի 1-ից 1974 թվականի եւ դրանից հետո ծնվածները վճարելու են ոչ միայն միասնական եկամտահարկը, այլ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճար: Ըստ կառավարության տրամաբանության, մարդիկ այդ վճարները կուտակում են, որպեսզի երբ դառնան թոշակառու, որպեսզի 20-30 տարի հետո իրենց դրած գումարը ստանան որպես կենսաթոշակ: Հիմա, փաստորեն, մենք հոգում ենք ոչ միայն այսօրվա թոշակառուների, այլ՝ մեր թոշակների համար: Տրամաբանական հարց է՝ որտե՞ղ են լինելու մեր փողերը, մինչեւ մեր թոշակառու դառնալը: Դրանք հանձնվելու են կենսաթոշակային ներդրումային ֆոնդերին, որոնք մեր գումարները աշխատեցնելու են, պտտեցնելու են, իբր դրանք շատացնելու համար: Բայց ո՞ր ֆոնդերն են պտտելու մեր գումարները: Հարցի պատասխանը հետեւյալն է՝ այդ ֆոնդերը դեռեւս չեն ստեղծվել,  ստեղծվելու են  2013-ին: Այսինքն՝ հայ ժողովրդի հսկայական գումարները ոչ թե կամավոր, այլ պարտադիր կերպով վստահելու ենք նորահայտ ընկերությունների, որոնք տվյալ ոլորտում աշխատելու փորձ չունեն, ընդ որում, սա անելու ենք ոչ թե կամավոր, այլ պարտադիր կերպով: Հարց համար 2-րդ՝ իսկ կարո՞ղ են այդ գումարները կորսվել, ո՞վ է վճարելու դրանք: Պատասխան՝ այո, կարող են, կորսվելու դեպքում դրանք վճարելու է ՀՀ պետությունը: Եթե  կորսվեն, միայն գնաճի հաշվառումով մեզ կվերադարձվի մայր գումարը, որի 20 տոկոսը երաշխիքային ֆոդն է վճարելու, 80 տոկոսը՝ պետբյուջեն: Իսկ ո՞ւմ գումարներն են տեղավորվում պետբյուջեում՝ մեր վճարած միջոցները: Հարց համար 3. իսկ ո՞ւմ են պատկանելու կենսաթոշակային ֆոնդերը: Դրանք պատկանելու են մասնավոր ֆիզիկական անձանց»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, իրադարձությունների իշխանական սցենարի հաջող ավարտի դեպքում մեր ֆոնդերի պահապանները կլինեն հիմնականում Սարգսյան ազգանունով մարդիկ:

Պատգամավորի մեկնաբանությամբ՝ արդեն երկար ժամանակ ՀՀ տնտեսությունը կաթվածահար է, եւ գործող իշխանությունն ի վիճակի չէ անել քայլեր, որոնք տնտեսությանը փող կբերեն: Իշխանությանը փող է հարկավոր՝ իշխանությունը պահելու համար, որովհետեւ այս իշխանությունը հիմնված է բացառապես փողի վրա: Նրանք դրա համար մտնում են քաղաքացու գրպանը. «Սերժ Սարգսյանը զարմանում էր, թե ինչպես կարող էր գլխավոր շտաբի պետի տեղակալը պարտքով 208 հազար գումար վերցնել մատակարարից: Բայց չի զարմանում, որ ինքն ու իր շրջապատը պատրաստվում են ՀՀ քաղաքացիներին պատկանող պետբյուջեից տարեկան 100 մլն դոլար վերցնել՝ 25-30 տարով, ընդ որում՝ առանց պարտքատիրոջ կարծիքը հարցնելու»:

Նա իր ելույթն ավարտեց Սերժ Սարգսյանին ուղղված կոչով. «Պարո՛ն Սարգսյան, ձեռքներդ ետ տարեք ՀՀ քաղաքացիների գրպանից: Ժողովուրդ, Սերժ Սարգսյանի ձեռքը դուք ինքներդ ետ տարեք ձեր գրպաններից, այլապես կարող եք օր առաջ ոչ միայն գրպան, նաեւ շալվար չունենաք: Ի դեպ, սա ըստ էության Ռոբերտ Քոչարյանի ստեղծած քաղաքականությունն է՝ նոր մոդիֆիկացիայով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031