Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության առջև ծառացած են որակապես նոր խնդիրներ. վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականները կառավարության անդամներին

Հոկտեմբեր 25,2012 15:46

ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյան- Բարև ձեզ հարգելի գործընկերներ: Նիստն ուզում եմ սկսել մի քանի հանձնարարականներով:  Առաջինը՝ պարոն Դումանյան, հանրապետության նախագահը հանձնարարել է, որպեսզի Աբովյանի բժշկական կենտրոնը համարենք առաջնահերթություն և վերազինման, վերանորոգման աշխատանքներ իրականացնենք: Անհրաժեշտ է շտապ քայեր ձեռնարկել, որպեսզի կարողանանք այս տարի սկսել շինարարական աշխատանքները:

Երկրորդ հարցը, հարգելի գործընկերներ, վերաբերում է տնտեսական ակտիվության ցուցանիշին, որ հրապարակվեց Ազգային  վիճակագրական ծառայության կողմից: Այն ցույց է տալիս, որ մենք արդյունաբերությունում, գյուղատնտեսությունում, ծառայությունների մատուցման ոլորտներում ունենք էական աճ, որը գերազանցում է 10 տոկոսը, և դրա արդյունքում մենք այս տարի ունենալու ենք տնտեսական աճի բավականին բարձր ցուցանիշ: Բայց մենք պետք է արձանագրենք, որ այսօր մեր առջև կանգնած է որակապես նոր խնդիր: Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ անցած շաբաթ տեղի ունեցավ Ազգային մրցունակության խորհրդի նիստ, որին մասնակցում էր նաև մասնավոր հատվածը՝ գործարարներ, վերլուծաբաններ, ովքեր իրենց բնագավառներում լուրջ հաջողությունների են հասել՝ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, Հայկ Բաքրջյանը, Անդրանիկ Անդոնյանը: Վերլուծությունները ցույց են տալիս, որ 2013-2014 թվականներին համաշխարհային տնտեսությունը հայտնվելու է որակապես նոր վիճակում: Եթե մենք մինչ այսօր գործ ունեինք զարգացող երկրների ճգնաժամի և տնտեսական աճի ցուցանիշների վատթարացման հետ, այս նոր փուլում արձանագրվում է, որ նաև զարգացող երկրներում տնտեսական աճի ցուցանիշները նվազում են և այս ճգնաժամային միջավայրը շարունակվելու է նաև 2013 թվականին: Այդ տեսակետից էական նշանակություն ունի ներքին ռեսուրսների, ռեզերվերների բացահայտումը և մեր ծրագիրը, որը ներկայացրեցինք Ազգային Ժողովին, այդ տեսակետից խիստ արդիական է:

Որակապես նոր խնդիրը, որ ծառանում է մեր առջև, կայանում է հետևյալում. մենք տարբեր ոլորտներում զգում ենք աշխատուժի պակաս: Այսինքն, մենք գործ ունենք կառուցվածքային գործազրկության խնդրի հետ: Այս խնդիրը մեր առջև սրությամբ դնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Երկու օր առաջ անցկացրեցինք խորհրդի նիստ. ոլորտի բարձր տեմպերով աճը վտանգվում է միայն մեկ պատճառով, որ անհրաժեշտ է աշխատանքային ռեսուրսներ: Ոլորտը տարեկան աճում է 15-20 տոկոսով, ձեռնարկությունների քանակն արդեն կազմում է 300: Մենք պարոն Աշոտյանի հետ պայմանավորվել ենք, որ էապես ավելացնելու ենք համալսարաններում այդ բնագավառի պետական պատվերը: Փաստորեն տեսնում ենք, որ աշխատուժի պակաս ունենք:

Անցած շաբաթ ես այցելել եմ մարզեր: Մարզպետները, համայնքների ղեկավարները նույն խնդիրը ևս դնում են մեր առջև: Օրական 5-7 հազար դրամ վարձատրությամբ չեն կարողանում աշխատողներ ապահովել, որպեսզի իրենց առջև դրված խնդիրները կարողանան լուծել: Քիմիական արդյունաբերությունում, քաղաքապետարանում ևս նմանատիպ խնդիրներ են դրվում մեր առջև, որ աշխատուժի պահանջարկ կա և մենք չենք կարողանում բավարարել այդ պահանջարկը: Այս խնդիրը բոլորիս պետք է մտահոգի և մեզ համար դառնա առաջնային լուծում պահանջող խնդիրներից:

Ինչպիսի վիճակ է հիմա էներգետիկայի ոլորտում, մասնավորապես, Վանաձորի քիմիական գործարանում:

Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյան- Պարոն վարչապետ, հենց այժմ մոտ 150 տարբեր պրոֆիլի մասնագետների կարիք ունենք Վանաձորի քիմպրոմի թողարկման հետ կապված:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան- Պարոն Մարգարյան, քաղաքապետարանում ինչպես է վիճակը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան- Պարոն վարչապետ քաղաքապետարանի ենթակայության հիմնարկներում տարբեր ոլորտներում՝ տրանսպորտի, կապի, կանաչապատման, սանմաքրման, մոտ 300 աշխատողի պահանջ ունենք, հիմնականը վարորդների, կանաչապատման և սանմաքրման աշխատողների: Միջին աշխատավարձը կազմում է 80 հազար դրամ և այդտեղ մենք խնդիրներ ունենք:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան- Շատ լավ, էկոնոմիկայի նախարարությանն անհրաժեշտ է իրականացնել վերլուծական աշխատանքներ և առաջարկություններ ներկայացնել մեզ: Խոսքն այն մասին է, որ մենք պետք է մեր երկրում բարձրացնենք աշխատանքի արտադրողականությունը, որը պետք է զուգակցվի աշխատավարձերի բարձրացումով:

Տարվա կտրվածքով այս պահի դրությամբ ամփոփելով սեպտեմբեր ամիսը՝ տեսնում ենք, որ աշխատավարձերի մոտ 5,3 տոկոսի իրական աճ ունենք, ընդ որում, մասնավոր հատվածում աշխատավարձի աճը գերազանցում է պետական հատվածում աճին: Բայց պետք է գնանք այն ճանապարհով, որ արտադրողականությունը բարձրացնենք, այսինքն, պետք է իրականացվեն կրճատումներ և աշխատավարձի բարձրացում, եթե այս խնդիրը գնալով խորանում է:

Հաջորդ հարցը հրապարակված Doing business-ի արդյունքների մասին է: Իհարկե, շատ կարևոր է, որ մենք 184 երկրների շարքում հայտնվել ենք 32-րդ տեղում, դա բավականին լուրջ առաջընթաց է մեզ համար: Բայց վերլուծությունները, որ կատարում ենք, տեսնում ենք, որ դեռևս շատ անելիքներ ունենք: Ընդհանրապես, այս ինդեքսը չափազանց կարևոր է և դուք նկատել եք, որ բազմաթիվ երկրների ղեկավարներ այս ինդեքսը պահում են իրենց անձնական հսկողության տակ, որովհետև այն ամփոփ ձևով նկարագրում է բիզնես միջավայրը, թե այս կամ այն երկրում բիզնես սկսելու, բիզնեսով զբաղվելու համար ինչպիսի իրական իրավիճակ է ստեղծվել, և ոչ թե օրենսդրական-նորմատիվային, այլ իրական: Սա կարևոր հանգամանք է, որովհետև ինդեքսները տրվում են՝ հարցումներ իրականացնելով մասնավոր հատվածի շրջանակում, թե  իրականում նորմատիվ ակտերը, որոնք մենք ընդունել ենք, կիրառվում են, թե ոչ: Եվ այդ տեսակետից, իհարկե,  կարևոր է, որ մենք ունենք առաջընթաց, բայց մեր խնդիրները հետևյալն են. առաջինը՝ ծառայությունները փոքր և միջին բիզնեսին, մասնավորապես՝ ջուր, գազամատակարարում, աղբահեռացում, էլեկտրաէներգիա, ինչ ծախս է նշանակում բիզնեսի համար: Հիշում եք, որ անցած տարի Ռոբերտ Նազարյանը մեզ զեկուցեց, որ մենք էական փոփոխություններ կատարեցինք ծախսատարությունը կրճատելու համար և փաստացի այսօր արձանագրվեց, որ այդտեղ մենք էական աառաջընթաց ունեցանք, սակայն դեռևս 100-յակի մեջ չենք մտնում: Սա նշանակում է, որ փոքր և միջին բիզնեսի համար այս բեռը պետք է թեթևացնենք: Սա առաջին խնդիրն է:

Երկրորդ խնդիրը վերաբերվում է մաքսազերծման գործընթացին՝ արտաքին առևտրին, Հայաստանից ապրանքների արտահանումը մինչև առաջին նավահանգիստ բոլոր ծախսերին: Այդ տեսակետից նույնպես մենք շատ խոցելի ենք, որովհետև փաստացի ուսումնասիրությունները, որ Համաշխարհային բանկը հրապարակում է, ցույց են տալիս, որ պահանջվող տեղեկանքների քանակով դեռևս զիջում ենք մեր հարևաններին: Մասնավորապես, անհրաժեշտ է վերացնել տարբեր տիպի փաստաթղթերի պահանջը, որ դեռևս օրենսդրորեն կամ ոչ օրենսդրորեն պահանջում ենք, որովհետև նորմատիվային դաշտի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ փաստաթղթերը չպետք է գերազանցեն հինգը, բայց հաշվետվության մեջ նշված է, որ ավելի շատ փաստաթղթեր են պահանջվում: Սա պետք է վերացնենք: Ծախսատարությունը, ապրանքը մինչև Փոթի հասցնելը շատ թանկ է և դա ոչ միայն պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ներսում ծախսատարությամբ, այլև Վրաստանի տարածքով ապրանքները մինչև Փոթի հասցնելու հետ: Մեկ կոնտեյների համար դա կազմում է 1800 դոլարից ավելի, ինչը համեմատության մեջ էապես բարձրացնում է բիզնեսով զբաղվելու դժվարությունը: Այս բնագավառում մենք էական անելիքներ ունենք: Նիստի ընթացքում վարչապետը կրկին անդրադարձել է խնդրին՝ նշելով, որ հիշատակված  1800 ԱՄՆ դոլարից 300-350 դոլարը բրոքերների ծառայության գինն է: Էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է ուսումնասիրել, թե արդյոք միջազգային գների համեմատ այդ գինը խելամիտ է և կարելի է նվազեցնել այն:

Հաջորդ խնդիրը վերաբերվում է արդարադատության ոլորտին: Բիզնեսի շրջանակներում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դատական վեճերը տևում են մեկ տարուց ավելի: Սա շատ ցածր ցուցանիշ է: Այստեղ, պարոն նախարար, պետք է առաջարկություններ ներկայացնեք՝ ինչպես կարող ենք իրավիճակը շտկել: Ընդ որում, այդ դատական վեճերը կարող են լինել նաև բիզնեսի միջև: Երկու մասնավորը եթե միմյանց հետ վիճում են, դատական վեճի ծախսատարությունը և դատական վեճի ժամկետները բարձր են: Ցավոք, այստեղ բավականին հետ ենք:

Այն, որ հասարակությունը մեզնից պահանջում է, որ ավելի խորացնենք բարեփոխումները, կարծում եմ այդ տեսակետից խիստ արդարացված է:

Պարոն Դավթյան, այսօր կառավարության նիստից հետո առաջարկում եմ Ձեզ ևս մեկ անգամ հանդիպել զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներին և ներկայացնել Doing business-ի և առաջընթացը, և այն խնդիրները, որոնք ծառացած են մեր առջև:

Ուզում եմ տեղյակ պահել, որ այն բարեփոխումները, որոնք իրականացնում ենք, արդյունք են տալիս ոչ անմիջապես: Առնվազն 1-2 տարի տարի տևում է, որպեսզի իրական կյանքում այդ բարեփոխումների արդյունքները տեսանելի լինեն, որից հետո նոր Doing business-ի ինդեքսում արտացոլվում են: Էկոնոմիկայի նախարարությունը զեկուցում է, որ բազմաթիվ բարեփոխումներ, որոնք իրականացրել ենք, դեռևս այս հաշվետվության մեջ արտահայտված չեն: Դա նշանակում է, որ հաջորդ տարի ևս առաջընթաց կունենանք, բայց մեզ համար անհրաժեշտ է, որ հանրապետության նախագահի կողմից մեր առջև դրված խնդիրը կարողանանք իրականացնել: Այսօր մենք մտնում ենք աշխարհի լավագույնների 20 տոկոսի մեջ, բայց մեզ համար նպատակը պետք է լինի մտնել առաջին քսանյակի մեջ, եթե ոչ տասնյակի: Իսկ դա նշանակում է, որ իմ կողմից թվարկված ոլորտներում արմատական փոփոխություններ պետք է իրականացնենք, և ցանկալի է հնարավորինս  շուտ:

Հանձնարարվում է Էկոնոմիկայի նախարարությանը, Ֆինանսների նախարարությանը, Պետական եկամուտների կոմիտեին, Արդարադատության նախարարությանը մինչև նոյեմբերի 15-ը ներկայացնել Doing business-ի միջոցառումների նոր ծրագիր, որոնք հաշվի կառնեն իմ կողմից թվարկված ոլորտներում էական փոփոխությունների անհրաժեշտությունը:

Եվ վերջին հանձնարարականը, հարգելի գործընկերներ: Մենք Ազգային Ժողովում հաշվետվություն ներկայացրեցինք պետական բյուջեի կատարման վերաբերյալ: Անհրաժեշտ է, որպեսզի այսուհետ նախարարները բյուջետային քննարկումների ժամանակ անդրադառնան ոչ միայն ֆինանսական միջոցների ծրագրային ցուցանիշներին, այլև այն բարեփոխումներին, որոնք մենք իրականացնում ենք, ինչպես նաև գերակա խնդիրներին, առաջնահերթություններին, որոնք դրվում են նախարարությունների առջև: Խնդրում եմ ձեզ այդ քննարկումների ժամանակ պատրաստ լինել և ներկայացնել ձեր ոլորտների գերակա խնդիրները, որոնք դուք պետք է լուծեք 2013 թվականին:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031