Լրահոս
Օրվա լրահոսը

Հարսին խոշտանգած սկեսուրի պաշտպանը չարաշահո՞ւմ է իր իրավունքները

Հոկտեմբեր 25,2012 15:22

Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ պետք է ընթանար սկեսուրի կողմից խոշտանգված Մարիամ Գեւորգյանի դատական նիստը, դատավարությունը նորից հետաձգվեց` ամբաստանյալ Հայկանույշ Միքայելյանի փաստաբանի չներկայանալու պատճառով: Դատական նիստն արդեն ավարտական փուլում է եւ այսօր կողմերը պետք է իրենց ճառերը ներկայացնեին, որից հետո դատավորը հրապարակեր դատավճռի օրն ու ժամը:

Բոլոր դատական նիստերին կողմերի հարազատները ցուցապաստառներով հավաքվում էին դատարանի շենքի առջեւ: Այս անգամ չէին եկել ամբաստանյալ Հայկանույշ Միքայելյանի հարազատները:

Մարիամ Գեւորգյանի հարազատներն իմանալով, որ փաստաբանն էլ չի ներկայացել, ասացին, որ դա ամենեւին էլ զուգադիպություն չէ. «Հայկանույշի բարեկամները տեղյակ են եղել, որ իրենց փաստաբանը չի գալու, դատն էլ հետաձգվելու է, դրա համար էլ իրենք էլ չեկան»:

Երբ տուժողի փաստաբանը դուրս եկավ դատարանի շենքից, Մարիամի հարազատները շրջապատեցին նրան ու հարց ու փորձ էին անում, ինչին ի պատասխան, Նոնա Գալստյանն ասաց. «Եթե ամբաստանյալի փաստաբանը շարունակի անհարգելի պատճառով բացակայել, սահմանված կարգով, հնարավոր է դատարանը այլ պաշտպանով փոխարինի»:

Իսկ փաստաբանի այսօր դատական նիստին չներկայանալը, ըստ Նոնա Գալստյանի, անհարգելի է, քանի որ .«Նախորդ նիստին ամբաստանյալի պաշտպանը հայտնել էր, որ այսօրվա դատական նիստի օրն ու ժամն իրեն հարմար է եւ որեւիցե հարգելի պատճառ չկար չներկայանալու ու նախապես չի էլ զգուշացրել, որ այսինչ պատճառով չի կարող ներկայանալ դատարան: Պաշտպանը չարաշահում է իր իրավունքները»:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին:

Նշենք, որ տուժող Մարիամ Գեւորգյանի սկեսուր Հայկանույշ Միքայելյանը որդու հետ 10 ամիս շարունակ դաժանորեն ծեծել է հարսին՝ արդուկով այրել կրծքերն ու մեջքը, պատառաքաղով ծակել Մարիամի մարմնի տարբեր հատվածներ եւ այլ դաժանություններ կատարել, ինչի համար էլ մեղադրվում է «դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» եւ «Ծեծ» հոդվածներով: Ամբաստանյալի որդին` Դավիթ Զիրոյանը, որի նկատմամբ եւս քրեական գործ էր հարուցված, համաներմամբ ազատ է արձակվել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031