Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը «անհիմն մարդկանց» անուններ է տալիս, Շարմազանովը կոռեկտության կոչ է անում

Հոկտեմբեր 25,2012 14:58


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր ԱԺ նիստում խմբակցության անունից խոսելով կուտակային կենսաթոշակային համակարգի փաթեթի մասին, ասաց. «Այս համակարգը ներդրվելու է ոչ թե վերացական ինչ-որ տնտեսության մեջ, այլ՝  այսօրվա Հայաստանում գործող շատ կոնկրետ արատավոր եւ անառողջ տնտեսական համակարգի մեջ: Հայաստանն այսօր կառավարում են մի քանի մարդ, ովքեր կուտակել են իշխանությունը, սեփականությունը եւ կապիտալը՝ իրենց ձեռքում: Նրանք կենտրոնացրել են մենաշնորհները, խեղդել են որեւէ առողջ տնտեսական մրցակցություն, կառուցել են Հայաստանի գոյատեւման մի տնտեսական մոդել, որը պտտվում է մի քանի ներմուծող օլիգարխների շուրջ՝ ապահովելով նրանց գերշահույթները:

Այսօրվա գործող քաղաքական եւ տնտեսական համակարգում, իշխանությունն ու սեփականությունը դարձել են հավասարազոր հասկացություններ: Բիզնեսը եւ սեփականությունը գտնվում են մի քանի իշխանավորների ձեռքում: Կուտակային հիմնադրամների ինստիտուտի ներմուծումը նման միջավայրում, ունի միայն մեկ խնդիր՝ այն կբացի նոր հնարավորություններ՝ Հայաստանի այսօրվա իշխանավորների համար: Կուտակային հիմնադրամների կառավարման բիզնեսի մեջ կմտնեն միայն այն մարդիկ, ովքեր ունեն հսկայական ֆինանսական հնարավորություններ, ովքեր հովանավորվում են Սերժ եւ Տիգրան Սարգսյանների կողմից:

Մրցակցության բացակայությունը թույլ չի տա մարդկանց ընտրել իրենց միջոցների կառավարման համար ամենաարդյունավետ կառավարիչներին, որովհետեւ այդպիսի բան թույլ չեն տա այսօրվա մենաշնորհների միջավայրում: Եթե չլինի մրցակցություն, հիմնադրամները կկառավարեն անարդյունավետ, լավագույն դեպքում կսպսարկեն ներմուծող օլիգարխների շահերը կամ ինչը ավելի հավանական է՝ կյուրացվեն հիմնադրամների կառավարիչների կողմից: Բնակչությունից վերցրած հսկայական միջոցները այսպիսով կընկնեն… անուններ ասեմ՝ Սերժ Սարգսյանի, Միքայել Մինասյանի, Տիգրան Սարգսյանի, Արմեն Գեւորգյանի հովանավորչությունը վայելողների ձեռքը: Կուտակային հիմնադրամների ստեղծման հետ կապված հարկերը ոչ թե կդառնան կապիտալի շուկայի եւ տնտեսության զարգացման խթանիչ, այլ մեր առանց այդ էլ սնանկացած ժողովրդի համար բեռ, նաեւ մանր ու միջին բիզնեսի համար»:

Ըստ պարոն Զուրաբյանի, այս իշխանությունները սխալ տեղից են սկսում ՀՀ տնտեսության բարեփոխումը. «Այս օրինագծերը կարող են դրական արդյունքներ տալ, եթե նախեւառաջ քանդվի գործող մենաշնորհային համակարգը, երբ ՀՀ-ում երաշխավորված կլինի ազատ եւ արդար տնտեսական մրցակցությունը: Այդ պայմաններում նոր հնարավոր կլինի ներդնել կուտակային ծրագիրը:

Դրան պիտի նախորդեն տնտեսության ապամենաշնորհացումը եւ բիզնեսն իշխանությունից տարանջատելը: ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու»:

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին դուր չեկավ Լեւոն Զուրաբյանի ելույթը. «Հարգելի խորհրդարան, մենք քննարկում ենք կոնկրետ հարց, եւ  բոլոր պատգամավորներին առաջարկում եւ հորդորում եմ, որ խոսեն կոնկրետ հարցից, այլ ոչ թե իրականացնեն քաղաքական կանխատեսումներ եւ անհիմն մարդկանց անուններ տան: Չպետք է խորհրդարանը սարքել ոչ կոռեկտ քննարկումների առարկա: Խնդրում եմ բոլորիդ խոսել կոնկրետ հարցի էությունից, այլ ոչ թե անհիմն մարդկանց անուն-ազգանուններ տալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031