Լրահոս
Օրվա լրահոսը

Եր. Բոզոյան. «Կարծում եմ՝ ոչ մի հանցագործ բան չի ասել և ամոթ է, որ այդ մարդու անձի շուրջ այդպիսի աղմուկ է առաջացել»

Հոկտեմբեր 25,2012 14:33

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն իր վերջին հայտարարության մեջ ասել է, թե երկրում այսօր կա Սերժ Սարգսյանին մարտահրավեր նետելու ունակ երկու խոշոր քաղաքական ուժ` «Բարգավաճ Հայաստան»-ը և ՀԱԿ-ը: Այնուհետև մանրամասնել է.  «Լինելու է կենաց եւ մահու պայքար, եւ ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի, որ կարողանա ռեժիմի դեմ պայքարում, դեմոկրատիայի հաստատման այս պայքարում ձեռք բերել անհրաժեշտ դաշնակիցներ, որոնք շահագրգռված կլինեն, որ այս քաղաքական տրամաբանությունը փոխվի, որ այսուհետեւ Հայաստանում լինեն լրիվ այլ խաղի կանոններ, որ քաղաքականությունը եւ բիզնեսը իրարից բաժանված լինի, որ սեփականությունն ու բիզնեսը երաշխավորված, ապահովագրված լինի դեմոկրատական կարգերով, մրցակցային միջավայրով եւ այլն: Ահա այս խնդիրների շուրջ, ես կարծում եմ, որ կարող են համախմբվել և Հայ ազգային կոնգրեսը, և «Բարգավաճ Հայաստան»-ը, և ընդհանրապես լայն հասարակությունը»:

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Երվանդ Բոզոյանը պարոն Զուրաբյանի հայտարարությունների կապակցությամբ որոշ վերլուծություններ կատարեց: Օրինակ՝ քաղաքագետը նշեց. «Պարզ է մեկ բան, որ այսօր քաղաքական պայքար է ընթանում, և այս քաղաքական պայքարում, եթե քաղաքական դաշտում  կոնսոլիդացիա չառաջանա, ապա այս իշխանությունները կարող են հեշտությամբ վերարտադրվել: Ուզում եմ արձանագրել,  որ այս իշխանությունը վերջին չորս-հինգ տարիներին որևէ հաջողություն չի գրանցել ոչ ներքին և ոչ էլ արտաքին քաղաքականության մեջ, և ի տարբերություն  իր նախորդների՝ չկա մի բնագավառ, որտեղ  դրական առաջխաղացում արձանագրեր: Եթե այս իշխանությունը վերարտադրվի, քաղաքական դաշտը կամայանա: Սա կլինի առաջին դեպքը,  որ ամբողջովին ձախողված իշխանությունը հեշտությամբ կարողացավ վերարտադրվել: Հասկանում եմ, որ այս հանգամանքը չի հուզում հայ մտավորականներին և լրագրողներին, քանի որ բամբասանքների խնդիրն ավելի հեշտ է վերլուծել և մեկնաբանել: Ի վերջո հասարակությանը չի հետաքրքրում, թե Լևոն Զուրաբյանն ինչ է ասում, ՀՀԿ-ն ինչ է պատասխանում: Հասարակությանը մտահոգում է այն, թե կա այլընտրանք այսօրվա վարվող քաղաքականությանը: Մարդկանց մի մասը լուռ հայտարարում է, որ չկա և հեռանում, մի մասը սպասում է»:

Մեկնաբանելով Լ. Զուրաբյանի հայտարարությունը՝ քաղաքագետը նշեց. «Նա հայտարարել է, որ պետք է ամեն ինչ անել, որ ստեղծվի հակադիր բևեռ, որը զսպաշապիկ լինի ներկայիս իշխանություններին: Կարծում եմ՝ ոչ մի հանցագործ բան չի ասել և ամոթ է, որ այդ մարդու անձի շուրջ այդպիսի աղմուկ է առաջացել»:

Կանխատեսելով, թե էլ ինչ կլինի, եթե ներկայիս իշխանությունները վերարտադրվեն, պարոն Բոզոյանը նշեց, թե քաղաքական դաշտի կարկառուն ներկայացուցիչներ են դառնալու Արտաշես Գեղամյանն ու Խոսրով Հարությունյանը, առավելագույնը «Ազատ դեմոկրատների» և «Ժառանգության» կլասի  քաղաքական ուժերը կունենան վարկանիշ:

Մանրամասնելով՝ մեր զրուցակիցը նաև նշեց. «Իշխանությունը կունենա իր միկրոաշխարհը, ինչ ուզի՝ կանի, քաղաքական թամաշայի համար կլինեն այնպիսի շոուներ, որտեղ մի կուսակցության մեջ կռիվ կլինի…այսպիսի բան վերջին քսան տարիների ընթացքում չի եղել: Եղել են խարդավանքներ, բամբասանքներ, բայց եղել է քաղաքական պրոցես, այն եղել է  գխավոր քննարկման թեմա: Վատ, թե լավ, թե իշխանությունը,  թե ընդդիմությունը ներկայացրել է հասարակության տարբեր շերտերին: Այսօրվա քաղաքական վերնախավը ինքը պետք է պատասխան տա՝ ներկայացնո՞ւմ է հասարակությանը, թե՞ ոչ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031