Հոկտեմբերի 24-ից բարեկամական այցով Ռումինիա են մեկնել Տավուշի մարզի Իջեւանի, Բերդի, Նոյեմբերյանի, Այրումի քաղաքապետերը: Քաղաքապետերն իրենց ղեկավարած համայնքների եւ ռումինական քաղաքների միջեւ բարեկամական կապեր հաստատելու վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրելու: Նրանք Ռումինիայում կմնան 6 օր: Բերդ քաղաքը բարեկամանալու է ռումինական Ֆոքշանի քաղաքի հետ: Սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Անդրանիկ Շառյանը պարտվել է, Բերդի քաղաքապետի նրա լիազորությունները լրանում են նոյեմբերի 8-ին: Ա. Շառյանը ի՞նչ միջոցներով է մեկնել Ռումինիա: Բերդի քաղաքապետարանի հաշվապահ Շուշան Սմբատյանն ասաց, որ համայնքի բյուջեից տրամադրվել է միայն Շառյանի ճանապարհածախսը՝ 200 հազար դրամ: Բերդի քաղաքապետարանի շենքն անմխիթար վիճակում է, պատուհանների մի մասի ապակիները ջարդված են: Այդ 200 հազար դրամով կարելի էր պատուհանները ապակեպատել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ