Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյանի դեմ այս հայցի քննությունն էլ ավարտվեց

Հոկտեմբեր 25,2012 14:11

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբիկ Ներսիսյանն այսօր մտավ խորհրդակցական սենյակ՝ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ հայցով դատական ակտ կայացնելու:

Մինչ այդ, դատարանը հետազոտեց «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲԸ հինգ աշխատակիցների, հայցվորներ՝ Արեգ Հովհաննիսյանի, Արամ Բաբայանի, Օլեգ Լեփյանի եւ մյուսների գործով առկա փաստաթղթերը, ապացույցները: Դատարանը զննեց նաեւ այս տարվա ապրիլի 20-ին նշյալ ՓԲԸ բակում Հմայակ Հովհաննիսյանի եւ հայցվորների միջեւ տեղի ունեցած վեճի տեսահոլովակը:

Հայցվորների կարծիքով՝ Հ. Հովհաննիսյանը վիրավորել էր իրենց:

Հայցվորներից յուրաքանչյուրը դատարանից պահանջում էր, որպեսզի Հմայակ Հովհաննիսյանը հրապարակային ներողություն խնդրի, ապա հատուցի 200 000 ՀՀ դրամ գումար, իսկ 200 000 ՀՀ դրամ էլ պահանջում էին իրենց փաստաբան-ներկայացուցչի՝ Գեղամ Այվազյանի իրենց իրավաբանական օգնություն ցույց տալու գումարը:

Դատարանում հետազոտված փաստաթղթերում, ինչպես հրապարակեց դատավոր Ռ. Ներսիսյանը, առկա էր Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ՓԲԸ աշխատակիցների նամակը, Հմայակ Հովհաննիսյանի կողմից դատական նիստը հետաձգելու մասին դիմումը /փաստաբանի կողմից գործի նյութերին ծանոթանալու համար/, ինչպես նաեւ այս տարվա հուլիսի 4-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում Հմայակ Հովհաննիսյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին որոշումը:

Դատական նիստին մասնակցում էին հայցվորների ներկայացուցիչ Գեղամ Այվազյանը եւ պատասխանողի ներկայացուցիչ Լիաննա Գրիգորյանը:

Լրատվամիջոցներ չկային:

Դատական ակտը կհրապարակվի նոյեմբերի 8-ին:

Ի դեպ, «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲԸ տնօրենի հայցով էլ ընդդեմ Հմայակ Հովհաննիսյանի դատական ակտը այս նույն համայնքի դատավոր Արայիկ Մելքումյանը կհրապարակի նոյեմբերի 1-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.-Մինչ նիստը սկսելը, դատավոր Ռուբիկ Ներսիսյանը դիմեց պատասխանողի ներկայացուցիչ Լիաննա Գրիգորյանին, ասելով, որ պետք չէ սպիտակը ներկայացնել սեւ:

Հավանաբար, նա նկատի ուներ այն, որ փաստաբանը նշանակված դատական նիստին ներկայացել է 1 օր հետո, մինչդեռ քաղաքագետների միության նախագահը հայտարարություն էր տարածել, թե անտեղի ձգձգվում է իրենց նիստը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031