Օպերային թատրոնի տնօրենը՝ վերազինվող բեմի եւ գլխավոր բալետմայստերի մասին
Վերջերս Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը հայտարարեց, թե բալետային խումբը հայտնվել է փողոցում: «Առավոտը» հանդիպեց թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանին՝ այս խնդիրը պարզաբանելու նպատակով: Մեր զրուցակիցը նշելով, թե Խառատյանի կողմից բարձրացված «բալետային» աղմուկը միանշանակ անիմաստ էր, ասաց. «Թատրոնի բեմը ժամանակակից բարձրակարգ տեխնիկայով վերազինելու աշխատանքների կապակցությամբ, դեռեւս մեկ ամիս առաջ թատրոնի տնօրինությունն ուսումնասիրում էր ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, հաճախ հանդիպում մշակույթի նախարարին: Նպատակը մեկն էր. որպեսզի հնարավորինս չխաթարվի թատրոնի մեծաթիվ կոլեկտիվների (նվագախումբ, երգչախումբ, բալետային խումբ եւ մենակատարներ) բնականոն ստեղծագործական կյանքը: Այսօր բեմի վերազինման աշխատանքները մտել են երկրորդ փուլ, մոտ օրերս էլ ներկրվելու է ահռելի քանակությամբ բարձրակարգ տեխնիկա եւ միաժամանակ սկսվելու են տեղադրման աշխատանքները: Ընդ որում, առաջին փուլի ընթացքում կարողացանք այնպես կազմակերպել աշխատանքները, որ ստեղծագործական աշխատանքները բնականոն ընթանան: Իսկ հիմա հնարավոր չէ, քանի որ բարդ պրոցես է բեմի վերազինումը, իսկ մենք ի վիճակի չենք ապահովելու արտիստների անվտանգությունը»:
Հետաքրքրությանը՝ կոնկրետ ստեղծագործական խմբերի փորձերը որտե՞ղ են անցկացվելու, մեր զրուցակիցն ասաց. «Նվագախումբը փորձեր կանցկացնի Ամերիկյան համալսարանի դահլիճում, երգչախումբը՝ Կոմպոզիտորների միությունում, բալետի արտիստները՝ Մանկավարժական համալսարանի պարային բաժնի դահլիճներում: Իսկ մենակատարները փորձերը կանցկացնեն երկրորդ հարկի սրահում, օգտվելով կառավարական մուտքից, կապ չունենալով տարվող աշխատանքների հետ»: Ժամկետների հետ կապված՝ պարոն Հովհաննիսյանն ասաց, որ որոշվել է նոյեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը դադարեցնել բոլոր աշխատակիցների ելումուտը վարչական տարածք, բացառությամբ նրանց, ովքեր անմիջական կապ ունեն տարվող աշխատանքների հետ: Տնօրենը նաեւ հայտնեց, որ նշյալ ժամանակահատվածը կհամարվի հարկադիր պարապուրդ եւ աշխատակիցները վճարվեն 2/3-ի չափով՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի:
Կարդացեք նաև
Ճի՞շտ է մեզ հասած այն տեղեկությունը, թե իբր ստեղծագործական խմբերն աշխատելու են ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ: Կամո Հովհաննիսյանը հաստատեց լուրը, մանրամասնելով. «Կաշխատեն ոչ լրիվ աշխատանքային շաբաթ՝ ըստ ղեկավարի հայեցողության: Ժամանակավոր փորձատեղիները նրա համար են, որ կոլեկտիվները մնան մասնագիտական «ֆորմայի» մեջ»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ