Եկող տարվանից Վանաձորի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանները նաեւ այդ պատճառով կսկսեն ավելի շատ աշխատել
Վանաձորի հանրային պաշտպանի գրասենյակի հանրային պաշտպանների կարծիքով՝ 2013 թվականի հունվարից գրասենյակի աշխատանքները կավելանան:
Այս տարվա hունվարի 19-ից ուժի մեջ մտած եւ հանրային տարակարծությունների տեղիք տված «Փաստաբանության գործունեության մասին» օրենքի փոփոխություններն աչքաթող չեն արել նաեւ հանրային պաշտպանի գրասենյակներին:
Եթե այսօր hանրային պաշտպանի գրասենյակները ՀՀ սոցիալապես անապահով խավերին անվճար իրավաբանական օգնություն են ցուցաբերում քրեական ու քաղաքացիական առանձին` օրենքով նախատեսված գործերով, ապա եկող տարվա սկզբից գրասենյակները պարտավորվում են անվճար օգնություն տրամադրել նաեւ քաղաքացիաիրավական ոլորտում առաջացած բոլոր խնդիրներով:
«Մտածում ենք, որ ծանրաբեռնվածությունը կմեծանա` նկատի ունենալով մեր քաղաքի սոցիալական ծանր վիճակը»,- ասում է հանրային պաշտպան Արսեն Սերոբյանը:
Նրա կարծիքով՝ քաղաքացիների շրջանում քաղաքացիաիրավական ոլորտին վերաբերող բազմաթիվ կուտակված գործեր կան, որոնք էլ առիթ կդառնան, որ մարդիկ ավելի շատ դիմեն գրասենյակ:
«Ովքեր ժամանակի ընթացքում կուտակված խնդիրներ ունեն եւ գումար չունենալու պատճառով չեն կարողացել դիմել փաստաբանին, այժմ հնարավորությունը թույլ կտա դիմել մեզ, եւ արդյունքում հոսքը կավելանա»,- ասում է Արսեն Սերոբյանը:
Հանրային պաշտպան Հովսեփ Հովսեփյանն էլ նկատում է, որ միայն ծառացած խնդիրները չեն դրդում մարդկանց թակելու հանրային պաշտպանի գրասենյակի դուռը, ըստ նրա, մարդկանց վստահությունն էլ կարեւոր հանգամանք է:
«Լոռու մարզում հանրային պաշտպանի գրասենյակի աշխատանքներին վստահում են իրավունքների պաշտպանության առումով, այդ պատճառով էլ ավելի հաճախակի են դիմում, սակայն հունվարից կսկսեն ավելի շատ դիմել նաեւ այն պատճառով, որ այստեղի բնակչությունն ավելի պակաս եկամուտներ ունի, այստեղ ավելի աղքատ են»,- ասում է Հովսեփ Հովսեփյանը:
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ