«Կուսակցական» կայքերն ուսումնասիրելիս տպավորություն է ստեղծվում, թե կուսակցական «բոսերն» ու մամուլի պատասխանատուները մամուլում կարդում են միայն իրենց քաղաքական ու անձնական «ինքնասիրությունը շոյող» հրապարակումները:
Բոլոր կուսակցությունների կայքերն ունեն հատուկ էջ, որը հիմնականում վերնագրվում է «Ինչ է գրում մամուլը մեր մասին» կամ պարզապես՝ «Մամուլը մեր մասին»: Այստեղ կոնկրետ չի շեշտվում, թե ինչ «լավ» բան է գրում մամուլն իրենց մասին: Ուստի կարելի է ենթադրել, որ տվյալ էջում կարելի է գտնել տվյալ կուսակցության մասին «լավ ու վատ» հրապարակումներ, առանց խտրականության: Բայց, պարզվում է, կա հենց հակառակ մոտեցումը՝ ներկայացվում են միայն կուսակցական գովազդային կամ գովաբանական հրապարակումները:
Օրինակ՝ ՀՀԿ-ի կայքում «Մամուլը մեր մասին» էջում ներկայացվում են մարտ ամսվա հրապարակումները. երեք հրապարակումից երկուսում ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանի խոսքն է. մեկում՝ news.am կայքում կուսակցության կայքի շնորհանդեսին նա, ՀՀԿ համամասնական ցուցակի մասին խոսելով, «ձեռքի հետ» էլ փառաբանում է ՀՀ վարչապետի գործունեությունը եւ, նկատի ունենալով նրա մարզեր եւ գյուղեր կատարծ այցերը, հավաստիացնում է, որ դա ոչ թե նախընտրական քարոզարշավ է, այլ՝ ժողովրդավարության դրսեւորում: Մյուս հրապարակմամբ, armenpress-ում ներկայացվում է նույն միջոցառման ժամանակ նույն մարդու խոսքը, այս անգամ փառաբանվում էր կուսակցության թարմացված կայքը: Երրորդ հրապարակումը panorama.am կայքից է, որով պրատակոլային կարգով ներկայացվում էր մարտի 10-ին կայացած ՀՀԿ համագումարում նախագահի ելույթն ու դրա գնահատականը՝ խիստ դրական լույսի ներքո: Կարծես թե այսքանով սահմանափակվում են ՀՀԿ-ի մասին հայաստանյան մամուլի հրապարակումները: Որքան էլ կայքում փնտրեցի մամուլի որեւէ հրապարակում, որում մի «թթու» կամ քննադատական խոսք է ասվում կուսակցության ու նրա «շեֆերի» մասին, որտեղ խոսվում է վարչապետի տնտեսական քաղաքականության բացթողումների, ընտրական պրոցեսներում ՀՀԿ-ականների կողմից բազմաթիվ ապօրինությունների, մականունավոր կուսակցականների «քաջագործությունների» մասին, որոնց մամուլը շատ է անդրադարձել, որեւէ նման հրապարակում չգտա: Ի դեպ, այս կայքի գլխավոր էջում բացակայում են կուսակցության հիմնադիրների՝ Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի լուսանկարները, գլխավոր էջում միայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարն է:
ԲՀԿ-ի կայքում նույնպես կա էջ՝ «Մամուլը մեր մասին» խորագրով, որը ավելի ճիշտ կլիներ անվանել «Մենք՝ մեր մասին» կամ՝ «Մեր հարցազրույցները մամուլում»: Այստեղ ներկայացվում են հարցազրույցներ տարբեր լրատվամիջոցներում, որոնք տվել են կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իր փեսան՝ Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, եւ եւս երկու ԲՀԿ-ական: Ի դեպ, այս էջում ներկայացված է նաեւ, որ «Իրավունք» թերթի խմբագրակազմի կողմից Գագիկ Ծառուկյանն ստացել է հավաստագիր, որով նա ճանաչվել է «2009 թ.-ի Հայաստանի Հանրապետությունում տարվա լավագույն քաղաքական գործիչ, ակտիվ պետական, քաղաքական, հասարակական գործունեություն ծավալելու համար»: Կայքում շատ են նաեւ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից հովանավորված միջոցառումների, բարեգործությունների լուսաբանումները: Հետո էլ, երբ նախընտրական շրջանում այդ հիմնադրամի բարեգործությունները գնահատվում են որպես ընտրակաշառք, ոմանք երդվում են, որ հիմնադրամը կապ չունի կուսակցության գործունեության հետ: Բա այդ դեպքում կուսակցական կայքում ի՞նչ գործ ունեին նրա գործունեության լուսաբանումները: Այստեղ նույնպես չգտնվեց կուսակցության հասցեին քննադատական որեւէ հրապարակում:
ՕԵԿ-ի կուսակցական կայքը բացելիս տպավորություն է ստեղծվում, թե այստեղ միշտ նախընտրական հոգեվիճակի մեջ են. թեեւ ընտրությունները մնացել են յոթ սարի հետեւում, կայքի գլխավոր էջում ներկայացվում է ՀՀ ԱԺ նախընտրական քարոզարշավը հանրապետության տարբեր մարզերում: Նույն տեսանյութերն են նաեւ «Մեդիա» էջում: Իսկ որպես «հույժ կարեւոր» հրապարակում, առաջին էջում ներկայացվում է slaq.am-ի հոդվածը, որտեղ գյուղնախարար Սերգո Կարապետյանը հավաստիացնում է, որ իր եւ Արթուր Բաղդասարյանի հարաբերությունները մտերմիկ են եւ գործնական, որեւէ լարվածություն իրենց միջեւ չկա: Հրապարակման վերջում էլ մի քանի լավ խոսք է ասվում գյուղնախարարի հասցեին: Այս կայքում նույնպես բացառված են «անցանկալի» հրապարակումները:
Ավելի հետաքրքիր ու դեմոկրատական է ՀԱԿ դաշինքի կայքը: Նախ՝ գլխավոր էջում բացվում են ոչ միայն դաշինքի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ դաշինքին մաս կազմող կուսակցությունների ղեկավարների լուսանկարները, այլ նաեւ ակտիվիստների, երիտասարդների լուսանկարները եւ դրանք պարբերաբար փոփոխվում են: ՀԱԿ առաջնորդի անձի կարեւորությունը, ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի առաջնորդների, արտահայտվում է միայն մյուս համախոհների լուսանկարների համեմատ մի փոքր ավելի մեծ լինելով: Ուշագրավ է, որ այստեղ լուսանկարների միջեւ կան «բաց» խորանարդիկներ, որտեղ լուսանկարները բացակայում են. գուցե այստեղ խորհրդավորություն կա, եւ այս խորանարդիկներն այն մարդկանց լուսանկարների տեղերն են, ովքեր ՀԱԿ-ի գաղտնի կողմնակիցներն ու ակտիվիստներն են, բայց չեն ցանկանում բացահայտել իրենց քաղաքական կողմնորոշումը: Մամուլի հրապարակումներ այստեղ ներկայացված են երեք էջերում. «Տպագիր մամուլ», «Լուսաբանում» եւ «Հարցազրույցներ»: Ինչպես տեսանք, այստեղ ոչ մեկը չէր խորագրված՝ ինչ են գրում թերթերը մեր մասին, քանի որ նման հրապարակումներ, որ կոնկրետ մամուլը որեւէ կարծիք գրեր ՀԱԿ-ի մասին` չկար, ոչ լավ, ոչ վատ: «Տպագիր մամուլ» էջում հիմնականում «ՀԺ»-ում մարտիմեկյան դեպքերին առնչվող հրապարակումներն են, «Լուսաբանում» էջում հարցազրույցներ եւ ասուլիսների լուսաբանում հիմնականում «ՉԻ»-ում, եւ «Հարցազրույցներ» էջում` դաշինքի «դեմքերի» հարցազրույցները տարբեր ընդդիմադիր լրատվամիջոցներին:
Անգամ այս մոտեցումների փոքրիկ ուսումնասիրությունից կարելի է կարծիք կազմել, թե քաղաքական որ ուժը որքանով է անաչառ` լրատվության ու մամուլի հարցում, որքանով է գնահատում խոսքի ազատությունն ու որքանով կարող է սահմանափակել ու «խմբագրել» այն:
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ