Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ատկատային ռիսկեր»

Հոկտեմբեր 25,2012 13:09

Մեկ ամսից ավելի է անցել նախագահ Սերժ Սարգսյանի՝ կառավարությունում անցկացրած խորհրդակցությունից, որի ժամանակ նա, ի թիվս այլ խնդիրների, խոսել է նաեւ «ատկատների» մասին: Շատ բնական կլիներ, որ կառավարությունը հրապարակեր այս մեկ ամսում պետական պատվերների կամ գնումների համար կայացած մրցույթների արդյունքները եւ հայտարարեր. «Ահա այս մրցույթներն անց են կացվել բացարձակապես թափանցիկ պայմաններում, մրցույթ անցկացնողներն ու մրցույթում հաղթողներն իրար հետ որեւէ կապ չունեն, եւ այստեղ որեւէ «ատկատ» բացառվում է»: Այնքան ժամանակ, որքան նման հայտարարություն չի արվում, մենք կարող ենք ենթադրել, որ «ատկատները» շարունակվում են:

Արդեն բազմիցս ասվել է, որ մեր ամենացավոտ խնդիրն է պետական պաշտոնյաների եւ բիզնեսի սերտաճումը: Եթե մարդը, օրինակ, ճանապարհային ոստիկանության պետ է եւ միաժամանակ երթուղային գծեր ունի, կամ եթե նա բնապահպանության նախարար է եւ զուգահեռաբար զբաղվում է հանքային բիզնեսով, ինձ համար միանշանակ է, որ նա հարստանում է պետության, այսինքն՝ մեր՝ հարկատուներիս հաշվին: Նույնն է տեղի ունենում, եթե նախարարը մրցույթ է անցկացնում, եւ շինարարություն անցկացնելու իրավունքը ստանում է իր բարեկամը: Ի դեպ, այդ դեպքում շինարարության ցածր որակը գրեթե 100 տոկոսով «ապահովագրված է»:

Անշուշտ, դրական երեւույթ է, որ դրա մասին խոսվում է բարձրագույն մակարդակով: Բայց անհասկանալի երեւույթները դեռեւս շարունակվում են: Օրինակ՝ իրենց եկամուտների հայտարարագրերում կառավարության անդամները, սկսած վարչապետից, նշում են, որ վերջին տարիներին ձեռք են բերել միլիոն կամ մի քանի միլիոն դոլար՝ սա այն դեպքում, երբ նույն կառավարությունը հերոսական ճիգերով նվազագույն աշխատավարձը բարձրացնում է 2500 դրամով: Որքան էլ գումարում եմ վարչապետի եւ նախարարների աշխատավարձերը, միեւնույն է՝ միլիոն դոլար չի ստացվում: Բայց եթե նրանք հայտարարագրում են այդ գումարները, ուրեմն, հավանաբար, կարող են դրանց համար հաշվետվություն տալ: Հետաքրքիր է` ինչպե՞ս:

Գուցե հարստանալու դեռեւս չսպառված ռեսուրս են նաեւ Հանրապետության հրապարակում գտնվող շենքերը: ԱԳՆ-ի շենքը արդեն վաճառեցին, բայց, որքան հասկանում եմ, այսքանով կառավարությունը չի պատրաստվում սահմանափակվել: Նույն հրապարակում են գտնվում նաեւ տրանսպորտի եւ կապի նախարարությունը, բուն կառավարությունը, ինչպես նաեւ Ազգային պատկերասրահը, եւ պաշտոնյաները հայտարարում են, որ շահավետ առաջարկների դեպքում այս շենքերը նույնպես կվաճառվեն: Դե, իսկ որ նման առաջարկներ կլինեն, կարելի է չկասկածել: Այդ առեւտուրն, անշուշտ, իր մեջ նույնպես պարունակում է «ատկատային ռիսկեր»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031