Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյան. «Համամիտ չեմ Լեւոն Զուրաբյանի հարցադրումներին»

Հոկտեմբեր 25,2012 12:11

Հատված ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանի հետ հարցազրույցից:

– Եթե դիտարկենք նախորդ երկու ամիսները, կտեսնենք, որ ԲՀԿՀԱԿ համագործակցության կոչերը, ինչպես հաստատեցին շատ քաղաքագետներ, ՀԱԿի կողմից են արվում։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է սրա պատճառը։

– Չեմ ամաչում ասել, որ ես տեղյակ չեմ ԲՀԿ-ՀԱԿ բանակցություններից։ Կա՛մ դրանք շատ գաղտնի են ընթանում, կա՛մ՝ չկան, միայն ցանկությունների դաշտում են։

Օրերս ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ «երբ կան ՀԱԿ-ն ու ԲՀԿն, հատկապես՝ եթե նրանք համագործակցեն, ապա դա դառնում է այս իշխանության համար մղձավանջ։ Եվ հնարավոր է քաղաքական երկու այս խոշոր ուժերի համադրմամբ հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին»։ Համամի՞տ եք Լ. Զուրաբյանի հետ։

– Ես չեմ ուզում Լ. Զուրաբյան մեկնաբանել։ Լսել եմ նրա ողջ հայտարարությունը։ Կարող եմ միայն ասել, որ իր անձնական տեսակետն է, ու տեղ գտած հարցադրումների հետ ես համամիտ չեմ։ Հետո ի՞նչ, որ համամիտ չեմ։ Նա էլ կարող է ինձ հետ համամիտ չլինել։

ՀԱԿի ներկայացուցիչների մեծ մասն, ըստ մամուլում հրապարակվող նյութերի, միանշանակ իրենց առաջադրվող թեկնածու են համարում Լևոն Տեր-Պետրոսյանին ու հերքում են կուսակցության այլ անդամների թեկնածության տարբերակները։ Իսկ ԲՀԿի անունից մի շարք անուններ են հնչում՝ որպես թեկնածուներ։ Մեր թերթին տված հարցազրույցում ասել էիք, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին որպես քաղաքական գործիչ չեք տեսնում։ Այսինքն՝ Գ. Ծառուկյանին ՀՀ նախագահի պաշտոնում չեք պատկերացնում։ ԲՀԿում այլ կադր տեսնո՞ւմ եք նախագահի պաշտոնում։

– Գտնում եմ, որ կուսակցությունը պետք է ունենա իր սեփական թեկնածուն թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական, թե ՏԻՄ ընտրություններում։ Ես կցանկանայի, որ իմ կուսակցությունը՝ ՀՀՇ-ն, օրինակ, ունենար իր թեկնածուն։ Դրանից հետո, թե այս կամ այն ուժերը, մարդիկ կսատարեն, կհամախմբվեն, դա այլ հարց է։ Լինել ՀՀ նախագահի թեկնածու, իմ պատկերացմամբ, համապատասխան կրթություն, խարիզմա ունենալուց զատ, իր շուրջը քաղաքական մեծ քաշի գործիչներին հավաքելու կարողությանը տիրապետելն է։ Նախագահի պաշտոնը աթոռ չէ, որ նստես ու հեռախոսով հանձնարարականներ տաս։ Դա թիմային աշխատանք է, որը պետք է ունենա իր ծրագիրը, իր արդեն պատրաստ խումբը՝ կառավարական համակարգում աշխատելու, խորհրդարանում քաղաքական ուժը ներկայացնելու համար։ ԲՀԿ-ի մասին խոսում են ավելի շատ այլ ուժերը, քան հենց ինքը՝ ԲՀԿ-ն։ Օրինակ, ՀԱԿ-ն ասում է, որ մենք կսատարենք, ասենք, ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ թեկնածուին, իսկ ԲՀԿ-ն լռում է այս առիթով։ ՀՀԿ-ն էլ ասում է, որ մենք ունենք կոալիցիոն հուշագիր, որի առկայությունը ԲՀԿ-ն ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է։ Սա տարօրինակ է, միայն սա կարող եմ ասել։ Թող չնեղանան ԲՀԿ-ականները, այդտեղ շատ լավ մարդիկ կան, բայց քաղաքական գործիչ չեն դառնում միայն հայտարարելով։ Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի թեկնածուին, ասեմ, որ ես, իհարկե, կցանկանայի, որ առաջադրվեր ՀՀՇ անդամ Լևոն ՏԵր-Պետրոսյանը, որին մենք կսատարեինք ու կստեղծեինք իմ նշած քաղաքական թիմը։

Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031