Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվին մտահոգել են Ղարաբաղի զորավարժությունները

Հոկտեմբեր 25,2012 11:52

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Լեռնային Ղարաբաղում անցկացված զորավարժություններին, որոնց գլխավոր՝ մարտական հրաձգության փուլին «Տիգրանակերտ» զորավարժարանում նախօրեին հետեւել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Ադրբեջանի արտաքին գերատեսչությանը հատկապես նյարդայնացրել է Հայաստանի նախագահի ներկայությունը ռազմական այդ միջոցառմանը։ «Սերժ Սարգսյանի այցը Հայաստանի կողմից օկուպացված տարածքներ միջազգային բոլոր իրավունքների խախտում է», – երեկ հայտարարել է, մասնավորապես, Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը։

Լեռնային Ղարաբաղ - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերում, 22-ը հոկտեմբերի, 2012թ.

Զորավարժությունների ավարտին նախագահ Սարգսյանը դրվատանքով էր խոսել զինվորների ցուցադրած ռազմական հմտությունների մասին՝ խոստանալով, որ Պաշտպանության բանակը երբեւէ նյութական ռեսուրսի կարիք չի ունենա։

«Ինչպես երեկ, ինչպես այսօր՝ վաղը եւս դուք ունենալու եք ամենաժամանակակից մարտական սպառազինությունը, որովհետեւ այլ ճանապարհ մենք չունենք: Մենք ապրում ենք մի ​​տարածաշրջանում, որտեղ ինքներս պետք է մեր անվտանգությունն ապահովենք», – հայտարարել էր, մասնավորապես, Հայաստանի նախագահը։

«Դուք ձեր գործը փայլուն կատարեցիք այսօր։ Տեսնում եմ զգալի աճ, ինչը շատ կարեւոր է, եւ այս աճը պետք է լինի շարունակական։ Այն, ինչ  այսօր դուք ցուցադրեցիք, իրոք արժանի է շնորհակալության», – ասել է Սերժ Սարգսյանը` հավելելով. – «Եվ ես վստահ եմ, եթե Աստված մի արասցե, պահը գա, դուք անելու եք այն, ինչ ուղղակի պարտավոր եք անել: Դուք անելու եք այն, ինչի համար երդում եք տվել»:

Ադրբեջանից արձագանքներ են հնչել նաեւ Հայաստանի արտգործնախարարի վերջին հայտարարությունների վերաբերյալ։

Այս շաբաթասկզբին Մեխիկոյում իր մեքսիկացի գործընկերոջ հետհանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը ասել էր, մասնավորապես, որ «Ադրբեջանի ղեկավարությունն իր ապակառուցողական, սադրիչ եւ տարրական բանականությանը հակասող քայլերով ամեն ինչ անում է բանակցությունները փակուղի մտցնելու եւ տապալելու համար»:

Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը լրագրողների հետ ճեպազրույցում հակադարձել է, թե «տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանի նախագահը հանձնարարել է արտգործնախարարին սադրանք կազմակերպել Ադրբեջանի նկատմամբ, սակայն Հայաստանին դա չի հաջողվի»։

Կարլեն Ասլանյան

Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031