Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՀԿ պատգամավոր. «Ստիպված ենք ընտրություն կատարել վատի ու վատթարի միջեւ»

Հոկտեմբեր 25,2012 11:42

Կառավարությունը խորհրդարան է բերել մի նախագիծ, որով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել 2500 դրամով՝ այսօրվա 32 հազար 500 դրամի փոխարեն այդ ցուցանիշը հասցնելով 35 հազար դրամի։ 

   ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ (ԲՀԿ)

-Եթե մեկը կողքից նայեր, կմտածեր՝ բյուջե ենք ընդունում կամ, չգիտեմ, այնպիսի մի հեղափոխական փոփոխություն ենք անում, որի վրա արժեր երկու օր շարունակ գլուխ կոտրել։ Ընդամենը բարձրացնում ենք նվազագույն աշխատավարձը 2500 դրամով։
Կառավարությունն ասում է՝ սա է հնարավորությունը։ Մենք համաձայն չենք. եթե նույնիսկ մի պահ ընդունենք, որ իրենց ասածն ամբողջությամբ ճիշտ է, եւ այս պահին իրոք հնարավոր չէ ավելին անել՝ ուրեմն եկեք վերանայենք եկող տարվա բյուջեն։ Եթե խնդիր կա նվազագույն աշխատավարձը բարձրացնելու, պետք էր գոնե այնքան բարձրացնել, որ համահունչ լիներ նվազագույն սպառողական զամբյուղին։
Եթե դա չենք կապում նվազագույն սպառողական զամբյուղի հետ, չենք ասում՝ այդ գումարով մարդը կարող է իր նվազագույն կարիքները հոգալ, այդ դեպքում ինչո՞ւ ենք բարձրացնում, ի՞նչ հարց ենք լուծում դրանով։ Ի՞նչ է դրված հաշվարկների հիմքում՝ քիչ է հետաքրքրում մեր քաղաքացուն, որը իսկապես դրա կարիքն ունի, չի կարող ապրել 35 հազար դրամով։ Այդ իմաստով իմ, մեր վերաբերմունքը խիստ բացասական է։
   –Այսինքն՝ ԲՀԿ-ն դե՞մ է քվեարկելու այս նախագծին։
-Ինչպե՞ս կքվեարկենք՝ չեմ կարող ասել, դեռ պետք է քննարկենք, որովհետեւ իսկապես մեզ բարոյական խնդրի՝ երկընտրանքի առաջ են կանգնեցրել։ Հասկանալի է, որ 35 հազար դրամն ավելի լավ է, քան 32 հազար 500-ը. եթե չքվեարկենք, կստացվի, որ դեմ ենք նվազագույն աշխատավարձի բարձրացմանը թեկուզ այդ 2500 դրամի չափով։
Այսինքն՝ ստիպված ենք ընտրություն կատարել վատի ու վատթարի միջեւ, բայց սա այլ խնդիր է. ռազմավարության տեսանկյունից, կարծում եմ, ուղղակի ազնիվ չէ այսպես վարվել քաղաքացու հետ, ասել՝ պարտավոր ես գոյատեւել 35 հազար դրամով, այն էլ այսպիսի գնաճի պայմաններում, երբ կենսական անհրաժեշտության մթերքները օր օրի թանկանում են։
-Ձեզ կարող են ասել՝ այս խնդիրը նոր չէ, մշտապես արծարծվել է նախորդ չորս տարիներին, երբ ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ էր. ինչո՞ւ այն ժամանակ չեք ընդվզել, չեք բողոքել անարդարության դեմ եւ միայն այսօր եք խոսում այդ մասին։
-Նախ, եթե ինչ-որ բան ժամանակին չի արվել, ապա դա բոլորովին չի նշանակում, թե անընդհատ պետք է դա օրինակ բերել եւ շարունակել նույն ոգով։ Դա սխալ մոտեցում է եւ սազական չէ Ազգային ժողովին։
Երկրորդ՝ ԲՀԿ-ն մեծամասնություն չի եղել նույն կոալիցիայում, գործուն լծակներ չի ունեցել՝ ազդելու որոշումների ընդունման վրա։ Այս պարագայում ասել՝ ինչո՞ւ այս կամ այն խնդիրը չի լուծվել, կարծում եմ՝ ճիշտ չէ. հարցը սխալ հասցեով է ուղղված։
Եթե կառավարությունն ի սկզբանե քաղաքական մեծամասնություն է, ուրեմն նա էլ պատասխանատու է վարվող քաղաքականության համար. կոալիցիոն մյուս ուժերը քանի պորտֆել ունեն կառավարության կազմում ՝ արդեն որեւէ նշանակություն չունի։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031