Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Լավ PR-ի դեպքում մենք էլ կհայտնվենք եթերում, և մեզ էլ կհրավիրեն համերգներին»

Հոկտեմբեր 25,2012 11:23

Ասում է «Los Locos» խմբի անդամ Տիկ Պակիտո Այվազյանը (Tik Paquito Ayvazyan):

2007թ.  հայաստանյան երաժշտական իրականություն մուտք գործեց «Los Locos» խումբը: Այն  սկզբնական շրջանում  նվագում էր իսպանացի երաժիշտների ստեղծագործություններ, իսկ այսօր արդեն կատարում է խմբի անդամ, ֆլամենկո կիթառահար Տիկ Պակիտո Այվազյանի հեղինակած ստեղծագործությունները: Խումբը հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում: Համերգների ընթացքում հաճախ  նվագել է նաև իսպանացի երաժիշտների հետ: Այսօր էլ խումբն ունի Ռուսաստանում համերգային ծրագրերով հանդես գալու առաջարկներ, որտեղ ներկա կլինեն նաև իսպանացի որոշ երաժիշտներ: «Ֆլամենկոն այն է, ինչ ես զգում եմ»,- մեզ հետ զրույցի ընթացքում ասաց հեղինակ, կիթառահար, «Los Locos» խմբի անդամ Տիկ Պակիտո Այվազյանը:
– Ի՞նչ ես հանդիսատեսին փոխանցում քո ստեղծագործությունների միջոցով:

– Իմ ստեղծագործություններում արտացոլվում է իմ ապրելակերպը: Խոսում եմ թե կորուստների մասին, թե ձեռքբերումների: Ես արտացոլում եմ այն, ինչ զգում եմ՝ սեր, հիասթափություն, կորուստ, ուրախություն:

– Ո՞ր զգացմունքներն են քո ստեղծագործություններում գերակշռում:

– Երևի` ավելի շատ հիասթափությունն ու թախիծը: Դա պայմանավորված է կորուստներով և անհաջողություններով: Դրանք իմ կյանքում մեծ  շարան են  եղել: Դա էլ է նպաստել, բայց այնպես չէ, որ միայն դա է գերակշռում: Իմ զգացմունքներին ավելացել է նաև ֆլամենկոն, որը պատմում է գնչուների ապրելակերպի, ձախողումների, նրանց անցած ուղու մասին, և ստացվել է այն, ինչ ստացվել է:

– Հայ հանդիսատեսը, ըստ քեզ, հասկանո՞ւմ է քո երաժշտությունը:

– Շատ փոքր շրջանակ կա, որն իսկապես գնահատում և ընկալում է այս երաժշտությունը:  Մնացածը ձևական բնույթ է կրում: Իսկ երբ ասում են, որ սիրում են ֆլամենկո երաժշտությունը, նրանք մեծամասամբ այդ երաժշտությունը շփոթում են լատինաամերիկյան երաժշտության հետ: Շատերը կան, ովքեր նվագում են, իրենց ասելով` ֆլամենկո երաժշտություն, բայց դա այնքան էլ այդպես չէ: Շատ քչերն են այսօր այդ երաժշտությունը նվագում, քանի որ տեղյակ չեն երաժշտության մասին: Շատերը չգիտեն ֆլամենկոյի ու լատինաամերիկյան երաժշտության տարբերությունը: Լինում են նաև դեպքեր, երբ մարդիկ գալիս և ակնկալում են ինչ-որ հանրահայտ լատինաամերիկյան երաժշտություն լսել, բայց վերջում մոտենում և ասում են, որ այն, ինչ ակնկալում էին լսել՝ չլսեցին:

– Ի՞նչ արձագանքներ ես հիմնականում ստանում՝ դրակա՞ն, թե՞ բացասական:

– Թե՛ դրական, թե՛ բացասական արձագանքներ էլ լինում են: Բացասականն ավելի քիչ է: Չգիտեմ` ինչո՞վ է դա պայմանավորված: Միգուցե մարդիկ ուղղակի ամաչում են մոտենալ և ասել, որ իրենց դուր չի գալիս, կամ էլ իսկապես հավանում են մեր երաժշտությունը:

– Ի՞նչ ես կարծում, օտարի երաժշտությունը մատուցելը որքանո՞վ է քեզ մոտ ստացվում:

– Չեմ կարող ասել, թե որքանո՞վ է դա ինձ մոտ ստացվում, դրա մասին ես չէ, որ պետք է խոսեմ, բայց երբ ես բեմում եմ` ամբողջությամբ տրվում եմ հանդիսատեսին և իմ երաժշտությանը: Եթե բեմում ես, ուրեմն պետք է տրվես մարդկանց, կապ չունի` մե՞կ հոգի է սրահում նստած, թե՞ մի քանի:

– Զրույցի ընթացքում ասացիր, որ Իսպանիան քո տարերքն է, ի՞նչը քեզ գրավեց:

– Ինձ գրավեց երաժշտությունը, հետո`ամբողջ մշակույթը, ապա՝ իրենց պատմությունը, որին քիչ թե շատ ծանոթ եմ:

– Զուգահեռներ անցկացնո՞ւմ  ես հայերի և գնչուների միջև: Կա՞ մի բան, որ կցանկանաս՝ հայերն էլ ունենան:

– Ես ավելի շատ կցանկանայի, որ մենք գնայինք այս երկրից: Բայց իրականում կցանկանայի, որ լուրջ հանդիսատեսը շատ լիներ համերգներին: Ուզում եմ, որ ձևական հանդիսատես չլինի: Եթե դու բեմում ես և լիովին տրվում ես երաժշտությանը, բայց դիմացդ նստած է մեկը, ով խոսում է կամ հեռախոսազանգին է պատասխանում` դա արդեն զզվելի է:

Երևի չպետք է խոսեմ այդ մասին: Ես որքան խոսում եմ այդ ամեն ինչի մասին` այնքան այդ բացասական հարվածներն ինքս էլ ուտում եմ: Չեմ սիրում այն աղբը, ինչ կա թե՛ երաժշտության ոլորտում, թե՛ ամենուր: Դրա դեմ անիմաստ է խոսել: Այն, ինչի մեջ շատ փող կա, դրա դեմ պայքարելն անիմաստ է:

– Երևանյան համերգներին և առհասարակ խմբակային համերգներին դուք չկաք,  ինչո՞ւ է այդպես:

– Ձրի համերգներ-միջոցառումներ որ լինում են՝ հրավիրում են: Դա կախված է կազմակերպիչներից, իսկ կազմակերպիչները նայում են առավել պահանջարկ ունեցող երաժիշտներին: Իսկ մեր երաժշտությունն այնպիսին է, որ հասարակության ոչ ստվար զանգվածն է այն լսում:

– Միգուցե լավ PR-ի դեպքում հասարակությունը սկսի ձեզ էլ լսել:

– Եթե լավ PR ունենանք, հնարավոր է, որ հրավերները շատանան: Ես համոզված եմ դրանում: Բայց հարցը գումարի մեջ է: Եղել են դեպքեր, երբ մենք ինքներս ենք ամբողջովին կազմակերպել մեր համերգները՝ աֆիշներից սկսած` ամեն մանրուքով վերջացրած: Բայց վերջում, երբ բեմ ես բարձրանում, հասկանում ես, որ այնքան էլ լավ չես պատրաստվել համերգին, որ կան թերի կողմեր:

– Հիմա ձեզ որտե՞ղ կարելի է լսել:

– Այստեղ՝ Երևանում, սահմանափակվում ենք «Գաֆէսճեան» կենտրոնով և ամեն երեքշաբթի` «Ուլիխանյան»  ակումբում նվագելով: Պարզ է, որ մեզանից և ոչ մեկը չի ցանկանա սահմանափակվել ակումբներով. բեմի կարիքը կա: Դու ցանկանում ես, պահանջ ունես բեմում նվագելու, զգալու հանդիսատեսի ջերմությունը:

– Ունե՞ք երևանյան ակումբներում նվագելու այլ առաջարկներ:

– Իհարկե, առաջարկներ ունենում ենք:

– Ո՞ր դեպքում եք հրավերն ընդունում, իսկ ո՞ր դեպքում ՝ մերժում:

– Մեծ գումարի դեպքում ցանկացած համերգի առաջարկ էլ կընդունենք: Եթե ինձ հիմա մեծ գումար տան` ես պատրաստ եմ այս ծառերից մեկը կտրել…  Կատակում եմ, բայց իսկապես գումարի դերն այսօր շատ մեծ է: Որքան փորձում ես ազնիվ, արդար լինել, մեկ է` գլխավոր դերը փողինն է: Եթե դրամի խնդիր լինի, յուրաքանչյուր մարդ կարող է գնալ այնպիսի քայլերի, որոնք նա  միշտ բացառել է իր կյանքում:

«168 ԺԱՄ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031