Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորն իրեն պատասխանատու չի զգում, որ իր քննած գործով Եվրադատարանը Հայաստանի դեմ վճիո է կայացրել

Հոկտեմբեր 25,2012 11:14

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դւստարանի դատավոր Գայանե Կարախանյանն այն դատավորն է, ում քննած գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռների հիման վրա ՀՀ կառավարությունն ամենաշատ փոխհատուցումը պետք է վճարի։

Այս ամսվա սկզբին Եվրադատարանի կողմից Հայաստանի դեմ կայացված չորս վճիռներից երկուսի՝ «Դանիելյանը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի» եւ Ժիրայր Սեֆիլյանի կալանքի գործերը ժամանակին քննել է Գայանե Կարախանյանը։ Եւ նրա արձակած երկու վճիռների հետեւանքով այսօր ՀՀ պետական միջոցներից պետք է վճարվի 101 հազար 506 եվրո գումար։ Այսպիսով, Կարախանյանը դատավորների շրջանում առայժմ «անվիճելի առաջատար» է: Այս խնդրի շուրջ մի քանի հարց ուղղեցինք դատավորին։ Նա նախ ասաց, որ Դանիելյանների եւ մյուսների գործն ինքը չի մտաբերում։ Երբ հիշեցրինք, որ Բուզանդի օտարումների գործերից է եղել, ասաց. «Այդ թվերին նմանատիպ այնքա՜ն հայցեր ենք լսել»։ Մեր այն հարցին, թե արդյոք իրեն պատասխանատու է զգում այն բանի համար, որ ժամանակին իր կողմից քննած գործով Եվրադատարանը Հայաստանի դեմ վճիո է կայացրել, որի հիման վրա պետական բյուջեից 95 հազար եվրոյից ավելի գումար պետք է վճարվի, դատավորը պատասխանեց. «Առաջին ատյանից բացի, այդ գործերը քննել են նաեւ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները»։

Ներկայումս Եվրադատարանում Կարախանյանի կողմից քննված այլ գործեր եւս կան, որոնցով ԵԴ-ն դեռ վճիռներ չի կայացրել։ Դրանցից է՝ 2008 թվականի մարտի 1-ին «Չերյոմուխա 7» տեսակի հատուկ միջոցով ոստիկանների դիմահար կրակոցից սպանված Գոռ Քլոյանի, Տիգրան Խաչատրյանի եւ Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդների բողոքը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ գլխավոր դատախազության անգործության դեմ։ Այս գործը եւս քննել է Գայանե Կարախանյանը եւ մերժել մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների բողոքը։ Այսինքն, ըստ Կարախանյանի, մարտի 1-ի սպանությունները բացահայտելու հարցում ՀՔԾ-ն եւ դատախազությունն անգործության մատնված չեն։

Կասկած չկա, որ մի քանի տարի հետո էլ այս գործով Եվրադատարանը Հայաստանի դեմ վճիռ կկայացնի, կարձանագրի, որ ներպետական ատյանները խախտել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ կստիպի պետական միջոցներից փոխհատուցում հատկացնել մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին։ Իսկ երբ մենք դատավոր Կարախանյանին հարցնենք՝ իրեն պատասխանատու զգու՞մ է, թե ոչ, նա, անշուշտ, կասի. «Դա ինչ հարց է, որ ինձ տալիս ես»։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031