Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը լռում է ու լռում

Հոկտեմբեր 25,2012 11:00

Ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակային ելույթ չի ունենում եւ նոր քաղաքագիտական վերլուծություններ չի անում։ Մինչդեռ դրա կարիքը վաղուց է զգացվում։ ԲՀԿ-ն, փաստորեն, շարժվելով առաջին նախագահի գծած ճանապարհային քարտեզով, արդեն որոշ քայլեր կատարել է իշխանափոխության ճանապարհին (ԱԺ ընտրություններին առանձին ցուցակով մասնակցելը, ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի դեմ կենաց-մահու կռիվ տալը, համարյա քաղբանտարկյալ ձեռք բերելը եւ այլն,) եւ այսօր նրան օդ ու ջրի պես նոր քաղաքագիտական դիրեկտիվներ են հարկավոր։ Բայց, ինչպես ասացինք, Լեւոն Տեր-Պետրոսյանը լռում է։ Ինչո՞ւ։

Ինչ վերաբերում է Զուրաբյանի պերճախոսությանը, ապա պառլամենտում ներկայացված ՀԱԿ սոխակի երգեցողությունը բոլորովին չի տեղավորվում հայտնի քաղաքագիտական վերլուծությունների համոզիչ տոնայնության մեջ եւ ավելի շուտ ԲՀԿ-ին ուղղված թեթեւսոլիկ սիրահետում է հիշեցնում՝ «Կանչում եմ, կանչում եմ, յար, արի, յար» երգի մոտիվներով։ ԲՀԿ-ի չարդարացված դանդաղկոտությունը ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի դեմ լայնածավալ հարձակում սկսելու գործում արդեն լրիվ հունից հանել է ՀԱԿ-ի պատգամավորական կորպուսը, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը լռում է ու լռում։ Մի քիչ էլ որ լռի, Զուրաբյանը կարող է «Ազատություն» ռադիոկայանին ավելի խայտառակ հարցազրույցներ տալ եւ վերջնականապես տապալել ոչ միայն «Քաղաքագիտական վերլուծություններ» գիտահանրամատչելի ձեռնարկի գաղափարական հենասյուները, այլեւ ի չիք դարձնել հույսը, թե ՀԱԿ-ը դեռեւս որեւէ բան ընդունակ է անել առանց ԲՀԿ-ի։

Ստացվում է, որ հեռատես Լեւոն Տեր-Պետրոսյանը, կրակն ընկավ՝ մի դրական խոսք ասաց ԲՀԿ-ի մասին։ Այդ խոսքից կառչած՝ ՀԱԿ-ում նրա տեղակալները քունուդադար կորցրել են ու մտածում են տեղ հասնել հատկապես ԲՀԿ-ի գավակին նստած։ Եվ այնքան են տարվել այդ հեռանկարով, որ արդեն մոռացել են, թե ում դեմ են իրենք պայքարում առհասարակ՝ Սերժ Սարգսյանի՞, Ռոբերտ Քոչարյանի՞, Արթուր Բաղդասարյանի՞, թե՞ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի, ով ամոթը վերջնականապես չի կորցրել ու ԲՀԿ-ի մեջ չի տեսնում ՀԱԿ-ի փրկությունը։

Լեւոն Զուրաբյանը լրիվ տրվել է էպիկական քաղաքականությանը։ Ըստ նրա՝ բոլորի «թշնամին» Սերժ Սարգսյանն է, ով ոչ ուտում, ոչ խմում է, այլ միայն մտածում է Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ մյուսներին սնանկացնելու, ունեզրկելու մասին։ Եթե այս ամենը Լեւոն Զուրաբյանը չասեր, կարելի կլիներ մտածել, որ նոր քաղաքագիտական վերլուծություն է հասունանում՝ նախորդից առնվազն 180 աստիճան տարբերվող։ Բանն այն է, որ Զուրաբյանը, առաջին անգամը լինելով ՀԱԿ պատմության մեջ, Ռոբերտ Քոչարյանին նույնպես ներառում է իշխանափոխության համընդհանուր գործի մեջ եւ, ինչ-որ տեղ, նաեւ նրան կարեկցում ու համարում Սերժ Սարգսյանի զոհ։ Այսքանից հետո, կարծում եմ, մենք պիտի լուր տանք Փոքր Մհերին, որ ժամանակն է դուրս գալու քարից, քանզի նրա մատնանշած գարու հատիկն այլեւս դարձել է «քանց մասուր մի»։ Ուրիշ էլ ի՞նչ կառաջարկեիք, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը Քոչարյանին համարում է Հայաստանի դժբախտության պատճառը, իսկ Լեւոն Զուրաբյանը նույն Քոչարյանին տեսնում է ԲՀԿ-ի բախտակիցների շարքում եւ համոզմունք հայտնում, որ, ՀԱԿ-ի հետ դաշնակցած, նրանք կարող են հասնել իշխանափոխության։

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031