Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ ՙԱբուլ՚ հասարակական կազմակերպությունն Ախալքալաքում Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հովանու ներքո հոկտեմբերի 1-ից իրականացնում է ՙԿիրակնօրյա դպրոց՚ ծրագիրը։
Դպրոցը գործում է շաբաթ-կիրակի օրերին, յուրաքանչյուր դասաժամ տևում է 40 րոպե։ Այստեղ այցելում են հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ, ովքեր արտադասարանական կրթությունը, իրենց առօրյան ինչ-որ կերպ կազմակերպելու հնարավորություն չունեն։
Ծրագրի նպատակներից է ջավախահայ երեխաներին հաղորդակից դարձնել Հայ առաքելական եկեղեցուն և նրա դարավոր ավանդույթներին, հզորացնել եկեղեցասեր համայնքը, ինչպես նաև պայքարել աղանդների դեմ։ Կիրակնօրյա դպրոցում դասավանդվում են կրոնագիտություն, եկեղեցու պատմություն, հոգևոր երաժշտություն, տոնագիտություն և այլ առարկաներ։ Դասերն անցկացվում են ինտերակտիվ մեթոդներով՝ համեմված տարբեր խաղերով, որոնք պարունակում են տրամաբանությունը, հիշողությունը զարգացնող տարրեր։ Կազմակերպվում են ճանաչողական բնույթի էքսկուրսիաներ, որոնց շնորհիվ դպրոցի սաները ծանոթանում են Ջավախքի պատմամշակութային արժեքների հետ։ Պարբերաբար անցկացվում են կինոդիտումներ՝ հոգևոր-մշակութային, ազգային և դաստիարակչական թեմաներով։
Կարդացեք նաև
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն