Ինչքան համառ են դառնում Հայ ազգային կոնգրեսի սիրահետումները «Բարգավաճ Հայաստան»-ին, այնքան ավելի սառն են դառնում «Բարգավաճ Հայաստան»-ի արձագանքները դրանց: Մասնավորաբար, երեկ ԲՀԿ-ի խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, թե Կոնգրեսի անհատների կարծիքներ չի մեկնաբանում՝ կապված Լևոն Զուրաբյանի հայտարարությունների հետ, իսկ ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ հայտարարել է, որ ՀԱԿ-ի հետ համագործակցության արտախորհրդարանական որևէ ձևաչափ և ԲՀԿ-ՀԱԿ ջերմություն չի կարող լինել:
Այլ կերպ ասած՝ «Բարգավաճ Հայաստանը» Հայ ազգային կոնգրեսին ուղարկում է, այսպես ասած, շատ հեռու, սակայն զարմանալի է, որ ինչքան հեռու է ուղարկում ԲՀԿ-ն Կոնգրեսին, այնքան Կոնգրեսը հեռվից ավելի թափով է գալիս՝ «Բարգավաճ Հայաստան»-ին գրկելու: Այս հարաբերությունները հիշեցնում են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, և երևի թե պատահական չէ, որ, ըստ էության, երկու ուժերն էլ հանդիսանում են ռուսական դաշտի խաղացողներ:
Բանն այն է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների պարագայում էլ Ռուսաստանը վիրավորում է, նվաստացնում է տարբեր մակարդակներում, անտեսում և արհամարում է, իսկ Հայաստանում շարունակում են համառորեն սիրել Ռուսաստանին և «օրհնել ռսի ոտը»: Ինչո՞ւ է Հայաստանը նմանօրինակ կերպով արձագանքում նվաստացուցիչ վարքին: Որովհետև Հայաստանն, առանց Ռուսաստանի, անկարող է իր մեջ կամք գտնել՝ փոխելու իրավիճակը և շարժվելու առաջ:
Նույն վիճակում է այսօր Հայ ազգային կոնգրեսը: Եվ սակայն ամենից ցավալին այստեղ այն է, որ, կորցնելով իրավիճակը փոխելու ուղղությամբ կամքի բոլոր ռեսուրսները, վանելով հասարակությանը հեռու, Հայ ազգային կոնգրեսը, ԲՀԿ-ի գիրկը նետվելուն զուգահեռ, նաև թունավորում է բոլոր այն միջավայրերը, որտեղ իր այդ բհկատենչ պոռթկումները չեն ընդունվում ծափահարություններով և շախմատային հանճարեղ հաշվարկների վերաբերյալ հիացական տմբտմբոցներով:
Կարդացեք նաև
Եվ երբ հայացք ենք նետում քառամյա հեռվից, առնվազն շոկային է այն անկումը, որ արձանագրել է 2008 թվականի լայն ժողովրդական շարժումը: Ընդ որում, խնդիրը բոլորովին էլ քանակին չի վերաբերում կամ հանրահավաքների հաճախակիությանը, կամ իշխանությունների դեմ գործողությունների կտրուկ տարբերակներին: Բացարձակապես խնդիրն այս չէ: Խնդիրը շարժման բովանդակությունն է, բովանդակային դեգրադացիան: Դա է շոկայինը:
Միևնույն ժամանակ, նման իրավիճակում իհարկե լավ է, երբ Կոնգրեսը ներկայիս իր էությունը բացահայտում է շատ ավելի արագ, քան կարելի էր սպասել: Այլ կերպ ասած՝ Կոնգրեսը արագորեն մոխրանում է, ինչը, որքան էլ զարմանալի թվա, հանրային տեսանկյունից դրական երևույթ է՝ հաշվի առնելով այն, որ այս քաղաքական կառույցը, եզակի բացառություններով հանդերձ, որոնք առնվազն առայժմ ոչինչ չեն որոշում, ըստ էության, վերածվել է քաղաքական ահաբեկչի։ Եվ խնդիրն այն է, որ ահաբեկում է ոչ այնքան իշխող համակարգին, որքան հասարակությանը:
Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
«Ժամանակ»