Հայաստանը ընթացիկ տարվա հուլիսից 1000 խմ ռուսական գազը ձեռք է բերում $244-ով. կառավարությունը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը շարունակում են պնդել, թե ռուսական գազի գինը չի փոխվել և կազմում է $180/1000 խմ։ Գազի թանկացման հետևանքով «ՀայՌուսգազարդը» այս տարվա ինն ամիսներին արդեն 35 մլրդ-ի վնաս է կրել, որը գործադիրն ամենայն հավանականությամբ կփոխհատուցի նախագահական ընտրություններից հետո։ Մինչև 2013թ. փետրվար մնում է 5 ամիս։
Գործադիրը «ջայլամային համառությամբ» շարունակում է հերքել անհերքելի փաստերը։ Օրերս Հայաստանում անցկացված հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստի շրջանակում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը շարունակում էր պնդել, թե Հայաստանը ռուսական գազը ձեռք է բերում $180/1000 խմ գնով, իսկ ռուսական կողմի հետ շարունակվում են գազի գնի շուրջ բանակցությունները։ Սա այն դեպքում, երբ ռուսական «Գազպրոմը» դեռևս հուլիսին հայտարարել է, որ հայկական կողմի հետ ներկայում աշխատում է 2012թ. մայիսին ստորագրված փաստաթղթով, որով և սահմանված է Հայաստան առաքվող գազի գինը։ Իսկ գազի գնի փոփոխության փաստն ամրագրված է Պետական եկամուտների կոմիտեի վիճակագրությունում։
Այսպես, ըստ ՊԵԿ-ի վիճակագրության, այս տարվա առաջին կիսամյակում ներկրված 1000 խմ ռուսական գազի մաքսային արժեքը կազմել է $219, այս տարվա ինն ամիսներին՝ $225։ Երրորդ եռամսյակում ներկրված 1000 խմ ռուսական գազի մաքսային արժեքը կազմել է $244։ Ստացվում է, որ հուլիսից Հայաստանի համար «Գազպրոմը» 1000 խմ գազի գինը բարձրացրել է $25-ով։
Հայաստանի համար ռուսական գազը թանկացել է դեռևս 2011թ. երրորդ եռամսյակից ($205/1000 խմ), թեև փաստն առ այսօր չեն ընդունում «ՀայՌուսգազարդը» և կառավարությունը։ Գազի գնի փոփոխությունն է հիմնական պատճառը, որ «ՀայՌուսգազարդը» 2011թ. կրել է 15,4 մլրդ-ի վնաս՝ գազի իրացման ծավալների մոտ 13% աճի պայմաններում։
Կարդացեք նաև
«ՀայՌուսգազարդը» վնասներ կրում է նաև այս տարի։ Ներկայում ներքին շուկայում ընկերությունը բնակչությանը գազն իրացնում է 132 հազ./1000 խմ, խոշոր սպառողներին՝ $243,13/1000 խմ սակագնով։ Հաշվարկման հիմքում դրված է ռուսական գազի $180/1000 խմ գինը։
Հաշվի առնելով ռուսական գազի նոր գինը և սակագնում բացառելով մյուս գործոնները՝ բնակչության համար 1000 խմ-ի գինը պետք է լիներ 172 հազ., խոշոր գազասպառողների համար՝ $304։ Հիմք ընդունելով այն, որ այլ սպառողներին և բնակչությանը այս տարվա ինն ամիսներին իրացվել է 510 մլն խմ-ի, իսկ խոշոր գազասպառողներին՝ 618 մլն խմ-ի գազ, ապա մոտավոր հաշվարկներով «ՀայՌուսգազարդը» հունվար-սեպտեմբերին արդեն կրել է 35 մլրդ-ի վնաս, որից միայն 20 մլրդ-ը՝ բնակչության մասով։
ՊԵԿ-ի տվյալները, ինչպես նաև հաշվարկները ևս մեկ անգամ հաստատում են պնդումը, որ հայկական և ռուսական կողմերը պայմանավորվել են գազի գնի փոփոխության մասին լռել մինչև 2013թ. փետրվար՝ մինչև ՀՀ նախագահի ընտրություններ։ Այս պայմաններում ռուսական գազի գնի փոփոխությունը վերջնական սպառողի վրա չի անդրադառնա, և ըստ «Օրակարգի» աղբյուրների՝ ներքին շուկայում սակագները կմնան անփոփոխ, իսկ կառավարությունը գների տարբերությունը կհատուցի «ՀայՌուսգազարդում» իր 20% բաժնեմասի 10%-ը «Գազպրոմին» (պատկանում է «ՀայՌուսգազարդի» 80%-ը) փոխանցելու ճանապարհով։
Բացի այդ՝ հայկական կողմի և «Գազպրոմի» միջև ներկայում բանակցություններ են ընթանում Հայաստան ռուսական էներգառեսուրսների մատակարարման երկարաժամկետ պայմանագրի շուրջ։ Ըստ Արմեն Մովսիսյանի՝ այս պայմանագրի շրջանակում Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը կլինի արտոնյալ պայմաններով՝ բավական ցածր։
«Օրակարգի» աղբյուրների փոխանցմամբ՝ «էժան» գազի դիմաց կառավարությունը սկսել է քննարկել նաև Ռուսաստանին Որոտան կասկադի հէկերի վաճառքի տարբերակը։ Ներկայում գերմանական KfW բանկի €51 մլն վարկային միջոցներով արդիականացվում և վերազինվում են Սպանդարյան, Շամբ և Տաթև հէկերը։ Հասկանալի է, որ վերանորոգումից հետո Որոտանի կասկադը դառնում է բավական գրավիչ ակտիվ։
Հայաստանյան մամուլում վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, թե Որոտանի կասկադը վաճառվելու է նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Միքայել Մինասյանին (Սերժ Սարգսյանի դստեր ամուսինը)։ Իշխանությունները, ամենայն հավանականությամբ, այս կերպ փորձում են հասարակությանը նախապատրաստել Որոտանի կասկադի վաճառքի գործարքին։
CIVILNET