«Գագիկ Ծառուկյանը, ասես, մատնոցի վրա խաղացնում է 3 նախագահներին եւ չի ասում` շարիկը ում տակն է»: Ժամանակին քաղաքագիտական այս վերլուծությունն արած Հմայակ Հովհաննիսյանն այսօր հստակ արդեն գիտի ու կանխատեսում է՝ շարիկը ում տակն է: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց. «Երեւի ընդհանրապես այնտեղ շարիկ չկա, եւ շարիկն իր գրպանում է: Ինքն է դնելու իր թեկնածությունը»:
Մեր հարցին՝ Ձեր կարծիքով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր Պետրոսյանը չի՞ գիտակցել, որ Գագիկ Ծառուկյանն իրեն խաղացրել է մատնոցի վրա եւ հիմա էլ պիտի ԲՀԿ-ի թեկնածուի՞ն պաշտպանի, Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Իսկ ի՞նչ հնարավորություն ունի: Քաղաքականությունը հնարավորությունների հասնելու արվեստ է: Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը ի՞նչ հնարավորություններ ունի, որ այդ ճանապարհով չգնա: Եթե ինքը չի պաշտպանում՝ ուրեմն երկու տարբերակ կա՝ կա՛մ ինքը պիտի առաջադրվի, կա՛մ ինքը պիտի ասի՝ ես ընդհանրապես ոչ ոքի չեմ պաշտպանում: Իհարկե, ասել՝ ոչ ոքի չեմ պաշտպանում, դա շատ ավելի ծանր է: Ուրեմն ինքը պիտի առաջադրվի: Ինքը երբ առաջադրվում է՝ ֆիասկոյի է ենթարկվում: Հասկանում եք, իր համար այդ 3-ից չարյաց փոքրագույնը ասելն է, որ ստեղծված իրավիճակում, քանի որ իշխանությունը բիրտ ճնշումներ է իրականացնում Վարդան Օսկանյանի դեմ, այո՛, նա մեղավոր է, բայց ես էլ ներողամիտ եմ: Ժողովուրդը ինձ ներեց, ինչո՞ւ պետք է ես ուրիշի չներեմ…մի այսպիսի ճառ կարտասանի, ու այդ իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս կգա: Իսկ մյուս երկու տարբերակները՝ առաջադրվում է ինքը կամ ընդհանրապես ասում է՝ ես գնացի տուն՝ ծիրան աճացնելու, այգի մշակելու եւ գիտական աշխատանքով զբաղվելու, դա՞ ինչ է: Դա ավելի լա՞վ տարբերակ է, քան պաշտպանելու միասնական թեկնածուին՝ ի դեմս ԲՀԿ-ի»:
Ըստ Հմայակ Հովհաննիսյանի, ՀԱԿ-ը թուլացավ հենց այն ժամանակ, երբ սկսեց մեսիջներ ուղարկել ԲՀԿ-ին. «Այսպես է, չէ՞, եթե մտնում ես ջուրը թրջվելուց չվախենալով՝ չես կարող հետ նահանջել: Ստիպված ես գնալ այդ նույն ճանապարհով, որովհետեւ հետ նահանջելը նշանակում է, որ դու քո քաղաքական հաշվարկներում հաջողելու ունակություն չունես, իսկ դա ամենավատն է: Այսինքն՝ եթե հայտնվում ես մի ակոսում, եւ ինքը՝ այդ ակոսը քեզ տանում է արդեն որոշակի ուղղությամբ, ստիպված ես գնալ այդ ուղղությամբ: Այսօր Լեւն Տեր-Պետրոսյանն ինքը շատ հնարավորությունը չունի: Նա ինքը իրեն մղել է անկյուն՝ այդ քաղաքագիտական վերլուծություններով, սին հույսերով, որ կարող է ԲՀԿ-ն կանգ առնել իր թեկնածության վրա: Եվ հիմա ասելով, որ գիտեք ինչ, այդ իմ քաղաքագիտական վերլուծությունը, այդ իմ գովեստի խոսքերը Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի հասցեին պայմանավորված էին այն բանով, որ ես միամիտ լինելով հույսեր էի տածում, որ իրենք կպաշտպանեն իմ թեկնածությունը՝ նշանակում է՝ իրականացնել խարակիրի, դառնալ կամիկաձե: Բնականաբար, այդ ճաապարհով չի կարող գնալ: Ուրեմն պետք է դեմքը փրկի՝ կառչելով Վարդան Օսկանյանի ալիբիից՝ ասելով, որ եթե մարդուն հետապնդում են, ինձ էլ են հալածել, այն ժամանակ ինձ պաշտպանել են նաեւ մարդիկ, ովքեր ինձ հետ համաձայն չեն եղել, բայց պաշտպանել են, նույնիսկ՝ Սուրեն Հարությունյանը, ինչի՞ մասին է խոսքը: Ուրեմն ես այս պայմաններում, թեկուզ վերապահումները կան, ուժի մեջ են, բայց պաշտպանում եմ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին: Բայց այսօր կարեւորն այն է, որ այս վիճակից ազատվենք: Կարեւոր է, որպեսզի տեղի ունենա իշխանափոխություն: Դրանով նվազագույն կորուստներով մազապուրծ կլինի այն իրավիճակից, որը ենթադրում է հոգեբանական փախուստ՝ վիրավորող իրավիճակից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև