Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ պատգամավոր. «Այսինքն սա միջո՞ց է բյուջեի գումարները լրացնելու մինչև այդ մարդիկ մահանան»

Հոկտեմբեր 24,2012 22:06

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ  Տիգրան Ուրիխանյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին ներկայացրեց օնկոլոգիական հիվանդություններով տառապող մարդկանցից ստացած նամակ-բողոքը: «Մինչ վերջերս տվյալ հիվանդություններով մարդիկ հնարավորություն ունեին ախտորոշման հիման վրա դիմելու բուժհիմնարկ ու ստանալու բուժում,սպասարկում, դեղորայք՝ մասնավորապես քիմիաթերապիա: 2012-ի սեպտեմբերից այս հիվանդները պարտավոր են հանել կարգ և ընդգրկվել առանձին հատուկ խմբերում՝ որպես անապահով, որպեսզի դրանից հետո նոր կարողանան այդ բուժումը ստանալ»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ խնդիրն առաջացել է համավճարի սկզբունքները փոփոխելուց հետո:
«Երկու-երեք կամ պարզ չէ որքան ամիսներ են անհրաժեշտ որպեսզի քաղցկեղով հիվանդ այդ մարդը գնա ու կարգ հանի, որից հետո բուժում ստանա: Այսինքն սա միջո՞ց է բյուջեի գումարները լրացնելու մինչև այդ մարդիկ մահանան»,- հարցրեց պատգամավորը։
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ի պատասխան ասաց, որ համավճարի սկզբունքը ներդրված է մի քանի տարի, ընդգրկված են բոլոր այն հիվանդները, ովքեր ստանում են շտապ, անհետաձգելի օգնություն: «Խնդիրը կայանում է նրանում, որ համավճարի մեր միակ նպատակն այն է, որ ստվերում գտնվող գումարները մենք կարողանանք բերել օրինական դաշտ: Անցած տարվա ընթացքում միայն համավճարներից շուրջ 800 մլն դրամ գումար մուծվել է պետական բյուջե»,- պարզաբանեց նախարարը` հավելելով. «Ինչ վերաբերում է օնկոլոգիական հիվանդություններ ունեցող անձանց, նշեմ, որ այդ ծրագիրը ևս ներդրվել է, և հարցը վերաբերում է վիրաբուժական միջամտությանը: Խոսքը չի վերաբերում քիմիաթերապիային ու ճառագայթային բժշկությանը: Բացի այդ, հատուկ խմբերում ընդգրկված են նաև սոցիալապես անապահով բոլոր խմբերը և երեխաները, որոնց վրա այս համավճարը չի տարածվում»: Ապա նախարարը նշեց, որ մարդիկ պետպատվերի շրջանակում անգամ կատարում են նաև այլ վճարումներ, որոնք բավականին բարձր չափերի են հասնում. «Մեր նպատակն է, այդ գումարները նաև տվյալ հիվանդների համար դարձնել օրինական: Պետությունը այդ հիվանդների համար հատկացվող գումարի իր չափը պահպանել է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031