Ստացվել էր այնպես, որ շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում Հայաստանի չեմպիոնուհի, միջազգային վարպետ Աննա Հայրապետյանին, որը թեեւ լավ մարզավիճակում էր, «Միկա» ակումբի կազմում գեթ մեկ տուրի մասնակցելու հնարավորություն չէր ընձեռվել: Սակայն նա, ինչպես ինքն ասաց, աշխատում էր գոնե հոգեպես օգնել ընկերուհիներին՝ պահպանել թիմում տիրող լավ մթնոլորտը, համենայն դեպս՝ չխանգարել: Այդուհանդերձ, Աննան անգնահատելի ծառայություն է մատուցել կազմակերպիչներին: Իսկ թե ինչպե՞ս, այսօր մամուլի ասուլիսում լրագրողներին պատմեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը: «Ովքեր ինտերնետով հետեւել են առաջնության ընթացքին, նկատել են, որ առաջին երկու տուրերում խայտառակ հեռարձակում էր: Այդ ժամանակ «Միկայի» տնօրեն, առաջնության գլխավոր մրցավարի տեղակալ Աշոտ Վարդապետյանը հիշել է, որ Աննան նաեւ այդ գործում հրաշալի մասնագետ է: Եվ կազմակերպիչների հետ պայմանավորվելուց հետո Աննան էր, ըստ էության, ապահովում ինտերնետով հեռարձակումը», – պատմեց Գագիկ Հովհաննիսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ