Հոկտեմբերի 23-ից երկօրյա աշխատանքային այցով Սյունիքում է գտնվում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, որն իր այցի առաջին օրը սկսեց Գորիսից: Գորիսում՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ քննարկվեց Հայաստանի եւ հատկապես` Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակները:
Դեսպանի կողմից մարզպետին հանձնվեց Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) Հայաստանի Հանրապետության մասնակցության 20-ամյակին նվիրված եւ շրջանառության մեջ դրված նոր նամականիշերը եւ ԵԱՀԿ կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում տպագրված առաջին մասնագիտացված՝ Սյունիքի մարզի տուրիստական ուղեցույցը: Այցի առաջին օրը դեսպանը այցելեց ԵԱՀԿ աջակցությամբ 2009թ. Գորիսում հիմնադրված «Կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամի գրասենյակ, որտեղ էլ ծանոթացել է կառույցի գործունեությանը:
Իսկ հոկտեմբերի 24-ին պարոն Սորոկինը Կապանի «Օրհուս» կոնտրոնում հանդիպում ունեցավ Կապանի հ/կ ներկայացուցիչների ու լրագրողների հետ, տեղում լսեց կազմակերպությունների բարձրացված խնդիրները, հուզող հարցերը եւ խոստացավ հնարավորության դեպքում աջակցել եւ միասնական ջանքերով լուծում տալ դրանց: Տեղում բարձրացված հիմնախնդիրները վերաբերում էին էկոլոգիային, առողջապահությանը, գյուղատնտեսությանը եւ այլն:
«Խուստուփ» բնապահպանական հ/կ նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը նշեց, որ բազմաթիվ ծրագրեր կան այդ ազդեցությունը մեղմացնելու համար, սակայն համապատասխան ֆինանսավորում չլինելու պատճառով հնարավոր չի լինում դրանք ի կատար ածել: Մասնավորապես` քաղաքի շուրջ «կանաչ գոտի» հիմնելու ծրագիրը, որը մեկնարկել էր դեռեւս Խորհրդային միության տարիներին եւ վերջինիս փլուզումից հետո այն կիսատ մնաց, իսկ այսօր դրա առկայությունը խիստ անհրաժեշտ է:
Կարդացեք նաև
Դեսպանը կարեւոր համարեց տարածաշրջանի համար էկոլոգիական խնդիրների լուծումը եւ նշեց, որ Կապան այցելելիս տխուր պատկերի ականատես եղավ, երբ Արծվանիկի պոչամբարը նկատեց ճանապարհի եզրից: «Էկոլոգիական հարցերը գլոբալ հարցեր են, եւ կարեւոր նշանակություն ունեցող այդ լուրջ հարցերը կարող ենք միասին քննարկել եւ փորձել լուծման ուղիներ գտնել դրանց համար», – նշեց դեսպանը:
«Կապանի փոքր ֆերմերների ասոցիացիա» հ/կ նախագահ Արմինե Հակոբյանը ներկայացրեց ֆինանսավորման համար ԵԱՀԿ-ին ներկայացրած ծրագիրը, որը կայուն գյուղատնտեսության զարգացմանն է միտված եւ նպատակ ունի ժամանակակից մեթոդներով, հողի բարելավման շնորհիվ զարգացնել էկոլոգիապես անվնաս գյուղմթերքների արտադրությունը:
«Մենք նպատակ ունենք զարգացնել անվնաս գյուղատնտեսություն` էկոլոգիական առումով, քանի որ ներկայումս, հանքերի առակայության պայմաններում, հնարավոր չէ արտադրել օրգանական մթերք: Բայց կարելի է հողը բարելավել, բնական կենսահումուսով եւ այլ տարբերակներով, հաջողված փորձի պարագայում այն կիրառել ամբողջ տարածաշրջանում, կարծում եմ՝ սա շատ կարեւոր է, քանի որ այսօր որակյալ սննդի խնդիր կա: Բացի այդ, այսօր մեզ մոտ առողջապահության հետ կապված լուրջ խնդիրներ կան: Բավականին շատացել են ուռուցքային հիվանդությունները բոլոր տարիքային խմբերում, բայց այսօր չկա առողջապահական մի հասարակական կազմակերպություն, որ կարող է լուրջ հետազոտություն իրականացնել այդ ուղղությամբ, պատկերը, իրոք, մտահոգիչ է, դա կարող է կապված լինել էկոլոգիայի, սննդի, միգուցե նաեւ ջրի հետ», – հավելեց տիկին Հակոբյանը:
Դեսպանը նաեւ խոսեց հայ-ադրբեջանական հարաբերություններից, այն ատելությունը, որը հիմնականում նկատելիորեն քարոզվում է ադրբեջանական կողմից, անթույլատրելի համարեց նաեւ Ռամիլ Սաֆարովի հետ կապված վերջին զարգացումները:
Հանդիպումից հետո Անդրեյ Սորոկինը ԵԱՀԿ բարեգործական ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերին հանձնեց բժշկական սարքավորումներ:
Սա դեսպանի առաջին այցն էր Սյունիք:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ