Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀայՌուսգազարդը» վաճառվե՞լ է 63 մլրդ-ով

Հոկտեմբեր 24,2012 18:14

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մի քանի հարցեր ուղղեց՝ կապված Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի հետ: «Մեզ հասած տեղեկությունների համաձայն, վերջերս կառավարության նիստում որոշում է ընդունվել Ռուսաստանից գազամատակարարումների դիմաց Հայաստանի կողմից վճարումների մասին: Համաձայն դրա, արդեն տեւական ժամանակ է, ինչ Ռուսաստանը բարձրացրել է գազի գինը՝ հասցնելով այն $240-ի՝ 1 խմ –ի համար: Հայաստանը այդ նույն ժամանակահատվածում ստացված գազի համար վճարել է $180: Տարբերությունը փակելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ չվճարված գումարի փոխարեն Հայաստանը կվճարի բաժնետոմսերով»,- ասաց պարոն Զուրաբյանը, հավելելով, որ կառավարության նշյալ նիստում «ՀայՌուսգազարդի» Հայաստանի բաժնեմասը, որը ընդհանուր սեփականության 20%-ն է, վաճառել են Ռուսաստանին 63 մլրդ դրամով:

Զուրաբյանը նաեւ նշեց, որ գնային այդ տարբերությունը սույն գործարքով ծածկել է մինչեւ 2013թ. ապրիլի 1-ը: Իսկ այդ ժամանակաշրջանից սկսած՝ Հայաստանը պետք է գազի 1 խմ-ի համար $240 վճարի:

Հարցին արձագանքեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ով նկատեց, որ արդեն տեւական ժամանակ է, որ բանակցություններ են ընթանում «Գազպրոմ» ընկերության հետ՝ գազի գնի վերաբերյալ: Բանակցությունները շարունակվում են եւ նախարարը այդ մասին էական ոչինչ ասել չի կարող: Նա հավաստիացրեց, որ վերջնական որոշում կընդունվի հանրությանը եւ պատգամավորներին տեղյակ պահելուց հետո:

Լեւոն Զուրաբյանն էլ իր հերթին անդրադարձեց, թե այս գործարքը հանրությունից թաքցվում է, քանի որ առջեւում նախագահական ընտրություններ են եւ կառավարությունը չի ցանկանում , որ սոցիալական ընդվզման ալիքը խանգարի Սերժ Սարգսյանի ընտրարշավին: Արմեն Մովսիսյանը չհամաձայնեց այդ դիտարկմանը, հավելելով, որ իրենք հանրությունից թաքցնելու ոչինչ չունեն. բանակցությունները ընթացքի մեջ են եւ դրանց ավարտին  հանրությանը  տեղեկություններ կտրամադրվեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031