Լրահոս
Օրվա լրահոսը

Տ. Եգորյան. «Տեղի ունեցածը պայմանավորում եմ այն հանգամանքով, որ մենք «Հարսնաքար»-ի գործով ներգրավված ենք»

Հոկտեմբեր 24,2012 17:43

«Հարսնաքար»-ի գործով տուժող կողմի շահերի պաշտպան Լուսինե Հակոբյանը երեկ բացատրություն է տվել ոստիկանության Ներքին անվտանգության ծառայությունում: Բացատրությունը կապված էր  հոկտեմբերի 8-ին Քննչական գլխավոր վարչությունում տեղի ունեցած միջադեպի հետ:

Խնդիրն այն է, որ հոկտեմբերի 8-ին, երբ «Հարսնաքար»-ի գործով տուժող կողմի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանը Հատուկ կարեւորագույն գործերով քննության վարչություն է ներկայացել մի քրեական գործով իրենց վստահորդ, վկա Շահնազարյանի հարցաքննության կապակցությամբ, քննիչ Ռուբեն Վարդանյանը խոչընդոտել է Տ. Եգորյանին, որ նա մասնակցի հարցաքննությանը: Մինչև անգամ նրան դուրս է հրավիրել իր աշխատասենյակից: Տ. Եգորյանն առարկել է, իսկ քննիչը ֆիզիկական ուժ է գործադրել փաստաբանի նկատմամբ ու նրան հրելով դուրս հանել իր աշխատասենյակից: Ուստի փաստաբաններ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված բողոքի մեջ խնդրել են, որ Հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործ հարուցվի պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև փաստաբանի գործունեությանը խոչընդոտելու համար:

Aravot.am-ը կատարվածի առիթով որոշ պարզաբանումներ ստացավ Տ. Եգորյանից: Հետաքրքրվեցինք՝ փաստաբանը կատարվածին ի՞նչ գնահատական կտա: Նա պատասխանեց. «Տեղի ունեցածը պայմանավորում եմ այն հանգամանքով, որ մենք «Հարսնաքար»-ի գործով ներգրավված ենք՝ որպես տուժող կողմի շահերի պաշտպաններ։ Իմ այս  պնդման վառ ապացույցը ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ առկա անդրադարձն է «Հարսնաքար»-ի գործին»:

Իսկ ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրության մեջ գրված է. «Հարսնաքար»-ի գործի շրջանակներում Տիգրան Եգորյանն ու Լուսինե Հակոբյանը առաջին անգամը չեն անհիմն ու անփաստարկ հայտարարություններով թյուրիմացության մեջ գցում հասարակությանը»:

Մեր հարցին՝ արդյոք կարելի՞ է այնպիսի ենթատեքստ տեսնել, որ նման իրավիճակ և քաշքշուկներ ստեղծվում են, որպեսզի խոչընդոտեն փաստաբաններին զբաղվել «Հարսնաքար»-ի գործով, Տ.Եգորյանն այսպես պատասխանեց. «Հնարավոր է նաև այդպիսի նպատակ ունենան: Չեմ կարող հստակ ասել: Բայց, իհարկե, այդ անիմաստություններով լրացուցիչ զբաղվելը անիմաստ ժամանակ է խլում և ոչ մի կերպ չի նպաստում արդարադատության արդյունավետության շահերից: Իսկ ինչ վերաբերում է հասարակությանը թյուրիմացության մեջ գցելուն և ապատեղեկատվություն հաղորդելուն, ապա այդ ամենը հետևողականորեն իրականացվում է հենց այդ ոստիկանության պարզաբանումներով, փոխանակ զբաղվեն իրենց անմիջական պարտականություններով: Սակայն մենք չենք զլանա, ինչպես նաև կրկին կհայտարարենք, կարող ենք հիշեցնել յուրաքանչյուր պաշտոնատար անձի իր անձնական պատասխանատվության մասին,  պաշտոնավարման ընթացքում կատարված գործողությունների և կայացվող որոշումների վերաբերյալ: Երբևէ մենք չենք հոգնի ու չենք դադարի այդ անձնական պատասխանատվության կապակցությամբ վարույթներ և բողոքներ հարուցել»: Տեղեկացնենք, որ Տիգրան Եգորյանի նկատմամբ հարուցված է վարույթ: Մեզ հետ զրույցում փաստաբանը բարձրացրեց քննիչի նկատմամբ հարուցված ծառայական քննության իրականացման նկատմամբ վերահսկողություն սահմանելու խնդիրը, որպեսզի պարզ լինի, թե Ներքին անվտանգության ծառայությունում ինչ որոշում կկայացնեն, դա կլինի օբյեկտի՞վ, թե՞ ոչ, արդյոք բազմակողմանի՞ քննություն է իրականացվում և այլն:

Փաստաբանները կատարվածի առիթով դիմել են ՀՀ գլխավոր դատախազության քննչական գլխավոր վարչության պետին, ՀՀ ոտիկանապետին, ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031