Հոկտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց պոլսահայ գրող, հրապարակախոս, «Մարմարա» քաղաքական, հասարակական օրաթերթի գլխավոր խմբագիր, բազմաթիվ մրցանակների, այդ թվում` 2011թ. Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի արժանացած Ռոպէր Հատտէճեանին:
Մեծապես գնահատելով վաստակաշատ խմբագրապետի` ավելի քան չորս տասնամյակ Սփյուռքի ամենահին համայնքներից մեկում` Պոլսում օրաթերթը պահելու եւ նորանոր բարձունքների հասցնելու ջանքերը` գերատեսչության ղեկավարը նշեց, որ միայն նման անհատականությունների շնորհիվ է համայնքը ապրում եւ պահպանում իր հայեցի դիմագիծը:
Շնորհավորելով պարոն Հատտէճեանին լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի շրջանակներում սփյուռքյան լրատվամիջոցների մրցանակաբաշխությանը գլխավոր մրցանակին արժանանալու առթիվ` տիկին Հակոբյանն ընդգծեց, որ «Մարմարա»-ն հիմնադրման օրվանից իր վրա է վերցրել համայնքում մայրենի լեզվի, հայ մշակույթի պահպանման դժվարին գործը:
1967 թվականից ամբողջությամբ ստանձնելով օրաթերթը ղեկավարելու պատասխանատվությունը` պարոն Հատտէճեանն աննախադեպ բարձունքների է հասցրել Պոլսում հայ գրական կյանքի կազմակերպման, զարգացման եւ օրաթերթի միջոցով նաեւ Հայրենիքում եւ Սփյուռքի այլ համայնքներում հասանելի դարձնելու գործը:
«ՀՀ սփյուռքի նախարարության հիմնադրման առաջին իսկ օրերից «Մարմարա»-ն մեր կողքին է, ամենայն հոգատարությամբ անդրադառնում է գերատեսչության կողմից իրականացվող բոլոր հայանպաստ ծրագրերին, – նշեց ՀՀ սփյուռքի նախարարը` հավելելով, – մենք շատ ենք սիրում Ձեզ եւ պատրաստ ենք աջակցել` գործունեության ընթացքում առաջացած բոլոր դժվարություններին լուծումներ տալու գործում»:
Շնորհակալություն հայտնելով գերատեսչության ղեկավարին ջերմ ընդունելության եւ համայնքի հանդեպ ունեցած մշտառկա հոգատարության համար` պարոն Հատտէճեանը նշեց, որ դա է Սփյուռքում համայնքների պահպանման իրական եւ մեծ ազդակը:
Տիկին Հակոբյանի այն խոսքին, թե «Մարմարա»-ի ամենակարեւոր առավելությունը տեղական հորդորներին տեղիք չտալը եւ միայն հայերեն լեզվով թերթի հրապարակումն է, խմբագրապետը հավաստիացրեց. «Ես իմ գրականութենէս ո’չ որակով կը հպարտանամ, ո’չ ալ քանակով, այլ միայն` լեզուով»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ