Լրահոս
Օրվա լրահոսը

Դավութօղլուն հակադարձում է իր ռուս գործընկերոջը

Հոկտեմբեր 24,2012 17:07

Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում, 25-ը հունվարի, 2012թ.

Սիրիական ճգնաժամը շարունակում է խորացնել պաշտոնական Մոսկվայի եւ Անկարայի հարաբերություններում առկա առանց այդ էլ լուրջ տարաձայնությունները:

Դրանց հիմնական պատճառը կրկին Մոսկվա – Դամասկոս չվերթի հետ հոկտեմբերի 10-ին  տեղի ունեցած միջադեպն է, երբ թուրքական իշխանությունները ստիպեցին «Սիրիական ավիաուղիներ»-ին պատկանող A-320 օդանավին վայրէջք կատարել Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում` հատուկ զննման նպատակով:

Երեքշաբթի օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղուն մեկ անգամ եւս անդրադարձավ միջադեպին` BUGUN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վերահաստատելով նախկինում հնչեցված այն հայտարարությունը, թե թուրք իրավապահները բացառապես ռազմական բեռներ են առգրավել:

«Ռազմական նշանակության սարքավորումները սկզբում բեռնվում են քաղաքացիական օդանավի մեջ, ապա դրանք փորձում են տեղափոխել Սիրիա մեր օդային տարածքով` հույս ունենալով, թե դա թուրքական կողմի համար աննկատ կանցնի, եւ որ մեզ հնարավոր է խաբել», – նշել է Դավութօղուն:

Hurriyet-ի մեկնաբանը պնդում է, որ Դավութօղլուի այս կտրուկ հայտարարությունը պատասխան էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, որը մի քանի օր առաջ ասել էր. – «Դա օրինական բեռ էր` օրինական հիմունքներով տեղափոխվող: Թուրքերը, իմ պատկերացմամբ, իրենց քայլը պատճառաբանում էին Չիկագոյի կոնվենցիայի դրույթներով, եւ նրանք դրա իրավունքն ունեին: Այժմ, սակայն, փոխադրվող բեռի սեփականատերը ցանկանում է այն հետ ստանալ: Բացի այդ, Մոսկվան ցանկանում է լսել թուրքական կողմի գնահատականը տեղի ունեցածին` եւ որքան հնարավոր է շուտ»:

Ահմեթ Դավութօղլուն, սակայն, երեկվա իր հարցազրույցում թափանցիկ կերպով ակնարկեց, որ A-320-ով տեղափոխվող բեռը սեփականատերը հազիվ թե երբեւիցե տեսնի:

«Մենք առգրավված այդ բեռների հետ կանենք այն, ինչ ճիշտ ենք համարում, եւ այն, ինչ պահանջում են միջազգային կանոնները: Դրանից հետո մենք ամեն ինչ կբացատրենք մեր բարեկամներին», – հայտարարեց Թուրքիայի արտգործնախարարը:

Գեւորգ Ստամբոլցյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031