Այսօր Aravot.am –ի հետ զրույցում Գյումրու անօթևանների ու սոցիալապես անապահովների հարցերով զբաղվող «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը, անդրադառնալով կառավարության` նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելու, այսինքն` 35000 դրամ սարքելու առաջարկին, այսպիսի կարծիք հայտնեց. «2500 դրամը ի՞նչ մի գումար է, որ էդպիսի աղմուկ են բարձրացնում, մի բան էլ ֆինանսների նախարարը Ազգային ժողովում ժամերով բացատրություն ու կարծիք է հնչեցնում: Դա պիտի սուսուփուս անեին, ավելին ամեն շաբաթ պետք է աշխատավարձը այդքանով բարձրացնեին: Եթե անկեղծ խոսեմ, 2500 դրամով տաքսի անգամ չես կարող նստել, գյումրեցին հազիվ թե կարողանա տաքսի վարձել ու իր դոմիկից հասնել Մուշ 2 նորակառույց թաղամաս, որտեղ, ասենք տուն է ստացել ու հազար հարց կա կարգավորելու: Իսկ այդ բարձրացումը հաստատ գյումրեցուն չի վերաբերում: Գյումրիի կեսից ավելին` 20 հազար մարդ կամ 5-6 հազար ընտանիք գործազուրկ են` նպաստի ու հաշմանդամության թոշակի հույսին: Եթե անգամ նվազագույն աշխատավարձը 25 հազարով բարձրացնեն, մեկ է այս մարդիկ ընդհանրապես այդ նորությունից խաբար չէին լինի:
2500 դրամից խոսելու փոխարեն, հերիք եղավ, թող մի քանի աշխատատեղեր ստեղծեն, Գյումրին փրկեն համատարած աղքատությունից: Իսկ թե ինչի՞ վրա կարող են ծախսել 2500 դրամը, ուղիղ 25 օր կարկանդակ կարող են գնել, մեկ հատը 100 դրամ է, եթե շաբաթ -կիրակին հանենք, 3-4 հոգանոց ընտանիքը կարող է ամեն օր մեկ կարկանդակ ուտել, էլի առաջխաղացում է , որ կառավարությունը բնակիչներին քաղցրավենիք է կամենում»:
Մեր զրուցակցի կարծիքով, Հայաստանում սոցիալական ուղղվածություն ունեցող օրենքներից առաջին հերթին օգտվում են երկրի մեծահարուստները, ըստ նրա, այս օրենքից կշահեն այն գործատուները, ովքեր «լեւի» հաստիքներ են պահում: «Նրանք պիտի ամենաշատն ուրախանան, ու ողջունեն այս օրինագիծը. եթե գործատուն 10 «լեւի» հաստիք է պահում, ենթադրենք դրա դիմաց պետությունից ամսական գողանալով 320 հազար դրամ, հիմա 350 հազար կգողանա, արդեն իր գողացածին կավելանա ևս 2500 դրամ: Իսկ նրանք, ովքեր քիչ թե շատ ցույց էին տալիս իրենց հաստիքացուցակը, ստիպված կլինեն ավելացնել ստվերային աշխատողների քանակը:
Կարդացեք նաև
Իմ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ցանկացած սոցիալական ուղղվածության օրենք նպատակաուղղված է երկրի մեծահարուստների հարցերը լուծելուն: Վերցնենք «Ապօրինի շինությունների օրինականացման մասին օրենքը». օրինականացնում են այն շինությունները, որոնք քարաշեն են, պարսպապատ են և այլն, աղքատի շինությունը կարո՞ղ է այդպիսին լինել, ստացվեց, որ շտապ օրենք է պետք և այն գրվեց ու գործարկվեց իրենց կարիքները հոգալու համար: Կամ, որ խրախուսում են ծնելիությունը, 3, 4, 5 երեխա ունենալու դեպքում գումարներ են ավելացնում, գոնե մի անգամ շրջեին ու հասկանային , թե ի՞նչ են անում: Մարդիկ էնքան պարտքեր ունեն, որ ստիպված երեխա են ունենում, որ դրանք փակեն, բայց արդյունքում մեկը մյուսի հետևից ավելացնում ենք թափառաշրջիկ ու աղքատ երեխաների թիվը: Իրենք ժողովրդից կտրված են, միայն բյուջեի թղթերով են աշխատում, իրենց շոուներով ու հիմար որոշումներով երկիրը վատ երևույթների առջև են կանգնեցնում: Էսպես որ շարունակվի` առանց հասարակական ռեակցիան հաշվի առնելու որոշումներ կայացնեն, կարող են Հայաստանը կառավարել նաև Մարսից, ի՞նչ է եղել որ»,- զայրացավ Վահան Թումասյանը, որը գրեթե ամեն օր Գյումրիի աղքատ թաղամասերն է շրջում, ծայրահեղ վատ վիճակում գտնվող ընտանիքների մասին տեսանյութեր պատրաստելով` փորձում է բարերարներ գտնել ու նրանց փրկել սովի, մահվան ճիրաններից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ