Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ Էյլաթում «Միկա» շախմատային ակումբի տղաները չմասնակցեցին, ակումբի տնօրեն Աշոտ Վարդապետյանը, որը նաեւ Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարի տեղակալն էր, պատասխանեց. «Պատճառները մի քանիսն էին: Այս տարի ակումբի ֆինանսական հնարավորությունները թույլ չտվեցին: Բայց այս խնդիրը միայն մերը չէր: Նկատած պիտի լինեք, որ Էյլաթում ընդհանրապես մասնակից թիմերը քիչ էին: Երկրորդ հանգամանքն այն էր, որ մեր տղաները համաշխարհային օլիմպիադայում մեծ էներգիա էին վատնել եւ դեռ չեն հասցրել լիովին վերականգնվել: Օրինակը Լեւոն Արոնյանի, Գաբրիել Սարգսյանի, Սերգեյ Մովսիսյանի մրցելույթներն են օլիմպիադայից հետո, որտեղ նրանք լավագույն մարզավիճակում չէին: Այնպես որ, մեծ ծախսեր անելով թիմ գործուղել, որը կարող է լավ հանդես չգար, երեւի իմաստ չուներ: Բայց շարունակելով ձեր հարցի թեման, որպես նաեւ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ, ասեմ, որ ֆեդերացիան հանրապետությունում շախմատային ակումբներ ստեղծելու եւ զարգացնելու ուղղությամբ բավականին աշխատանք ունի անելու: Սակայն դա միայն ֆեդերացիայի հետ կապված չէ: Պիտի լինեն կազմակերպություններ` մարզական եւ ոչ մարզական, անհատներ, որոնք նպատակ ունենան ուժեղ ակումբներ ստեղծել եւ մասնակցել եվրոպական մրցաշարերին: Դրա վառ օրինակն էլ մեր հարեւան երկիրն է ցույց տալիս: Ադրբեջանի SOCAR-ը, որ շախմատի հետ ոչ մի կապ չունի` բիզնես կազմակերպություն է, հրավիրելով ուժեղագույն գրոսմայստերների, հզոր ակումբային թիմ է ստեղծել, որի առջեւ դրված է միայն հաղթելու առաջադրանք: Հայաստանում չկան կազմակերպություններ եւ անհատներ, որոնք ցանկանան գումարներ ներդնել եւ ուժեղ ակումբներ ստեղծել: Եվ հենց այնպես չէ, որ վերջին երեք տարիներին Հայաստանում ակումբային առաջնություններ չեն անցկացվում, որովհետեւ, «Միկայից» բացի, ուրիշ հավակնորդ չկա: Եվ եթե «Միկայի» հիմնադիր եւ հովանավոր Միխայիլ Բաղդասարովն էլ չլինի, այս ակումբն էլ չենք ունենա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ